Շատ խորը վերլուծություն է անհրաժեշտ՝ պարզելու, թե կոնկրետ ինչու է Հայաստանը նման որոշումներ կայացնում. Պեսկով

Հայ-ամերիկյան զորավարժությունները խոր վերլուծություն են պահանջում. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պետք է հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում Հայաստանը, դա անելու ենք նրա հետ երկխոսության ճանապարհով»,- ասել է նա։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին խոսակցություններին՝ նա ասել է. «Մենք այս թեմայի շուրջ շատ դատողություններ ենք տեսել։ Այդ թվում նաև, այսպես ասենք, արևմտամետ տրամադրված վերլուծաբաններն են բազմիցս դատողություններ արել այդ մասին, բայց այդ կապակցությամբ որևէ պաշտոնական ազդակ մենք չենք ստացել»։

Լրագրողի հարցին` արդյոք Ռուսաստանը՝ որպես դաշնակից, պատրա՞ստ է պաշտպանել ՀՀ-ին, եթե հարձակում իրականացվի նրա տարածքի վրա, Պեսկովը պատասխանել է.

«Եթե խոսքը Հայաստանի տարածքի մասին է, դուք գիտեք, որ մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի հետ կապված, բայց նաև գիտեք, որ այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններով, այնտեղ փոքր-ինչ փոխվել են հանգամանքները, ուստի դա նույնպես պետք է հաշվի առնել։ Դա Երևանի որոշումն էր»։

Պեսկովն ընդգծել է նաև, որ Հայաստանն ու Ռուսաստանը եղել են և կլինեն շատ մոտ դաշնակիցներ ու գործընկերներ:

«Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել, բայց դրանք պետք է լուծել հենց երկխոսության շրջանակում, քանի որ զարգացման տրամաբանությունը և երկու երկրների ազգային շահերը մեր դաշնակցային գործընկերության հետագա խորացման անհրաժեշտություն են թելադրում»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս