«Ապագան եկել է, հայե՛ր, սա էի՞ք ուզում. 1992թ. Խաչատուրովը Կապանն իր քմահաճույքի համար չէր վնասազերծում». Արմինե Ադիբեկյան

Դեռ 2021 թվականի նոյեմբերի 11-ին կառավարությունից հայտնել էին՝  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկ էր նախատեսվել 2022 թվականի հունվարի 20-ը: Այդ օրը կառավարության նիստի օրակարգում էր ընդգրկված Կապանի Սյունիք օդանավակայանին 49,508,722 դրամ հատկացնելու մասին հարցը։

Որոշումն ընդունվել էր, բայց առաջին պատմական չվերթը, որի մասին տեղեկացանք, տեղի ունեցավ միայն 2023 թվականի ապրիլի 26-ին. թռիչքը փորձնական էր:

Այս փորձնական թռիչքից հետո օգոստոսի 17-ին օդանավով Կապան այցելեց Նիկոլ Փաշինյանը, իսկ պաշտոնական հաղորդագրությունը տեղեկացրեց.

«Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի Երևան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից նախատեսվում են կանոնավոր չվերթեր»:

Կարդացեք նաև

Սակայն այսօր՝ օգոստոսի 19-ին, տեղեկանում ենք, որ մինչ Երևանից ժամանող ինքնաթիռը վայրէջք կկատարեր «Սյունիք» օդանավակայանում՝ ըստ ականատեսների, Ադրբեջանի կողմից կրակահերթի ձայներ են լսվել։

Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները շենքից տարհանել են դիմավորողներին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել, ինքնաթիռի մեջ են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխնախարարներ, ԶՊՄԿ-ի ղեկավարության անդամներ։

168.amադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեց՝ արդյոք օդային կապով Սյունիքի նոր ակցենտավորումը քայլ է՝ ուղղված Սյունիքի անվտանգությունն ամրապնդելո՞ւն, թե՞ հերթական դրվագ՝ «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ», «Արցախը Հայաստան է, և վերջ», «Աղդամն իմ հայրենիքն է» հայտարարությունների համատեքստում:

«Սյունիքի անվտանգությունն արդեն իսկ խաթարված է, որովհետև բոլոր բարձունքները նվիրվել են Ադրբեջանին: Այսինքն, Սյունիքն ամբողջությամբ Ադրբեջանի ուղիղ կրակի տակ է, ու թե հիմա սարի փեշին ինչ ենք անում, ու եթե անգամ ինչ-որ հաջողություն ենք գրանցելու, ժամանակավոր բնույթ է կրում՝ մինչև Բաքվից հրաման չիջեցվի՝ կրակե՛ք,- ի պատասխան՝ նշեց ադրբեջանագետը և հիշեցրեց,- 1992 թ., երբ Յուրի Խաչատուրովը վնասազերծում էր Կապանը, իր քմահաճույքի համար չէր անում, այլ, որ Հայաստանն այսօր տարածաշրջանում ձայնի իրավունք ունենա, և, որ այսօր ունենայինք անվտանգ Սյունիք:

Փաշինյանը բոլոր ձեռքբերումները նվիրեց Ադրբեջանին, հիմա փորձում է կինոյի տղա խաղացնի՞. Ադրբեջանը թույլ չի տալու Սյունիքի զարգացումը»։

Հիշեցնենք՝ 1992թ. դեկտեմբերի 10-ին իրականացվեց Կապանի օպերացիան, որի արդյունքում Կապան քաղաքի և մոտակա բնակավայրերի շուրջ ստեղծվեց անվտանգության գոտի։ Կապանի օպերացիայի ղեկավարը գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն էր:

Հարցին՝ արդյո՞ք Իրանի և ապագայում նաև Ռուսաստանի հյուպատոսությունների գործարկումը Սյունիքում չի զսպի Ադրբեջանի ախորժակը, Արմինե Ադիբեկյանը հակադարձեց դիտարկմամբ. «Այդ հյուպատոսությունները կողպեքը կգցեն ու կգնան իրենց տներով. ձեզ թվում է՝ Իրանը զորք է մտցնելու իր հյուպատոսությունը պաշտպանի՞:

Նիկոլ Փաշինյանն արել է ամեն ինչ, որ Սյունիքը լինի ոչ հայկական. այնպես, ինչպես թուրքին նվիրեց Արցախը, Սև լիճը, Ջերմուկի տարածքները և ինչպես նվիրում է Տավուշը: Նա Ադրբեջանին նվիրել է ամբողջ գործիքակազմը, որով նա կարող է ոչնչացնել Հայաստանը»:

Մեր զրուցակիցը վստահեցրեց՝ Երևան-Կապան ցուցադրական թռիչքն ուղղված էր ներքին լսարանին՝ ցույց տալու, որ մենք՝ հայկական կողմը, ոչինչ չի կարող անել:

«Նույն բանի համար, ինչի համար Փաշինյանն 8 ամիս շրջափակումից հետո տարավ Արցախի դարպասների մոտ կանգնեցրեց իր բարեգործական բեռը, որը չկարողացավ անցկացնել: Այսինքն՝ ցույց տալու համար, որ մենք ի վիճակի չենք ձեզ պաշտպանել, դրա համար մենք ձեզ նվիրում ենք թշնամուն,- մանրամասնեց նա՝ չբացառելով, որ այս դրվագը հնարավոր ռազմական գործողության նախաբան կարող է լինել,- Հնարավոր է, որ շատ շուտով սկսվի պատերազմ, և հերթական պարտությունով Փաշինյանը լեգիտիմացնի Կապանի նվերն Ադրբեջանին: Ապագան եկել է, հայե՛ր, սա էի՞ք ուզում»

Նշենք նաև, որ «Սյունիք» օդանավակայանում ավիացիոն անվտանգության ծառայության տեսուչ, երրորդ հերթափոխի ավագ Ալբերտ Սարգսյանը օգոստոսի 18-ին հաղորդում էր տվել, որ նույն օրը ժ. 04:24-ին Ադրբեջանի կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող վայրից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ արձակվել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս, վնասել գույք, իսկ 3-րդ կրակոցի հետքերը չեն հայտնաբերվել, որոնք ունեցել են ազգային, էթնիկ բնույթի հանգամանքներով պայմանավորված սպանության նպատակ: Մեկնել են ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննիսյանը, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Կոստանդյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Մկրտչյանը և Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Գրիգորյանը:

Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քր. վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի նախագահ Զ. Ասկերովը երեկ հայտարարել է. «Կապանի օդանավակայանը կունենա Ստեփանակերտի օդանավակայանի ճակատագիրը։ Այն կմնա որպես թանգարանային նմուշ։ Հայաստանը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչպիսին Կապանի օդանավակայանի բացումն է։ Հայաստանը Ադրբեջանի հետ նման համաձայնություն չունի»։

Տեսանյութեր

Լրահոս