Ստվերային դաշինք՝ ընդդեմ Արցախի. խոշոր ձկներն ու տեղական խամաճիկները
Հայաստանում և հատկապես վերջին օրերին Արցախում կատարվող իրադարձությունները գնահատելու համար պետք է հիմք ընդունել այն ելակետը, թե ովքեր են տխրահռչակ «Խաղաղության պայմանագրի» իրական շահառուները:
Քարոզչական մակարդակում ներկայացվում է, թե դա ամենաշատը պետք է հայ հասարակությանն ու Հայաստանին, որ դրա կնքումից հետո երկնային մանանա կթափվի Հայասստանի վրա, և կարևոր չէ, թե ճանապարհները, որով կհոսի մանանան, ում վերահսկողության տակ կգտնվեն: Իրականում, սակայն, հայ հասարակությունը, Հայաստանն ու Արցախը «Խաղաղության պայմանագրի» կնքման դեպքում դառնալու են ոչ թե դրա շահառուները, այլ զոհերը՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով:
Այդ «Խաղաղության պայմանագիրը» կառուցված է լինելու կամ արդեն իսկ կազմված է Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարելու սկզբունքով: Պատահական չէ, որ Ալիևը պարբերաբար Հայաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս օգտագործում է «կապիտուլյացիա» արտահայտությունը. իմաստն այն է, որ կապիտուլացված կողմը կատարում է դիմացինի բոլոր պահանջները:
Ահա այդ պայմաններով էլ մշակվում է «Խաղաղության պայմանագիր» կոչված, որն ունի մի քանի իրական շահառուներ՝ Ադրբեջանը, Թուրքիան, որոնք դրա արդյունքում իրագործելու են տարածաշրջանային ու ըստ այդմ՝ նաև աշխարհաքաղաքական իրենց նպատակները, հավաքական Արևմուտքը, որը դրա արդյունքում կարող է հասնել Հարավային Կովկասից Ռուսաստանի վերջնական հեռացմանը, և Նիկոլ Փաշինյանը, ում համար «Խաղաղության պայամանագիրը» հանդես է գալիս որպես իշխանությունը նախ պահպանելու, ապա, եթե հնարավոր լինի՝ հավերժացնելու հնարավորություն:
Այս ցանկում Ռուսաստանը հանդես է գալիս՝ որպես երկրորդային շահառու, քանի որ ընդհանուր առմամբ այս ձևաչափով խնդրի լուծումը հարվածելու է իր կենսական շահերին, բայց քանի որ Ռուսաստանն ինքն այսօր առանձնապես լավ վիճակում չէ, փորձում է իր համար ոչ այնքան բարենպաստ զարգացումից երկրորդային օգուտներ ստանալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գործակցության միջոցով:
Թվարկված շահառուների կազմում Հայաստանը և Արցախը բացակայում են, որովհետև վերը նշված բոլոր դիվիդենտ ստացողները դրան հասնելու են հենց հայկական շահերի հաշվին:
Նիկոլ Փաշինյանն այսպիսով, իրականում թվարկված բոլոր երկրների ու աշխարհաքաղաքական կենտրոնների, այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի դաշնակիցն է, որովհետև հետապնդում է նրանց հետ նույնական նպատակ, իհարկե, այլ դրդապատճառներով: Նրա գործունեության հիմքում ընկած է իշխանությունն ամեն գնով պահպանելու սկզբունքը, որի համար պատրաստ է գործակցել անգամ սատանայի հետ, իսկ Էրդողանն ու Ալիևը ոչ այնքան մեծ դժվարությամբ կարող են հանդես գալ որպես միանգամայն ընդունելի դաշնակիցներ:
Ի դեպ, պատահական չէ, որ նույնիսկ Թուրքիայի կառավարամետ Hürriyet թերթը բացեիբաց հրապարակայնացնում է այն փաստը, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները, պաշտոնական հանդիպումներից բացի, ավելի քան 500 հեռախոսազրույց են ունեցել: Փաստ, որի մասին նախկինում բարձրաձայն չէր խոսվում:
Ահա այս՝ վերը նշված բազմաբաղադրիչ դաշինքի գործունեության պայմաններում Արցախում տեղի են ունենում ներքին խմորումներ, որոնք, չնայած ընթացիկ դետալներին, տարաբնույթ դրսևորումներին, վերջին հաշվով ունեն մեկ նպատակ՝ նպաստել Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարման սկզբունքով «Խաղաղության պայմանագիր» կոչվածի ստորագրմանը: Դրա համար լատենտ այդ աշխարհաքաղաքական դաշինքը՝ որպես տեղական մոդերատոր ունենալով Նիկոլ Փաշինյանին, նաև Արցախում օգտագործում է սեփական շահերին ծառայողներին, որոնցից յուրաքանչյուրն ունի այդ դավադրությանը մասնակցելու սեփական դրդապատճառները. մեկը ցանկանում է պահպանել ունեցվածքը, երկրորդը՝ դառնալ «ադրբեջանական Ղարաբաղի նադզիրատելը», երրորդը՝ իրացնել սեփական հիվանդ հավակնությունները, և այդպես շարունակ:
Նրանք բոլորը պայքարում են Արցախի ժողովրդի դեմ, որովհետև հենց արցախցիներն են՝ իրենց հավաքական կամքով, վերջին ինն ամիսներին ցուցաբերած վճռականությամբ ու արժանապատվությամբ խառնել բոլորի հաշվարկները:
Իրավիճակը միանգամայն այլ կլիներ, եթե գործնականում միայնակ ու անդաշնակից մնացած Արցախի ժողովուրդը ստանար Հայաստանի հասարակության աջակցությունը՝ այդ ստվերային դաշինքից հանելով առնվազն դրա տեղական մոդերատորին: Բայց այդ աջակցությունը չկա, որովհետև չկա նաև այն գիտակցումը, որ վճռական մենակի կարգավիճակում հայտնված արցախահայությունն իրականում պայքարում է նաև Հայաստանի լինելիության համար:
Հարություն Ավետիսյան