
Խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի․ դեսպան Բրաունբեք

Միջազգային կրոնական ազատությունների հարցերով ԱՄՆ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված չհրահրված հարձակումը։ Նա այս մասին գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
«Ես խստագույնս դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ հայ քրիստոնյաների դեմ այս չհրահրված հարձակումը։ Սա սխալ է։ Դա հարձակում է խաղաղ բնակչության վրա, և այն պետք է անհապաղ դադարեցվի», – գրել է նա։
Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: ԼՂ ՊԲ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է առաջանալ Լեռնային Ղարաբաղի ՊԲ պաշտպանության խորքը։ Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: