Երբ Փաշինյանն այդ հայտարարությունն արեց՝ ամբողջ ազգը պետք է ոտքի կանգներ. Աննա Մայիլյան
Ինձ մտահոգող ամենագլխավոր խնդիրն այսօր իմ երկրի անպաշտպան լինելն է, բնականաբար, նաև Արցախի վիճակը։ Իմ երկրում կատարվող թե՛ քաղաքական, թե՛ մշակութային խառնիճաղանջ վիճակը, դրանից այն կողմ մնացած բոլոր խնդիրները մանր են թվում։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Մայիլյանը՝ խոսելով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակի և խնդրի շուրջ առկա մտահոգությունների մասին։
Նրա կարծիքով՝ մտահոգությունները կապված են նաև գիտության, մշակույթի ներկայիս վիճակի հետ, քանի որ դրանք երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն։
«Իմ արմատները հայրական կողմից Արցախից են, ինձ համար շատ հարազատ ու պատմական հայոց վայր է Արցախը։ Ճիշտ է, շատ հաճախ չէի կարողանում այցելել, բայց որքան էլ այցելում էի, ուժ էի ստանում այնտեղից, մտածելով Արցախի մասին, բնականաբար, ուժ եմ ստանում։ Այս ստեղծված իրավիճակը նորմալ հայ մարդու պետք է մտահոգի»,- նշեց Աննա Մայիլյանը։
Մեր զրուցակիցը վստահ է, որ ստեղված իրավիճակում ազգի միակ փրկությունը համախմբման մեջ է։
«Ռոմանտիկ բաներ, իհարկե, կարող եմ ասել, բայց թվացյալ ռոմանտիկ է, պետք է ազգովի ապաշխարենք և կառչենք մեր ազգային ու հոգևոր ավանդույթներից։ Մեր արմատն է, որ մեզ պետք է վերադարձնի նորմալ վիճակի ու հաղթանակների, ազգայինը պետք է վերադարձնի։ Սրա հետ մեկտեղ՝ ազգային միախմբումը պետք է վերադարձնի, առանց այս ամենի հնարավոր չէ։
Իրավիճակն աշխարհում շատ բարդ է, սա հասկանում եմ, որքան էլ որ արվեստագետ եմ, չեմ կարող վարդագույն ակնոց հագնեմ ու էմոցիոնալ բաներ ասեմ։ Բայց կարևորը՝ այն հնարավոր մինիմալը, որ մենք պետք է անենք, ինձ համար առավել կարևոր մի բան է՝ այդ միասնականությունն է և ազգային գաղափարախոսությունը, ազգային կարևոր մշակութային և առհասարակ այն ամենը, ինչ կապված է ազգայինի հետ։
Կարծում եմ՝ մենք վաղուց արդեն պետք է, կամ գոնե հիմա, երբեք ուշ չէ, ունենայինք Գարեգն Նժդեհի ինստիտուտ, որտեղ կուսումնասիրվեր Նժդեհը, նրա գաղափարախոսությունը, և սա բնավ ֆաշիզմի հետ առնչություն չունի։ Ովքեր դա համարում են ֆաշիզմ, նշանակում է մեկ թերթ անգամ չեն կարդացել Գարեգին Նժդեհից և առհասարակ չգիտեն հայ ժողովրդի պատմությունը, ճակատագիրը, ճանապարհը։
Մենք ապրում ենք բուռն իրադարձություններով տարածաշրջանում, և ձուլվելու հնարավորություն մեր ազգը չունի, նա չի կարող ձուլվել։ Մեզ Աստծո կողմից տրված է հայ լինելը և տրված է մի հետաքրքիր մշակույթ, լեզու, որի մեջ շատ մեծ գաղտնիքներ կան, այս ամենը դեռ հետազոտության կարիք ունի։ Մեր ազգը սա պետք է հասկանա, և կրթությունն այստեղ շատ մեծ նշանակություն ունի, և եթե կրթությանը հարված է հասցվում, բնականաբար, հայը դառնում է մի անհասկանալի էակ, ում ամեն կերպ կարող են ինչ ուզեն՝ անեն»,- հավելեց Աննա Մայիլյանը։
Նա ցավով արձանագրեց՝ կրթությանը միտումնավոր է հարված հասցվում։ Պարզապես յուրաքանչյուր ընտանիք պետք է խելացի գտնվի ու չբավարարվի միայն դպրոցի ու բուհերի տված գիտելիքով, ինչը թեև սխալ է, քանի որ պետք է լինի պետության մակարդակով ծրագիր՝ ազգապահպանության վերաբերյալ, որպեսզի երկիրը դրանով առաջ գնա, հակառակ դեպքով նրա վրայով պարզապես կքայլեն։
«Վերցնեմ իմ ոլորտը, օրինակ, ծախսվում է ահռելի գումար մի արտասահմանյան երգչի Հայաստան բերելու համար, մինչդեռ այդ ծախսը կարող էին անել ազգային նշանակություն ունեցող ինչ-որ գիտական բացահայտման, հետաքրքիր ազգային-ժողովրդական երգերի փառատոն, ինչն այս պահին շատ կարևոր է՝ ազգի ոգին բարձրացնելու համար։
Այսօր մենք մեր ունեցած հայրենիքին տեր ենք կանգնում, ես՝ իմ աշխատանքով: Մտահոգ ենք, այսինքն՝ մենք մեր կողմից ինչ-որ բաներ անում ենք, բայց սա պետք է լինի կազմակերպված և սա չպետք է դրվի ժողովրդի ուսերին։ Մարդիկ, ովքեր հանձն են առել լինել լիդեր, այդ մարդիկ պետք է կարողանան իրենց կարգավիճակը պատվով տանել»,- շեշտեց պորֆեսորը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ՝ ներառյալ Արցախը», Աննա Մայիլյանն ասաց՝ այդ մասին չի ուզում անգամ լսել, որովհետև իրեն հարգող ոչ մի պետություն նման բան չէր անի՝ չէր հրաժարվի իր հայրենիքի պատմական մի մասից։
«Ես համարում եմ, որ դա չեմ լսել։ Հայաստանի իշխանությունը պարտավոր է ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը և պարտավոր է հետքայլ անել և ասել, որ նման բան չի ասել։ Պետք է Հայաստանի իշխանության բերանից հնչի դա։ Այն նույն րոպեին, երբ այդ հայտարարությունը եղավ, ամբողջ ազգը, ժողովուրդը պետք է ոտքի կանգներ, եթե այդ հայտարարությունից հետո ազգը ոտքի չի կանգնում, նշանակում է՝ մենք անբարոյական ենք, նշանակում է՝ բացարձակ արժանապատվություն չունենք։ Ոչ մի երկիր իր պատմական հողակտորի վերաբերյալ թույլ չէր տար նման արտահայտություն»,- եզրափակեց Աննա Մայիլյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում