Մարոկկոյում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է գրեթե 2500-ի
Մարոկկոյում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2497-ի։ Եվս 2476 մարդ վիրավոր է։ Փրկարարներն արդեն ավելի քան 48 ժամ աշխատում են փլատակներից ողջ մնացածների գտնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան՝ Մարաքեշից 72 կմ դեպի հարավ-արևմուտք։ Ավերվել են Բարձր Ատլասի լեռներում գտնվող բազմաթիվ գյուղեր։ Որոնողափրկարարական աշխատանքներին են միացել փրկարարներ Իսպանիայից, Բրիտանիայից, Կատարից։
Ողջ մնացածների մեծ մասը երեք գիշեր անցկացրել է բաց երկնքի տակ, քանի որ նրանցից շատերի տներն ավերվել են կամ ապահով չեն։ Երկրաշարժից տուժած մի շարք շրջաններ տանող ճանապարհներն արգելափակվել են քարաթափումների պատճառով։
Սա Մարոկկոյում տեղի ունեցած ամենաավերիչ երկրաշարժն է 1960 թ․-ից ի վեր։ Այն ժամանակ տեղի ունեցած 5,8 մագնիտուդով ցնցումները 12 000-15 000 զոհի և 12 000 վիրավորի պատճառ էին դարձել, 35 հազար մարդ մնացել էր անօթևան։