
Ռուսաստանի կործանումը երազող, Հ1-ից «տուն չգնացող» արևմտամետներին հակազդելու ձևը գտել են

Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դռները շատ լայն բացվեցին Ռուսաստանի կործանումը տենչացող Հայաստանի արևմտամետ գործիչների համար 2018 թվականի հեղափոխությունից հետո։
Տարատեսակ գրանտներով սնվող և բացառապես Ռուսաստանի կործանմամբ Հայաստանի փրկությունը պայմանավորող շատ վերլուծաբաններ, քաղաքագետներ պետական լրատվամիջոցն օգտագործեցին մի կողմից՝ իրենց գաղափարների տարածման և ավելի շատ գրանտներ շահելու, մյուս կողմից՝ հայ-ռուսական հարաբերություններին վնաս հասցնելու նպատակով։
Հիմա Հայաստանի Կառավարությունը որոշել է փոխել իր քաղաքականությունն ու, համապատասխանաբար, մեղմացնել օր օրի վատթարացող հայ-ռուսական հարաբերություններին հասցված վնասները՝ խմբագրումներ կատարելով իր տեղեկատվական քաղաքականության մեջ։
Այս շաբաթ Կառավարությունը 98 միլիոն դրամ է հատկացրել հայ-ռուսական մեդիաֆորումներ, հայ-ռուսական մեդիահամագործակցությունը բարելավելուն միտված միջոցառումներ կազմակերպելու համար։
Ըստ Կառավարության ընդունած նախագծի՝ ռուսական լրատվադաշտում Հայաստանի, հայ-ռուսական հարաբերությունների, տարածաշրջանում առկա սուր խնդիրների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման, ինչպես նաև՝ հայ-ռուսական մեդիա համագործակցության բարելավման նպատակով սեպտեմբերին նախատեսվում է անցկացնել հայ-ռուսական մեդիաֆորում։
Նույն նպատակով կկազմակերպվի նաև երկկողմ մեդիակոնֆերանս։
Նախատեսվում են այցելություններ Հայաստանի տարբեր շրջաններ, հանդիպումներ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկումներ հայկական լրատվամիջոցների խմբագիրների և լրագրողների հետ, ինչպես նաև պանելային ծավալուն քննարկում։
2023թ. ընթացքում, բացի նախատեսված համաժողովներից՝ Հայաստանի դեմ քարոզչական թեզերի հակազդման, Հայաստանի պաշտոնական դիրքորոշումները հանրայնացնելու նպատակով նախատեսվում է կազմակերպել մի շարք այլ միջազգային միջոցառումներ:
Այս ամենը կազմակերպելու նպատակով պետական բյուջեից հատկացված գումարը կծախսվի հետևյալ ուղղություններով.
- ընդհանուր 3,200 րոպե եթերաժամանակի գնում հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռման հեռուստաընկերություններից:
- ընդհանուր 2,500 րոպե եթերաժամանակի գնում հանրապետական և մայրաքաղաքային սփռման:
- կան հոլովակների, տեղեկատվական լուսանկարների՝ ինֆոգրաֆիկաների գնում։ Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 20 անիմացիոն հոլովակ, որոնցից 10-ը կպատրաստվի ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի կողմից, 10-ը կգնվի մասնագիտացված կազմակերպություններից, և 10 տեղեկատվական-խաղարկային հոլովակ (կամ ռեպորտաժ):
- SMS իրազեկման ծառայությունների գնում։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է ուղարկել 300 հազար SMS հաղորդագրություն։
- սոցիալական ցանցերում տեղեկատվական գովազդների տեղադրման ծառայությունների գնում։
- տեղեկատվական բրոշյուրների և թերթիկների տպագրում, գովազդային բաներների տպագրում և տեղադրում։ 25 արշավի համար անհրաժեշտ կլինի մոտ 40 բաների տեղադրում:
- Սուբվենցիոն ծրագրերի արդյունքների մասին հանրային պատշաճ իրազեկում ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել 2018-2022թթ.-ին ՀՀ 10 մարզերի շուրջ 580 բնակավայրերում իրականացված շուրջ 2200 սուբվենցիոն ծրագրերի արդյունքների լուսանկարահանում, արդյունքների մշակում ու խմբագրում, հանրայնացում՝ գրքույկների տպագրության և համացանցային միասնական շտեմարանի ստեղծման միջոցով:
Բացի այդ, նախատեսվում է Երևանում կազմակերպել նաև Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների և հայ-հնդկական մշակութային կապերի վերաբերյալ համաժողով հոկտեմբեր/նոյեմբեր ամսին։ Համաժողովին մասնակցելու համար Հնդկաստանից հրավիրվելու է 10 մասնակից՝ փորձագիտական տարբեր ոլորտներից։