«Երեխաները կանգնում են հացի հերթ, հոգնած, կիսասոված, բայց նրանք են մեզ ստիպում սկսել պարապմունքները». Արմեն Պետրոսյան

Արդեն 264-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ: Իսկ ապրիլի վերջին Հակարիի կամրջի վրա անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանը, ըստ էության, արգելեց Հայաստանից որևէ հումանիտար բեռի  տեղափոխումն Արցախ։ Հուլիսի 26-ից Հայաստանից, հետո նաև՝ Ֆրանսիայից հումանիտար օգնությունով բեռնված մեքենաները Կոռնիձորում սպասում են Ադրբեջանի թույլտվությանը, որ հասնեն Արցախ:

Նախորդ տարի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը փակելով Բերձորի միջանցքը՝ 120 հազար խաղաղ բնակիչների համար ստեղծել է բազմաթիվ խնդիրներ՝ ծերեր ու երեխաներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ հայտնվել են կյանքի հետ անհամատեղելի պայմաններում։

Չնայած այս անմարդկային ու անվտանգության բացակայության պայմաններին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արցախում հանրակրթական դպրոցներն իրենց դռները բացել են աշակերտների առջև։ Արցախում, նույնիսկ այս ճգնաժամին, լավ գիտեն՝ ինչ է նշանակում կրթված սերունդ ունենալը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, Կարատեի ֆեդերացիայի ղեկավար Արմեն Պետրոսյանն ասաց, որ անկախ ամեն ինչից, ինքը նույնպես սկսել է կարատեի պարապմունքները։

Կարդացեք նաև

«Երեխաները գիշերները կանգնում են հացի հերթ, հոգնած, կիսասոված, բայց նրանք են մեզ ստիպում սկսել պարապմունքները։

Եթե հետադարձ հայացք գցենք, ապա 1992-93 թվականներին ինքս դպրոցական էի, տարրական դասարանում էի սովորում, հիշում եմ, թե ինչպես էինք մենք այդ դժվարին պահին դաս անում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր՝ Գայանեի հետ նույն դասարանում ենք սովորել, երբ թուրքերը սկսում էին ռմբակոծել, ուսուցչուհու հետ անմիջապես իջնում էինք նկուղները։ Հետո, երբ դադարեցնում էին կրակոցները, նորից բարձրանում էինք դասարանները և շարունակում դասապրոցեսը։ Մենք չպետք է դադարեցնենք մեր դասերը, քանի որ, անկախ ամեն ինչից, դրանք պետք է շարունակել։ Մեր երեխաների մանկությունն արդեն 90 տոկոսով գողացված է, և մենք ինչքան կարող ենք, պետք է կարողանանք բացը լրացնել»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

Հեշտ չէ նման իրավիճակում ուսումնական գործընթաց սկսել,  որովհետև, ինչպես նկարագրեց մեր զրուցակիցը, ամեն մի ուսուցիչ մի տան կերակրող է, ով պետք է հացի ու այլ մթերքի հերթ կանգնի, որպեսզի ընտանիքին կերակրի։ Բայց բոլոր դժվարությունները պարտավոր են հաղթահարել.

«Այս կենցաղային հարցերը, տրանսպորտի բացակայությունը, ինչը մեծ խոչընդոտներ է առաջացնում։ Կրկնում եմ, որ նույնիսկ 1992-93 թվականներին Արցախում ուսումնական գործընթացը կանգ չի առել»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս