«Եթե որևէ փաստաթուղթ ստորագրեն, որը մեր օգտին չէ, մյուս օրվանից պատերազմ է լինելու՝ մեր պատկերացումներով չի լինելու». Արկադի Կարապետյան
Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը չի կարող ասել, թե ինչո՞ւ Արցախի հատուկ ուժերը չբացեցին Բերձորի միջանցքը դեռևս նախորդ տարի դեկտեմբերի 12-ին, երբ ադրբեջանական կեղծ բնապահպանները փակեցին այն։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արկադի Կարապետյանն իրեն իրավունք չվերապահեց խորհուրդներ տալ Արցախում ապրող իր հայրենակիցներին.
«Հիմա, երբ ես այստեղ եմ, ինձ համար դժվար է այդ մարդկանց ինչ-որ բան ասելը և դժվար է այդ հարցին պատասխանելը։ Ճիշտ է, այնպես չէ, որ ես այդ ամենով չեմ անցել ժամանակին, երբ բոլորի համար լավ էր, մենք էլ ուրիշ վիճակի մեջ էինք, շաբաթներով անձրևի տակ էինք քնում։ Սա մի կողմ դնենք, սա այսօր ամեն դեպքում էական չէ, որովհետև ես այսօր այստեղ եմ, նրանք՝ այնտեղ, նույնիսկ ինձ իրավունք չեմ վերապահի իրենց խորհուրդներ տալ»։
Նրա կարծիքով՝ դիվանագիտական ճանապարհով հնարավոր չէ բացել Բերձորի ճանապարհը։
«Մեկ անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասում, եթե ցանկանան որևէ փաստաթուղթ ստորագրեն, որը մեր օգտին չէ, պատերազմ է սկսվելու, որովհետև մեր բախտը մենք չենք տնօրինում, այսինքն՝ մենք ենք տնօրինում, իրավիճակը ստեղծում, բայց որոշողն Աստված է։ Եթե ուզենան նման բան ստորագրեն, կամ եթե ստորագրեն, մյուս օրվանից պատերազմ է լինելու՝ ահավոր ու դաժան։ Դե, պատերազմի ընթացքում մաքրվելու ենք, էլի, դա էլ Աստծո կամքն է։ Մենք Աստծո ընտրյալ ազգ ենք, Աստծուց հեռացել ենք, դրա համար էլ այս վիճակում ենք։ Աստված մեզ կրեդիտով հաղթանակ տվեց, իսկ մենք հետո չարդարացրեցինք իր սպասելիքները»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարարությանը՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ, Արկադի Կարապետյանը նկատեց՝ այդ հայտարարությունն անհասկանալի է, որևէ լուրջ պետական գործիչ կամ լուրջ պետություն դրանով չի առաջնորդվում, դա սուտ գաղափար է։
«Այդ կոմպրոմիսը քողարկում է, ի՞նչ կոմպրոմիս։ Եթե մեկի իղձերի, ազգային ծրագրի մեջ հայ ազգը տեղ չունի, պետք է կոտորվի, ապա ինչի՞ մասին է խոսքը։ Օրինակ, ասում են՝ Արցախը հարձակվել է Ադրբեջանի վրա, առնվազն պիտի դեբիլ լինես, որ նման բաների հավատաս, ուզում է ԵՄ առաքելություն լինի, կամ ով ուզում է՝ լինի, եթե այդ մարդը դրան հավատում է, ուրեմն հոգեկան խանգարումներ ունի։ Կամ, որ ասում են՝ Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա, բայց ի վերջո դա էլ է լինելու, որովհետև հասցնելու են դրան, այսինքն՝ մենք չենք հարձակվելու, իրենք հարձակվելու են ու փոշմանեն։
Ադրբեջանն ի՞նչ է ցանկանում, որպեսզի մենք չլինենք, իսկ մենք պատրա՞ստ ենք, որպեսզի չլինենք, դուք պատրա՞ստ եք հանուն Ադրբեջանի մեռնել, ինչի՞ մասին է խոսքը»,- շեշտեց Ա. Կարապետյանը։
Միաժամանակ նա ընդգծեց՝ Հայաստանն իրավունք չունի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախն ինքնորոշվել է, և բացի այդ, երբեք Ադրբեջանի կազմում չի եղել։
«Հիմա սա չբացեմ, դա թող մնա քաղաքագետներին ու իրավաբաններին, բայց փաստ է, որ մենք երբեք Ադրբեջանի կազմում չենք եղել, անօրեն պայմանագրեր են կնքվել։
Ինքս դրական եմ գնահատում ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը, մի բան արվեց, որ այս ամիսներին չէր արվել, բայց այն հարցերը, որոնք պետք է դնենք և որոնք բխում են մեր ազգի շահերից, այդ հարցերը չենք դնում, անօրենները Մոսկվա-Թուրքիա պայմանագրերն են, օրինավորը Ազգերի լիգան է, և այլն, բայց սա որևէ մեկը երևան չի հանում։ Եթե այսօրվա իրավիճակից եք խոսում, ապա օրենքներից մի խոսեք, ասեք՝ սա է, ուժն է՝ կարողանո՞ւմ եք ուժ դառնաք, թե՞ ոչ, այսինքն՝ պետք է ասվի, որ խաղաղությունը սուտ գաղափար է, աշխարհում այսօր խաղաղություն չկա, կույր պետք է լինես, որ նայես աշխարհին ու պատկերացնես, թե ամեն տեղ խաղաղություն է»,- ասաց Արկադի Կարապետյանը։
Անդրադառնալով Լաչինի անցակետում Ադրբեջանի ուժային կառույցների կողմից արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ձերբակալման և Բաքու տեղափոխելու փաստին, Արկադի Կարապետյանն ասաց, որ պարզից էլ պարզ է՝ մարդուն առևանգել են և դրանով ուզում են ասել, որ նման բան լինելու է ձեր բոլորի հետ։
«Նույնը արցախցի այն խեղճ աղջիկն էր, որը վախից խոսում էր։ Հիմա, եթե Գուտերեշին էլ բերես կանգնեցնես այնտեղ, ասես՝ դու թուրք ես, ասելու է՝ այո։ Այդ ամենը ծիծաղելի է, այդ հարցազրույցները և այլն, էժանագին շոու են։
Այստեղ խնդիրն այն է, թե ժողովուրդը կդիմանա, ինձ թվում է, մի քանի բաներից հետո կդիմանա։ Միշտ մտածող մարդիկ կան, հոգևոր մարդիկ կան, և նրանք ազդեցություն են գործելու մյուսների վրա, և նրանց օրինակով այդ ամենը դառնալու է օրինակ, սոցիալական մթնոլորտը փոխվելու է, այդպես էլ լինելու է։ Ճիշտ է՝ շատ դժվար, բայց այդպես է լինելու։
1988 թվականին մենք Աստծուն կորցրած դեպի Աստված էինք գնում, որովհետև կարելի է ասել՝ իր պատվիրաններով ապրում էինք, ու շարժումն էլ էր այդպես։
Դեռ ժամանակ ունենք ապաշխարության, եթե օգտվենք այդ ժամանակից, ուրեմն՝ շատ հեշտ կանցնենք այդ փորձության միջով, եթե ժամանակը վատնեցինք, անցնելու ենք այնպիսի մի արհավիրքով, որ իրավիճակը կստիպի հասկանալ, թե սա ինչ է։
Կարծում եմ՝ երբ այդ պատերազմը լինի, հնարավոր կլինի ազատագրել Արցախը, հիմա մարդկանց համար դժվար է պատկերացնել, բայց այս պատերազմը մեր պատկերացումներով չի լինելու»,- նշեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում