
Նիկոլ Փաշինյանին հարց տալու փուլն ավարտվել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից. Մեր ժողովրդին պետք է վերադարձնել ապագայի և ապրելու հույսը. Վահե Հովհաննիսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան, «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ քաղաքակիրթ ճանապարհով ընտրությունների գնալու դեպքում ոչ մի շանս չունի ընտրվելու, 50+1 ձայն չի հավաքելու և կառավարություն չի կարողանալու ձևավորել։ Գիտակցում է, որ չունի ո՛չ ներքին, ո՛չ աշխարհաքաղաքական աջակցություն, և բնականորեն ունենում է էմոցիոնալ պոռթկումներ, ինչը հերթական անգամ եղավ Ազգային ժողովում։
- Մենք բոլորս այս կինոյի սցենարը պետք է ջարդենք, որովհետև եթե ինքը մնա իշխանության, երկիրը կկործանվի վերջնականապես։
- Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կգնա ընտրությունների և, ամենայն հավանականությամբ, կպարտվի։ Արտահերթ ընտրությունների հեռանկարն իր սրությունը կորցրել է։ Եթե ինչ-որ անիրական սցենարով նա վերարտադրվի, աներևակայելի կլինի պատկերացնել հետագա ավերի, քանդման, անհուսության աստիճանը։ Պետությունը փլուզվելու է սրընթաց տեմպով։
- Մեր Խորհրդարանն ինքն իր համար Խորհրդարան է։ Սա էն Խորհրդարանն է, ով արձանագրել է Արցախի անկումը, այն Խորհրդարանն է, որն Արցախի անկումից մի շաբաթ առաջ ու մի շաբաթ հետո աշխատել է։
- Ամենամեծ թակարդը հետևյալն է։ Ինձ մոտ տպավորություն կա, որ հիմնական դերակատարներից շատերը «պատրաստվում են նախորդ ընտրություններին»՝ տրամադրության մեջ են։ Չի՛ կարելի պատրաստվել նախորդ ընտրություններին։ Սրանք լրիվ այլ ընտրություններ են՝ այլ նպատակով։ Նոր դեմքեր, նոր, թեկուզ ժամանակավոր դաշինքներ են պետք։ Մեր ժողովուրդը «նախկին-ներկա» կոնֆլիկտից պիտի ապագայի ընտրություն անի։ ՔՊ-ն ապագայի ծրագիր չունի, սպառված է։ Եթե մենք էլ ընկնենք իր լարած նախկին-ներկա թակարդը, կպարտվենք։
- Արցախի բանակցային նախկին բոլոր տարբերակները, այո, լավագույնն են եղել, և, այո՛, նախկին բոլոր նախագահների կառավարման տարիները լավագույնն էին, բայց դա արդեն անցյալ է։ Ցավոք, այսօր իրավիճակն աղետալի է: Մարդիկ այսօր ապրելու հույս չունեն, դա՛ պետք է վերադարձնել մեր ժողովրդին։ Մարդկանց պետք է հնարավորություն տալ ապագայի ծրագրեր կազմելու։
- Հայաստանի նախկին երեք նախագահները պարզապես ֆիզիկական անձինք չեն, նրանք էպոխաների կրողներ են։ Ընդ որում, դրանք էպոխաներ են, որում լուրջ հաջողություններ ենք ունեցել։ Երբ նախկին նախագահների պաշտոնավարման ժամկետները մեկնաբանում են մարդիկ, ովքեր այդ տարիներին դպրոցական են եղել, դա լուրջ չէ…
- Իմ հրապարակային տեսակետն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հարց տալու փուլն ավարտվել է 2020թ․սեպտեմբերի 27-ից։
- Ես չեմ ուզում, որ պարկեշտ, գրագետ մարդիկ իրենց անգործությամբ նպաստեն այս պարտությանը։ Ուզում եմ, որ շատ պարկեշտ մարդիկ իրենց անգործությամբ չօգնեն այս իշխանության վերարտադրությանը։ Շատ լուրջ հանրային ակտիվ է ձևավորվել… ոչ լավ կյանքից։ Ես ուզում եմ, որ այդ մարդիկ, բոլորս ընտրություններին մասնակցելու ձևաչափ ունենանք։ Հերիք է կառչենք 1991-2018թթ․ժամանակահատվածից։ Եթե մենք այս ընտրական ցիկլը պարտվենք, ամեն ինչ կավարտվի։
- Երբ ասում են՝ իմպիչմենտն անիմաստ է, քանի դեռ փողոցում պրոցես չկա, ուզում եմ հարցնել՝ իսկ ի՞նչ ենք արել, որ փողոցում պրոցես լինի։
- Սարսափելի է, մենք շատ հեշտ տարանք Արցախի խեղդամահ լինելու 9 ամիսները… Բազմաթիվ հայտնի հայեր վախենում էին խոսել, կարծիք հայտնել այդ օրերին։ Ինձ համար այդ 9 ամիսները շատ ցավոտ են։ Շատ հեշտ տարանք մեր հայրենիքի մի հատվածի հայաթափումը… Դրա համար շատ հեշտ գնացին ու դրանից հետո աշխատեցին Խորհրդարանում։ Պետք էր Արցախի կորստից հետո գնալ այս Պառլամենտի լուծարմանը։ Սա չարաբաստիկ Պառլամենտ է․ սա ֆիքսել է Արցախի անկումը։
- Էս իշխանությունը չունի սոցիալական բազա, չունի վերարտադրվելու որոշակի շանս, բայց դա չի նշանակում, որ նոր մարդիկ կարող են հաղթել։ Եթե նորմալ, սոլիդ իշխանություն չկարողանանք ձևավորել, եթե պարտվենք, ապա ամբողջ աշխարհն ասելու է, որ մենք պետություն պահելու անունակ ժողովուրդ ենք։
- Լսում էի Ազգային ժողովում իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչների ելույթները. սա իրավապահ համակարգ չէ, այլ փախստականների ճամբարի ադմինիստրացիա․ չի կարելի արդարացնել ամեն այլանդակություն, ինչը երեկ մեր Խարհրդարանում անում էին իրավապահ կառույցների ղեկավարները։
- Պրոարևմտյան կամ հակառուսական թևի ներկայացուցիչներն ունեն պրոբլեմ, և այդ պրոբլեմի անունը Թրամփ է․ էդ թևը մնացել է անտեր։ Գյումրիի ընտրությունները դա ցույց տվեցին։ Իբր թե արևմտամետները որևէ կապ չունեն արևմտյան արժեքների հետ։ Միայն Հայաստանի արևմտամետներն են, որ անգլերեն չգիտեն… Նրանք կոլբայի մեջ աճեցրած «արևմտամետներ» են։ Հակառակ դաշտում էլ այս պրոբլեմը կա։ Հայաստանը կարիք չունի կույր ռուսամետ գործիչների։ Մեզ պետք են սոլիդ գործիչներ, ովքեր գիտեն՝ ինչպես պետք է խոսել և՛ Արևմուտքի հետ, և՛ Ռուսաստանի հետ, ու առաջ գնալ, որովհետև հակառուսականությունն այսօր ինքնասպանություն է։ Նորմալ ուժը երկու կողմի մարգինալությունն էլ սրբելու և տանելու է։
- Մարգինալ այդ մարդկանց համար չկա հայրենիքի, պետության, մեր, ձեր ու մեր ընտանիքների շահ։ Նրանց փողը տալիս են հակառուսականություն քարոզելու համար։ Այս մարդիկ կոչվում են մարգինալներ։ Երբ պետությունը դռները բացում ու այդ մարդկանց ասում է՝ եկեք իրավապահ համակարգի ղեկավարներ ընտրեք, բարեփոխումներ արեք, Սահմանադրություն գրեք, այդ մարդիկ մարգինալներից վերածվում են վտանգի։ Ցանկացած պետության մեջ կան մարգինալներ։ Եթե պետությունդ ուժեղ է, նրանք ողջ կյանքում մարգինալ էլ մնում են։
- Ուկրաինական հանրային մի շերտ կա, որ պատրաստ է զոհել վերջին ուկրաինացուն, միայն թե սպասարկվի հակառուսականության շահը։
- Փաշինյանն այլևս որևէ տեղ գնալուց որևէ բան չի կարող շահել։ Մոսկվա գնալուց էլ բան չի փոխվել։ Կարող էր գնալ, կարող էր և չգնալ։
- Մենք պարտության հասարակություն ենք, իսկ դա շատ ծանր բան է․ միանգամից աշխատեցնում է ինքնապաշտպանական մեխանիզմներ՝ չլսել, չտեսնել, քաղաքականությամբ չզբաղվել, չխառնվել։ Լուծումը հասարակության հետ ճիշտ կոմունիկացիան է։ Հասարակությանը պետք է բան առաջարկել ու նրա հետ մտնել դիալոգի մեջ։
- Լիդերությունն առաջինը միտքն է, գաղափարը, ոչ թե կոչումը։
Մանրամասները՝ տեսանյութում։