ՌԴ ԱԳՆ-ն շարունակում է համոզել՝ ՀՀ-ն այսօր իրենց ամենամոտ դաշնակիցներից է, ՀԱՊԿ անդամ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին

Սեպտեմբերի 1-6-ը Բելառուսում կանցկացվեն ՀԱՊԿ «Մարտական ​​եղբայրություն–2023» զորավարժությունները: ՀԱՊԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ զորավարժություններին մասնակից երկրների շարքում Հայաստանը չկա:

«Շտաբային բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ զորավարժություններին կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ազգային կոնտինգենտները: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին մասնակցելու է 2500 զինծառայող և ավելի քան 500 միավոր սպառազինություն, ռազմական և հատուկ տեխնիկա»,- նշված է ՀԱՊԿ պաշտոնական հաղորդագրության մեջ:

Իսկ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը բրիֆինգի ժամանակ հայտնել է, որ ՀԱՊԿ առաջիկա զորավարժություններին շեշտը դրվելու է անօդաչուների կիրառման ու դրանց դեմ պայքարի միջոցների վրա, և, որ դիտորդներ են հրավիրվել Սաուդյան Արաբիայից, Իրանից, ՉԺՀ-ից և Մոնղոլիայից:

Ի դեպ, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը նշել է նաև, որ «ներկա պահին աշխատանքներ են տարվում Տաջիկստանում «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին դիտորդներ հրավիրելու հարցի համաձայնեցման հետ կապված»:

Կարդացեք նաև

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում «Անխախտ եղբայրություն-2023» ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը նպատակահարմար չեն համարում՝ նշելով պատճառները.

«Պատկերացրի՞ք այդ իրավիճակը: Հենց այդ պատճառով: Մենք ասում ենք՝ եկեք հասկանանք, թե ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, որից հետո մեր հարաբերությունները խորը և ինստիտուցիոնալ կառուցենք: Երբ որ ՀԱՊԿ-ն չի ասում, թե որն է իր պատասխանատվության գոտին, դա մեզ համար ֆունդամենտալ պրոբլեմ է: Այսինքն, ՀԱՊԿ-ն չի ասում՝ որտեղով է անցնում այդ կարմիր գիծը: Սոթք-Խոզնավարով չի անցնում, Ջերմուկով չի անցնում, որտեղո՞վ է անցնում: Մենք մինչև դա չիմանանք, կլինենք այդ իրավիճակում, կհրավիրենք, կասենք՝ եկեք սպառնալիք ստեղծեք ձեր ասած թուրք-ադրբեջանական տանդեմի համար 2 օր, իսկ 3-րդ օրը հանգստացեք, 4-րդ օրը գնացեք ձեր գործերին, իսկ մենք մնանք այդ տանդեմի առաջ դեմ հանդիպման»:

Այդ ժամանակ 168.amանդրադարձել էր այս խնդրին՝ հիշեցնելով, որ 2020-ի հուլիսյան մարտերի օրերին հայ-ռուսական զորավարժություններ էին անցկացվել, Ռուսաստանի Հարավային և Արևմտյան ռազմական օկրուգներն անակնկալ մարտական պատրաստության բարձր աստիճանի էին բերվել, զորավարժություններ էին սկսվել հարավային և արևմտյան ռազմական շրջաններում:

Եվ քանի որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 102-րդ ռազմաբազայի հետ ուներ այդ ընթացիկ զորավարժությունների ընթացքում համատեղ միջոցառումներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ՝ այլ զորավարժարաններում, ՀՀ Զինված ուժերից բավականին մեծ՝ մեկ գնդին հավասար ուժեր էին ներգրավվել՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն: Ադրբեջանական կողմն անհանգստություն էր հայտնել: Այդ մտավախություններին ի պատասխան՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովին տեղյակ էր պահել ռուսական զորքերի անակնկալ մարտական բարձր աստիճանի բերելու մասին և վստահեցրել. «Տվյալ միջոցառումը պլանային է և որևէ կերպ առնչություն չունի հայ-ադրբեջանական սահմանագոտում ընթացիկ իրավիճակի հետ»:

Այս համատեքստում հավելենք, որ 2020-ի սեպտեմբերի 21-26-ը Հարավային ռազմական շրջանի տարածքում՝ «Ալագյազ» զորավարժարանում, անցկացվել էր «Կովկաս-2020»-ը:

Հարավային ռազմական շրջանի ու ՀՀ պաշտպանության նախարարության միայն մոտ քսան միավոր ավիացիա էր գործարկվել, ընդհանուր առմամբ, 300 միավոր ռազմական տեխնիկա:

Վերադառնանք ՀՀ-ՀԱՊԿ այսօրվա հարաբերություններին և հիշեցնենք, որ ամիսներ առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, թերևս, Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշման արդյունքում չէր մասնակցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, որը տեղի էր ունեցել Մինսկում:

Ի դեպ, օգոստոսի 14-20-ը ՌԴ-ում անցկացվել էր «Բանակ-2023» 9-րդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովը, որի շրջանակում ՌԴ էր մեկնել ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը: Նա, մասնավորապես, այցելել էր համաժողովի իրանական տաղավար, զրուցել Իրանի պաշտոնյաների հետ։

Նշենք, որ Բրուտյանի՝ «Բանակ-2023»-ի շրջանակում այցի մասին հայաստանյան լրատվամիջոցները տեղեկացան ոչ տեղի լրատվամիջոցներից կամ ՀՀ ՊՆ-ից:

Այսինքն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ զինված ուժերը ոչ երկրի ներսում են նորմալ զորավարժություններ անցկացնում, ոչ էլ դրսում մասնակցում նման միջոցառումների: Փոխարենը՝ մեծ կարևորություն են տալիս վարչապետի ներքո բանակային խաղերին:

Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ բանակային խաղերի անցկացմամբ շեշտում են պետության, հանրության ֆիզիկական և հոգեբանական պատրաստության կարևորությունը: Այս ամենը լավագույնս արտահայտում է բանակի մարտական պատրաստության մասին Փաշինյանի պատկերացումները:

Վերադառնալով ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունների այսօրվա պատկերին՝ նշենք, որ այսօր ՀՀ-ՌԴ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման օրն է՝ 1997, օգոստոսի 29: Ի դեպ, այս մասին հիշել է ՌԴ արտաքին գերատեսչությունը:

«Ներկա փուլում ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են զարգանալ 1997 թվականի համաձայնագրով ամրագրված սկզբունքներով, ներառյալ պետական ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունը և միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ սպառնալիքի չկիրառումը։ Հայաստանն այսօր Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, մեր երկրի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Թե գործնականում որքանով է Հայաստանը ՌԴ-ի ամենամոտ դաշնակիցը և՝ հակառակը, այլ թեմա է, այդ թվում՝ Արցախում ռուս խաղաղապահների գործունեության համատեքստում:

Տեսանյութեր

Լրահոս