Սեփական բնօրրանում հայերի էթնիկ զտման ռիսկն ակնհայտ է․ իսպանացի պատգամավորը ԼՂ դեմ Ադրբեջանի հարձակման մասին

Հայերի էթնիկ զտման և բնաջնջման ռիսկն իրենց պատմական հողերում՝ Լեռնային Ղարաբաղում, ակնհայտ է։ Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրառում է կատարել իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ձեռնարկած նոր ռազմական գործողություններին։ Նա նաև մեղադրել է միջազգային հանրությանը կատարվածին բավարար ուշադրություն չցուցաբերելու մեջ։

«Ադրբեջանը կրկին հարձակում է գործում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ ժողովրդի դեմ։ Սեփական բնօրրանում հայերի էթնիկ զտման և բնաջնջման ռիսկն ակնհայտ է, մինչդեռ միջազգային հանրությունն այլ կողմ է նայում»,- նշել է իսպանացի պատգամավորը՝ տարածելով տեսանյութ, որտեղ օդային տագնապ է միանում Ստեփանակերտի մոտակայքում ադրբեջանական հրետակոծման հետևանքով։

Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրեց, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, իսկ արդեն 13։20-ի սահմաններում սկսեցին տարբեր բնակիչներից տեղեկություններ ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ փաստացի հաստատելով ռազմական գործողությունների փաստը՝ իբր «հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու» կեղծ պատրվակով։

«Արմենպրես»-ի թղթակիցը Ստեփանակերտից հայտնում է, որ մայրաքաղաքն ակտիվ հրետակոծվում է։ Արցախի տարածքում խափանումներով են աշխատում բջջային և ինտերնետ կապերը։

«Արմենպրես»-ը փորձում է ստացվող տեղեկությունները ճշտել պաշտոնական աղբյուրներից, սակայն առայժմ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական աղբյուրները որևէ հաղորդագրություն չեն տարածել։

Տեսանյութեր

Լրահոս