Քաղաքացու գրպանի փողը սիրում են հաշվել, իսկ ո՞վ պիտի հաշվի իրենց գրպանի փողը
Նիկոլ Փաշինյանն իրեն հատուկ ձևակերպում է գտել բյուջեի համար. ասում է՝ բյուջեն ձեր ամենամեծ գրպանն է, այդ փողերը ձեր փողերն են։ Դա ոչ թե գումար է, որ մարդիկ իրենց գրպանից հանում տալիս են կառավարությանը, այլ իրենց մի գրպանից հանում և դնում են մյուս գրպանը։
Բյուջեի փողերն իսկապես քաղաքացիների փողերն են, և դրանում Նիկոլ Փաշինյանը ճիշտ է։ Բայց երբ նրանք այդ փողերը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պատկերավոր ասում, «մի գրպանից հանում, դնում են մյուս գրպանը», այլևս դրա տերը չեն։ Այլևս կառավարությունն է դրա տերն ու տնօրենը։
Կառավարությունն ինքն է որոշում, թե ինչպես ծախսի քաղաքացու գրպանի փողը։ Քաղաքացուն այլևս ոչ մեկը չի հարցնում, թե՝ ինչպե՞ս ես ուզում ծախսել քո փողերը։
Ուզո՞ւմ ես սնուփ դոգերի համերգների համար քո փողերից միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսել, ուզո՞ւմ ես քո փողերի հաշվին պետական պաշտոնյաներին բարձր աշխատավարձեր վճարել, աշխատավարձերից բացի՝ նաև պարգևավճարներ տալ, ֆինանսավորել նրանց թանկարժեք մեքենաների ձեռքբերումները, տարին մեկ գրասենյակների վերանորոգումներն ու կահավորումները, արտասահմանյան անօգուտ այցելությունները, ճոխ ճաշկերույթներն ու ընդունելությունների կազմակերպումը։
Այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, կեղծում է իրականությունը, կես ճշմարտությունն է ասում, մի մասը ասում է, մյուս մասը՝ թաքցնում։
Բյուջեի փողերն իսկապես քաղաքացու փողերն են, բայց ինչպես տեսնում ենք, կառավարությունն այդ փողերը ոնց ուզում, այնպես էլ ծախսում է։
Սնուփ դոգերի համերգներն է կազմակերպում, միլիոնավոր դոլարներ է ծախսում դրանց վրա, իսկ քաղաքացուն չի էլ հարցնում՝ ուզում է իր գրպանի փողը ծախսի նման համերգների կազմակերպմա՞ն, թե՞ երկրի անվտանգության ու պաշտպանության բարձրացման, աղքատ հասարակության սոցիալական բազում խնդիրների լուծման, անապահովներին օգնելու համար։
Սնուփ դոգերի վրա կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում «քաղաքացու գրպանի» հաշվին, իսկ թոշակառուի թոշակը հազիվ 3 հազար դրամով է բարձրացնում։ Հիմա էլ որոշել են, որ այդ 3 հազարն էլ շատ է։
Թոշակառուներն արդեն ավելի շատ թոշակ են ստանում, քան նվազագույն պարենային զամբյուղի պահանջարկն է, ասում է Նիկոլ Փաշինյանը։
Նվազագույն պարենային զամբուղը 34 հազար 825 դրամ է, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ 36 հազար դրամ։
«Սա նշանակում է, որ այսօր ՀՀ–ում բոլոր կենսաթոշակ ստացողները ստանում են նվազագույն պարենային զամբյուղից ավելի բարձր կենսաթոշակ։ Ավելին՝ կենսաթոշակների հետվճարի համակարգը շատ ակտիվ զարգանում է։ Ըստ էության, 1 տարին լրացավ, ինչ ներդրել ենք այս համակարգը։ Փաստորեն նախորդ 1 տարվա ընթացքում կենսաթոշակառուների կողմից անկանխիկ գործարքները զրոյական մակարդակից դարձել են 37,7 միլիարդ դրամ, այսինքն` 1 տարվա ընթացքում կենսաթոշակառուները մոտ 100 միլիոն դոլարի անկանխիկ գործարքներ են արել և, համապատասխանաբար, 3 միլիարդ դրամ հետվճար են ստացել»,- կառավարության վերջին նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքացու գրպանից»՝ քաղաքացուն 3 միլիարդ դրամ են վերադարձրել ու համարում են, որ լուրջ գործ են արել։ Եթե այդ 3 միլիարդը բաժանենք թոշակառուներին, ամեն մեկին կհասնի ընդամենը 5 հազար դրամ։
Մեկ տարում թոշակառուներին միջին հաշվով հավելյալ 5 հազար դրամ են հետ տվել ու գրեթե ամեն շաբաթը կառավարության նիստերում խոսում են այդ մասին։ Իսկ որ նույն «քաղաքացու գրպանից», առանց քաղաքացուն հարցնելու, վերջին 4-5 տարիներին հարյուրավոր միլիոն դոլարների միայն պարգևավճարներ են վճարել, այդ մասին չեն խոսում։
«Քաղաքացու գրպանի» հաշվին, առանց քաղաքացուն հարցնելու, տարին 80-100 մլն դոլար են տալիս, որպեսզի փողոցից իշխանության եկածներն արտոնյալ պայմաններով բնակարանների տեր դառնան։ Բարձր աշխատավարձերն ու պարգևավճարները քիչ են, բյուջեից տարեկան միլիոնավոր դրամների եկամտային հարկի վերադարձ են ստանում։
Ստացվում է այնպես, որ «քաղաքացու գրպանի» հաշվին աշխատավարձ ու պարգևավճար են ստանում, մի բան էլ դրա դիմաց հարկերը չեն վճարում, կամ վճարում են ու էլի հետ ստանում։ Ի տարբերություն շատ-շատերի, փողն աջ գրպանից հանում, դնում են ձախ գրպանը, հետո ձախ գրպանից՝ նորից աջ գրպանը։
Բյուջեն ծախսում են այնպես, ինչպես իրենց ձեռնտու է, բայց ներկայացնում են, որ արել են ի շահ քաղաքացու։
Դատավորների առանց այդ էլ բարձր աշխատավարձերը բարձրացնում են, ասում են՝ քաղաքացու համար ենք անում։ Ոստիկանի աշխատավարձը կրկնապատկում են, ասում են՝ քաղաքացու համար ենք անում։ Իսկ նույն քաղաքացու համար, որ շատ ավելի կարևոր է երկրի պաշտպանությունը, փողերը խնայում են։ Զինվորի աշխատավարձը բարձրացնելու փոխարեն՝ դատավորի ու ոստիկանի աշխատավարձն են բարձրացնում։ Ում իրենց պետք է՝ ավտոմատ բարձրացնում են, իսկ երբ հերթը հասնում է զինվորին, հատուկ պայմաններ են դնում, այնպես են անում, որ շատերը չկարողանան հաղթահարել ատեստավորումը։
Այսպես են ծախսում «քաղաքացու գրպանի» փողերը։ Ոչ միայն իրենք են որոշում, թե ինչի վրա ծախսեն, այլև, թե ինչպես ծախսեն։
Մեկ անձից գնումները հասցրել են պատմական առավելագույնին։ Նախկինում ասում էին՝ պետական բյուջեի հաշվին կատարվող մեկ անձից գնումները կոռուպցիոն գնումներ են, վերջին տարիներին էապես մեծացրել են այդպիսի գնումները։
Հիշեցնենք, որ դրանք այն գնումներն են, որոնք կատարվում են առանց մրցույթների։ Դրանք այն գնումներն են, որոնք ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն են պարունակում։ Ու այդ ռիսկերով հանդերձ, կառավարությունում գերադասում են «քաղաքացու գրպանի» փողերը հենց այդպիսի գնումների միջոցով ծախսել։
Թեև այնպես չէ, որ գնումների մյուս ձևերի պարագայում կոռուպցիա ու կոռուպցիոն ռիսկեր չկան։
Տեր են միայն քաղաքացու փողը մի գրպանից հանելուն ու մյուս գրպանը դնելուն։ Իսկ թե հետո ի՞նչ կանեն այդ փողերը, ինչպե՞ս կծախսեն ու ինչի՞ վրա, այլևս քաղաքացուն հաշվի տակ դրող չկա։ Փշրանքները տալիս են ժողովրդին, իսկ մեծ պատառն իրենք են վայելում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ