
Լեհաստանը հատուկ միգրացիոն բանաձև կընդունի՝ ի պատասխան միգրանտների բաշխման ԵՄ-ի ծրագրերի

Լեհաստանի իշխանությունները հատուկ միգրացիոն բանաձև կընդունեն՝ ի պատասխան միգրանտների բաշխման հետ կապված Եվրամիության ծրագրերի։ Ինչպես տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից, այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին նախընտրական նոր տեսանյութում։
«Լեհաստանի կառավարությունը հատուկ բանաձև կընդունի ԵՄ-ի միգրացիոն ծրագրի վերաբերյալ, որում մենք մեր մերժումը կհայտնենք անօրինական միգրացիայի վերաբերյալ: Մենք պետք է դա անենք, քանի որ Եվրահանձնաժողովի ղեկավարը Լամպեդուզա կատարած իր այցից հետո հայտարարել է Եվրոպայի համար ևս մեկ աղետալի ծրագրի մասին», – հայտարարել է վարչապետը։
ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հանդես գալով Լամպեդուզայում կայացած մամուլի ասուլիսում, ներկայացրել է 10 կետից բաղկացած ծրագիր միգրացիոն հարցում Իտալիային աջակցելու համար։ Դրա մեջ մտել է օգնությունն անօրինական միգրանտներին Իտալիայի տարածքից դուրս տեղափոխելու հարցում՝ եվրոպական երկրներին համերաշխության կոչ անելով: Նաև Եվրահանձնաժողովն առաջարկում է ուժեղացնել համատեղ պայքարն անօրինական ներգաղթյալների փոխադրողների դեմ՝ դիմելով նրանց նավակների և նավերի ոչնչացմանը։