
ՀՀ-ը Վրաստանի և Իրանի միացմամբ Հնդկաստան-ԵՄ տրանսպորտային միջանցք է ստեղծում է. Քերոբյան

«Իրանի ազատ տնտեսական գոտիներ» խորագրով ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանն աշխատում է նախագծի վրա, որով Հնդկաստանը Իրանի, Վրաստանի և ՀՀ-ի միջոցով կկապվի եվրոպական երկրների հետ։ Քերոբյանը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ինքը։
Նրա խոսքով՝ այս նախագիծը հնարավորություն է Հնդկաստան-Եվրոպա նոր տրասնպորտային միջանցք ստեղծելու համար, որը թույլ կտա, որպեսզի Հնդկաստանի և Եվրոպայի առևտրաշրջանառության մի մասն անցնի նշված ուղիով։ Քերոբյանը տեղեկացրել է, որ այժմ մշակվում է ծրագիր, որը կներկայացվի Հնդկաստանի, Վրաստանի, Իրանի գործընկերներին։
«Այս առումով դիտարկում ենք ոչ միայն լոգիստիկ կապերի ամրացումը, այսինքն` ճանապարհային, ենթակառուցվածքային, ծովային, այլև փաստաթղթաշրջանառությունը, որպեսզի առևտրային ռեժիմներն իրար հետ համահունչ դարձնենք և կարողանանք էլեկտրոնային ու հեշտացված փաստաթղթաշրջանառության միջոցով բեռների համեմատաբար արագ ընթացք ապահովել»,- ասել է Քերոբյանը։