«Իրանի միանալը բանակցություններին կարող է երաշխիք լինել, որ սահմանների փոփոխություն չլինի». Փույա Հոսսեյինի
Այն, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, մեծ մրցակցություն է։ Բոլոր կողմերը փորձում են իրենց դիրքերն ամրացնել տարածաշրջանում։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյինին՝ անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական, քաղաքական գործընթացներին և տարածաշրջանում սպասվող փոփոխությունների ընդհանուր պատկերին։
Այս համատեքստում մեր զրուցակիցը թվարկեց վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները։ Նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքի կուտակումները և Իրանի արտգործնախարարի մեսիջն ուղղված Թուրքիայի իր գործընկերոջը, որ Իրանը երբևէ չի հանդուրժի տարածաշրջանում գեոպոլիտիկ կամ սահմանի որևէ փոփոխություն։ Նաև այս ամենին հաջորդած իրանական զինված ուժերի մի խմբի այցին Բաքու, որի շրջանակներում թեմատիկ քննարկումներ են եղել։ Թեպետ պաշտոնական հաղորդագրություններում նշվել էր, որ այդ քննարկումները վերաբերում են երկու երկրների ռազմական համագործակցությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական զորքը կուտակված է Հայաստանի սահմաններին, ըստ Փ. Հոսսեյինի՝ արդեն հասկանալի է, թե քննարկված ամենակարևոր թեման որն է եղել։
«Նման աշխուժությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում վիճակն իսկապես լուրջ է եղել, և Իրան-Հայաստան, Իրան-Թուրքիա, Իրան-Ադրբեջան ռազմաքաղաքական ղեկավարների կողմից եղած քննարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը կամ Թուրքիան ցանկանում էին ինչ-որ հարձակում կատարել Հայաստանի վրա, և Իրանը փորձեց չեզոքացնել այդ նկրտումներն ու հարձակումը»,- շեշտեց Փույա Հոսսեյինին։
Մեկնաբանելով Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը, որ «Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ», Փ. Հոսսեյինին նկատեց՝ այս մեսիջը միանշանակ ուղղված էր Ադրբեջանին և ալյանսին՝ Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել, և նրանց հետևում կանգնած ուժերին։
«Իրանը նման մեծ վտանգ է տեսնում, որովհետև ժամանակ առ ժամանակ այս ուժերը փորձում են իրակագործել այդ ծրագիրը, չհրաժարվելով «Զանգեզուրի միջանցք» բացելու նպատակից։ Նրանք հարմար պահի են սպասում այդ գաղափարն իրագործելու համար, Իրանն էլ, երբ այդ սադրանքի ռիսկը մեծանում է, ակտիվանում է և որոշակի գործունեություն է իրականացնում։
Իրանը բազմիցս նշել է, որ «Զանգեզուրի միջանցքն» իր համար «կարմիր գիծ» է։ Էրդողանն իր հայտնի հարցազրույցում ասում էր՝ Իրանը խոչընդոտում է այդ միջանցքի բացմանը, սա շատ հստակ խոսք էր, որը ցույց է տալիս, որ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խանգարող ամենամեծ ուժն Իրանն է։ Ադրբեջանը փորձեց Իրանին համոզել, որ այդ միջանցքը Իրանին էլ է պետք, և մենք կարող ենք պարզ հասկանալ, որ Թուրքիայի արտգործնախարարի երկու օր առաջ տեղի ունեցած այցն Իրան դրա համար էր, որպեսզի Իրանին համոզեին միջանցքի դեմ որևէ քայլ չանել, սակայն Իրանը հստակ ցույց տվեց իր դիրքորոշումը»,- հավելեց մեր զրուցակիցը։
Նրա դիտարկմամբ՝ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար կյանքի և մահու խնդիր է։ Եթե Թուրքիան ու Ադրբեջանը հասնեն իրենց այդ նպատակին, ապա Իրանի գեոպոլիտիկ նշանակությունը տարածաշրջանում նվազելու է, վտանգվում է նրա անվտանգությունն ու շահը։
Հայ-իրանական և իրանա-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից պատասխանելով հարցին՝ թե իրանա-ադրբեջանական հարաբերությունները որևէ կերպ կամ որևէ կետում հակադրվո՞ւմ են հայ-իրանական հարաբերություններին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Իրանի հարաբերություններն Ադրբեջանի հետ չեն կարող համեմատվել հայ-իրանական հարաբերությունների հետ։
«Իրանն ու Ադրբեջանն ունեն հիմնական խնդիրներ, և մինչև այդ խնդիրները չլուծվեն, երկու երկրների հարաբերությունները նորմալ վիճակում չեն կարող լինել։
Իրանի և Հայաստանի մեջ հարաբերություններն ավելի նորմալ վիճակում են, բայց վերջերս մենք տեսնում ենք ՀՀ տարածքում երրորդ ուժերի ներկայությունը։ Իրանը մտահոգություններ ունի այդ ուժերի նպատակների վերաբերյալ, քանի որ Իրանը մտածում է, որ նման ուժերի ներկայությունը կարող է իր դեմ լինել։
Արցախի պատերազմից հետո մենք տեսել ենք, որ գերտերությունների ներկայությունը եկել է մեր տարածաշրջան, իհարկե, Հայաստանը կարող է բոլոր կողմերի հետ համագործակցել, սակայն չգնա գերտերությունների հետ խորը հակասությունների ու մրցակցությունների։ Պետք է հավասարակշիռ խաղաղություն պահպանի բոլոր կողմերի հետ, բայց ոչ այն աստիճանի, որ արդեն մրցակցությունը և հակասությունները մեծանան, որովհետև դա Հայաստանի համար վտանգավոր է։
Իրան-Հայաստան հարաբերություններն իրենց հունով զարգանում են, սակայն կան երրորդ կողմեր՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական առումով, ազդում են։ Եթե Հայաստանն ու Իրանն անկախ իրար հետ համագործակցեն, ապա ավելի լավ կզարգանան այդ հարաբերությունները»,- շեշտեց Փույա Հոսսեյինին։
Խոսելով Թուրքիայի նախագահի հայտարարությունից՝ Արցախի հարցով քառակողմ՝Ռուսաստան-Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հանդիպման մասին և մտահոգություններից, որ հնարավոր է՝ այդ ճանապարհով Թուրքիան ցանկանում է Իրանին դուրս թողնել տարածաշրջանային գործընթացներից, մեր զրուցակիցն ասաց, որ այսօր Հայաստանը բանակցությունները վարում է Արևմուտքի կամ Ռուսաստանի միջնորդությամբ, սակայն Իրանը որևէ ձևաչափով ներկա չէ այդ բանակցություններին։
«Իրանը փորձում է Հայաստանի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանել և, եթե միանա այդ բանակցություններին, ամեն ինչ կանի, որ Հայաստանի կողմից զիջումները քիչ լինեն՝ ամուր թիկունք կլինի Հայաստանին բանակցային գործընթացում։ Իրանի կողմից «3+3» ձևաչափով բանակցությունները դրա համար էին, որպեսզի Իրանը ներկա լինի բանակցային գործընթացներին, կարողանա ազդել Իրանի ու Հայաստանի անվտանգությանը սպառնացող գործընթացների վրա։ Միայն Իրանի միանալը բանակցություններին կարող է երաշխիք լինել, որպեսզի սահմանների որևէ փոփոխություն տեղի չունենա։
Թուրքիան ցանկանում է իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում և Իրանին դուրս մղել, սա Իրանի ու Թուրքիայի միջև մրցակցություն է։ Իրանն ամեն ինչ կանի այդ ամենը թույլ չտալու համար, քանի որ դա վտանգավոր է նաև Հայաստանի համար։ Թուրքիայի ներկայությունը բանակցություններում ցույց է տալիս, որ միայն ճնշումն է մեծանում Հայաստանի վրա»,- եզրափակեց Փույա Հոսսեյինին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում