Նախկին իշխանությունները խոսում էին ուժի, հաղթողի դիրքից, նոր իշխանություններն անընդհատ աղերսողի դերում են. Գրիգոր Ջանիկյան
«Մեր քաղաքականությունն արմատապես փոխվել է. մենք ինչքան էլ քննադատենք մեր 30 տարվա իշխանություններին, պետք է հիշենք՝ նրանք խոսում էին ուժի դիրքից, հաղթողի դիրքից, իսկ նոր իշխանություններն անընդհատ աղերսողի, մուրացողի դիրքում են: Այդ աղերսանքը տարածվում է աշխարհի բոլոր երկրների վրա՝ Ռուսաստան, Արևմուտք, Արևելք, երևի միայն Զանզիբարի վրա չի տարածվում»,- 168.am-ի հետ զրույցում Հայաստանի ու Արցախի շուրջ սեմղվող օղակի վերաբերյալ իր դիտարկումներում արձանագրեց արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը:
Նա հավելեց, որ աղերսողներին որևէ մեկն ուշադրություն չի դարձնում. ընդառաջում են պետություններին, որոնք իրենց ինքնուրույնությունը պահպանելու ուժ և կորով են ցուցաբերում:
Այս ամենի ֆոնին Երևանի քաղաքապետի ընտրություններն առաջնահերթություն համարելը Գրիգոր Ջանիկյանը համարում է ապազգայնություն.
«Ես այս ընտրությունը նախօրոք բեմադրված ներկայացում եմ համարում. մեր ժողովուրդը դեռևս չի գիտակցում հավանաբար, որ իշխանությունները դիտմամբ այս ընտրություններին բազմաթիվ թեկնածուներ են ներկայացրել, որպեսզի հասկանալի պատճառներով ժողովրդի քվեարկությունը փոշիանա, ու իշխանական կողմը մնա մեծամասնություն և շահի հեշտորեն:
Բայց ինձ՝ որպես հայի, որպես երևանցու՝ խորապես վիրավորում է այն, որ իշխանական թեկնածուներն իրենց հրապարակային ելույթներում խնդրում են, պահանջում են Արցախի հիմնահարցը չխառնել Երևանի քաղաքապետի ընտրություններին. ես՝ որպես հայ մարդ, պնդում եմ՝ Երևանի ավագանու ընտրությունները՝ որպես առաջնահերթություն, հայ մարդու համար գոյություն չունեն. մեզ համար առաջնահերթությունն այն արցախցի մանուկներն են, որոնք 200 գրամ հաց չունենալու պատտճառով այսօր դպրոց չեն գնում: Այդ ֆոնի վրա Երևանի քաղաքապետության թմբուկը զարնելն առնվազն ապազգայնություն է»:
Այդուհանդերձ, մտավորականին ոգեշնչել է սեպտեմբերի 2-ի հանրահավաքը, և նա հույս ունի, որ, ի վերջո, հայ ժողովուրդը կարող է բեկում մտցնել ստեղծված իրավիճակում:
«Սեպտեմբերի 2-ի հավաքին մասնակցել եմ, և մեր ժողովրդին սկսեցի պաշտել: Չի՛ կարող ժողովրդի կամքը վերջնական հաղթանակի չհասնել՝ անկախ իշխանական նկրտումներից. այդպես եղավ 88 թվականին, երբ կոմունիստական վարչակարգն էր իշխում, այդպես կլինի, հավատում եմ՝ ապագայում»,- ասաց հրապարակախոսը: