Սրա համար էին եկել իշխանության. պետությունը կործանելու գնով անգամ՝ պատրաստ են մինչև վերջ պահել իշխանությունը

Արցախում իրենց պատճառով մարդիկ սովամահ են լինում, իսկ Հայաստանի իշխանությունները քեֆ-ուրախության մեջ են, վայելում են կյանքն ու իշխանության բարիքները։ Եղածով չեն բավարարվում, պետության հաշվին միլիոնավոր դոլարներ են ծախսում, դրսից մարդիկ են բերում՝ քեֆ-ուրախությունները ճոխացնելու համար։

Երևի սրա համար էին եկել իշխանության։ Իշխանությունն իրենցով արեցին, Արցախից գլուխներն ազատեցին, հիմա էլ վայելքների մեջ են։

Կարճ ժամանակում հարստացան, մեծ գումարներ ու կարողություններ կուտակեցին և կարող են իրենց ուզած ճոխությունները թույլ տալ։

Ոչինչ, որ իրենց անմիտ թե միտումնավոր գործողությունների  հետևանքով Արցախի ժողովուրդն այսօր սովամահ է լինում։ Արցախում մարդկանց սովամահության են հասցրել, իրենք այստեղ վայելում են կյանքը։

Կարդացեք նաև

Արցախցին հաց չունի, բայց շարունակում է ամուր մնալ, կամք դրսևորել ու չկոտրվել իրեն բաժին հասած անասելի դժվարությունների առաջ, իսկ Հայաստանի իշխանությունները վաղուց հանձնվել են հակառակորդին  ու անխոս կատարում են նրա կամքը։ Արցախից էլ ձեռքերը լվացել են՝ ճանաչել են Ադրբեջանի կազմում և 120.000 մարդու կյանքը դրել վտանգի տակ։ Ամեն պահի մարդիկ սպառնալիքի տակ են։

Արդեն նույնիսկ Կարմիր խաչի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվելն է դարձել վտանգավոր։ Ճանապարհին մարդկանց առևանգում են ու տանում Ադրբեջան, ենթարկում կտտանքների ու պատասխանատվության։ Իսկ Հայաստանի իշխանություններն անհաղորդ են այս ամենին։

Նիկոլ Փաշինյանն իր անելիքը համարում է կառավարության նիստերում անատամ ու անբովանդակ հայտարարություններ անելը, որոնք ավարտվում են նրանով, որ չնայած Ադրբեջանի անմարդկային արարքներին՝ Հայաստանի իշխանությունները պատրաստ են շարունակել խաղաղության իրենց օրակարգը։ Ասում են, որպեսզի չշարժեն Ադրբեջանի զայրույթը։

Իրենց ուզածը ցանկացած գնով խաղաղության պայմանագիր կնքելն է ու իշխանությունը պահելը։ Դա կլինի Արցախի՞, թե՞ Հայաստանի տարածքների հաշվին, քիչ է հետաքրքրում։

Արցախն արդեն հանձնել են, ու եթե պետք լինի՝ հանուն իշխանության, պատրաստ են նաև Հայաստանի տարածքներից հանձնել։ Թեև որոշ տարածքներ արդեն հանձնել են ու պատրաստ են էլի հանձնել, միայն թե պահեն իշխանությունը։

Իշխանությունն իրենց համար ամեն ինչից վեր է։ Անգամ պետությունը կործանելու գնով՝ պատրաստ են մինչև վերջ պահել իշխանությունը։

Ամեն ինչ անում են Արցախից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։

Դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում մարզային ակտիվ այցերի մեջ է, տեղից տեղ է գնում, ակտիվ հրապարակումներ է անում, ուզում է ցույց տալ, թե ինչ մեծածավալ աշխատանքներ են արել ու էլի շարունակելու են անել, տպավորություն է ստեղծում, թե ինչպիսի մեծագույն սիրով ու պարծանքով է ժողովուրդը դիմավորում իրեն, մեծարում ու գովաբանում։ Ժողովուրդն էլ մի քանի տարեց մարդիկ են, որոնց հատուկ բերել են, գուցե նաև շահագրգռել են, անվտանգության աշխատակիցների կողմից մի քանի օղակի մեջ առած, Նիկոլ Փաշինյանին գովելու ու փառաբանելու համար։ Նրանք էլ երբեմն, իրենց պատկառելի տարիքն առած, այնպես են կաշվից դուրս գալիս, որ հայտնվում են ծիծաղելի դրության մեջ։

Մի գովք են անում, մի փառաբանել՝ փառաբանում, ընդհուպ աստվածացնում են Նիկոլ Փաշինյանին։

Շնորհակալություն են հայտնում, որ թոշակը 3000 դրամով բարձրացրել է։ Ու դա այնպիսի մի հրճվանքով են անում, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է զարմանում։

Զարմանում է, թե ինչպե՞ս կարող է 3000 դրամով բարձրացրած թոշակը այդպես գոհացնել թոշակառուին, այն էլ՝ այսքան թանկացումներից հետո։

Պարզ է, որ այս ամենը լավ կազմակերպված բեմականացում է, որտեղ ամեն մեկն ունի իր դերը։

Դրա նպատակներն էլ պարզ են. մի կողմից՝ ուզում են մարդկանց ուշադրությունը շեղել Արցախի խնդիրներից, մյուս կողմից՝ ցույց տալ, որ ժողովուրդը նախկինի նման իրենց սիրում, ընդունում ու պաշտում է՝ նույնիսկ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո։ Փորձում են հասարակությանը տրամադրել, որ մարդկանց ոչ թե Արցախն է հետաքրքրում, այլ ասֆալտը, ճանապարհը, իրենց դպրոցն ու մանկապարտեզը, ջրի խնդիրը։

Ի դեպ, այս օրերին նախընտրական քարոզարշավի ժամանակ նույնն անում է նաև Երևանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանը։ Նա ամեն կերպ խուսափում է Արցախի վերաբերյալ կարծիք հայտնելուց ու փորձում է Երևանի քաղաքապետի ընտրությունները ներկայացնել որպես կենցաղային մակարդակի՝ ճանապարհի, ասֆալտի, բակի, խաղահրապարակի, ջրագծի անցկացման ու կառուցման ընտրություններ։

Առանց Արցախի, անշուշտ, իշխանությունների համար շատ ավելի հանգիստ է։ Բայց միայն իրենցով չեն կարող բավարարվել։ Այդ մոտեցումն աստիճանաբար պիտի արմատավորեն նաև ժողովրդի մեջ ու ցույց տան, թե ինչպես կարող է դեպի լավը փոխվել իրենց կյանքը, երբ այլևս չլինի Արցախի խնդիրը, խաղաղություն հաստատեն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ՝ թեկուզ տարածքների ու ազգային արժեքների զիջման գնով։

Տնտեսության, այսպես ասած՝ «ոսկե դարաշրջանը», որն իրենց կամքից անկախ, վերջին մեկ ու կես տարում ստեղծվել էր ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում ու Ռուսաստանի նկատմամբ կիրառված համատարած պատժամիջոցների հետևանքով,  ավարտվում է։

Մինչ այդ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են առավելագույն քաղաքական օգուտները քաղել դրանից, որովհետև առաջիկայում նման առիթ այլևս չի լինելու։ Այլևս չեն կարողանալու խոսել աննախադեպ ձեռքբերումների և արձանագրվող չտեսնված հաջողությունների մասին։

Ոչ միայն չեն կարողանալու թոշակ, նպաստ ու աշխատավարձ բարձրացնել, այլև կարող են կանգնել բյուջեի ծախսերը, նաև կենսաթոշակների վճարման ծախսերը ժամանակին կատարելու խնդիրների առաջ։

Արտաքին ազդեցություններն աստիճանաբար գնում են «լիցքաթափման»։

Այս տարի տնտեսությունն աճի դեռևս որոշ ազդակներ կպահպանի։ Արդեն հաջորդ տարի խնդիրները շատ ավելի կսրվեն՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ՝ ֆինանսական հատվածում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս