Ադրբեջանից այս տարի 4 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է եկել Հայաստան. Եվս 2 ադրբեջանցի ապաստան է հայցել

Ադրբեջանից Հայաստան եկած զբոսաշրջիկների քանակն այս տարի 4 անգամով ավելացել է։

Սա պաշտոնական վիճակագրության արձանագրումն է, որը շատերի համար կարող է անակնկալ լինել։ Բայց դա այն է, ինչ արձանագրել է Վիճակագրական կոմիտեն։

Եթե անցած տարվա առաջին կեսին Ադրբեջանից եկել էր՝ 3, այս տարի եկել է 12 զբոսաշրջիկ։

Ընդ որում, բոլորը երկրորդ եռամսյակում։ Առաջին եռամսյակում պաշտոնական վիճակագրությունն Ադրբեջանից Հայաստան որևէ այցելություն չէր արձանագրել։

Կարդացեք նաև

Հայ-ադրբեջանական լարված հարաբերությունների պայմաններում ու թշնամանքի ֆոնին, տարօրինակ է թվում Ադրբեջանի քաղաքացիների կողմից, հատուկ զբոսաշրջության նպատակով, Հայաստան այցելելու փաստը։ Բայց պաշտոնական վիճակագրությունն այդպիսին է։ Թեև ենթադրվում է, որ իրականում խոսքը բոլորովին էլ զուտ զբոսաշրջային այցելության մասին չէ։

Ադրբեջանցիները, ինչպես հայտնի է, Հայաստան էին եկել Երևանում ապրիլին կայացած Ծանրամարտի եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար։ Սակայն առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո, երբ այրվեց այդ երկրի դրոշը, Ադրբեջանի պատվիրակությունը հրաժարվեց մասնակցությունից և հեռացավ։

Խոսքն ըստ էության այս պատվիրակության այցելության մասին է, որը պաշտոնական վիճակագրությունը ներկայացրել է՝ որպես զբոսաշրջային այց։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պատվիրակությունը կազմված էր 12 անդամից։ Ճիշտ այնքան, որքան զբոսաշրջային այց է արձանագրել պաշտոնական վիճակագրությունը։ Այլ հարց, նրանք իրականում զբոսաշրջիկնե՞ր են եղել, թե՞ ոչ։

Պաշտոնական վիճակագրության արձանագրած 12 ադրբեջանցիները Հայաստանում մնացել են միջինը 2 օր։ Այսինքն՝ այնքան, որքան Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանում եղել է Ադրբեջանի պատվիրակությունը։

Մի կողմ թողնենք այն, թե ի՞նչ չափանիշներով է պաշտոնական վիճակագրությունը հաշվարկում զբոսաշրջային այցերը։ Բայց ակնհայտորեն կան դեպքեր, երբ դրանք դժվար է այդպիսին համարել։ Թեև, ինչպես տեսնում ենք, համարում են։

Հավանաբար նաև դրա արդյունք են զբոսաշրջային հոսքերի այն ավելացումները, որոնք արձանագրում է պաշտոնական վիճակագրությունը։

Դրանց համաձայն, զբոսաշրջային հոսքերը Հայաստան այս տարի  բավական ակտիվ են եղել։ Առաջին կիսամյակում թիվն անցել է 1 միլիոնից։ Անցած տարի 588 հազար էր։

Հայաստան այցելած, այսպես կոչված, զբոսաշրջիկների քանակն ավելացել է ոչ միայն Ադրբեջանից, այլև Թուրքիայից։

Աճը, ինչպես Ադրբեջանի պարագայում, անգամներով չէ, բայց բավական մեծ է։ Նախորդ տարվա համեմատ Թուրքիայից Հայաստան եկածների քանակն ավելացել է գրեթե 68 տոկոսով, ինչը համարժեք է շուրջ 2,3 հազար հավելյալ զբոսաշրջիկի։ Այս տարի այդքանով ավելի շատ Թուրքիայի քաղաքացի է այցելել Հայաստան։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, անցած տարվա առաջին կեսին եկել էր՝ 3 հազար 341, այս տարի եկել է 5 հազար 608 զբոսաշրջիկ։

Իհարկե, առաջին եռամսյակում հոսքերի աճը շատ ավելի մեծ էր՝ այցերը 2,2 անգամով ավելացել էին։ Երկրորդ եռամսյակում աճի տեմպը բավական ընկել է։ Չի բացառվում, որ դրա վրա ազդել է Երևանում հայտնի հուշահամալիրի տեղադրման հետ կապված լարվածությունը, Թուրքիայի կողմից հնչող սպառնալիքներն ու օդային փոխադրումների դադարեցումը։

Դրանով հանդերձ, երկրորդ եռամսյակում Թուրքիայից 38 տոկոսով զբոսաշրջային հոսքերի աճ է գրանցել պաշտոնական վիճակագրությունը։

Ի՞նչն է Հայաստանում այդքան գրավել թուրքերին, հայտնի չէ։ Բայց հաստատ ոչ սերը Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական ու մշակութային արժեքների նկատմամբ։

Հայտնի է, որ Թուրքիայի քաղաքացիները Հայաստան են գալիս տարբեր, այդ թվում՝ բիզնես նպատակներով, երբեմն էլ հետաքրքրված են անշարջ գույք ձեռք բերելով։

Ի դեպ, այս տարվա առաջին կեսին Թուրքիայի 10 քաղաքացի ապաստան է հայցել Հայաստանում, ինչը ևս արտառոց բարձր ցուցանիշ է։ Նախորդ ամբողջ տարվա ընթացքում Թուրքիայի ընդամենը 6 քաղաքացի էր նման խնդրանքով դիմել։

Գուցե զարմանալի թվա, բայց այս տարվա առաջին կեսին Հայաստանում ապաստան հայցողների մեջ նաև Ադրբեջանի 2 քաղաքացի կա, երկուսն էլ՝ տղամարդ։ Մեկը՝ մինչև 34 տարեկան, մյուսը՝ 65-ից բարձր։

Սա, անշուշտ, բազմաթիվ ենթադրությունների առիթ կարող է տալ։ Բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը։

Ինչևէ, վերադառնանք զբոսաշրջությանը. պաշտոնապես այս տարի Հայաստան եկող զբոսաշրջային հոսքերը բարձր տեմպերով ավելացել են, սակայն տեսնում ենք, որ հիմնական ուղղությունը մնում է Ռուսաստանը։ Առաջին կիսամյակում եկածների կեսից ավելին Ռուսաստանի քաղաքացիներն են. 1 միլիոնից՝ 518 հազարը։

Անցած տարվա առաջին կեսին եկել էին 251 հազարը, 2,1 անգամով ավելի քիչ։ Սակայն այն ժամանակ ռուս-ուկրաինական հակամարտության ու պատժամիջոցների ազդեցությունն ամբողջությամբ չէր արտահայտվել։ Առավել ևս, որ անցած տարվա սկզբին, մինչև հակամարտությունը, Ռուսաստանի քաղաքացիների այցերը Հայաստան դեռ «նորմայի» մեջ էին։ Ու դրա համեմատ է, որ այս տարի հոսքերի նման մեծ տարբերություն է նկատվում։ Բայց այդ տարբերությունն առաջիկայում աստիճանաբար կփոքրանա, երբ անցած տարվա երկրորդ կեսի ազդեցությունները վիճակագրության վրա գնալով ավելի մեծանան։

Աճի տեմպը դրանից կընկնի, չնայած Ռուսաստանը կշարունակի առաջատարի դիրքերում մնալ Հայաստանի զբոսաշրջային հոսքերում։ Որևէ այլ երկիր նույնիսկ դրան մոտ ցուցանիշ չունի։

Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում մնացել են միջին հաշվով 24 օր, որը 1 օրով ավելի է նախորդ տարվանից։

Ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանի քաղաքացիներն այս տարի ավելի քիչ ժամանակ են անցկացրել այստեղ։ Անցած տարի միջին հաշվով մեկ զբոսաշրջիկ մնացել էր 76 օր, այս տարի մնացել է 70 օր։

Հայաստանի քաղաքացիները զբոսաշրջային հոսքերի մեջ քանակով երկրորդն են։ Առաջին կեսին նրանք կազմել են 144,7 հազար։ Վրաստանը երրորդն է, իսկ Իրանը՝ չորրորդը։

Իշխանությունները շատ են հպարտանում զբոսաշրջային հոսքերի այս աճերով, բայց մոռանում են, որ սա ո՛չ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունների ավելացման, և ո՛չ էլ գրավչության բարձրացման արդյունք է։ Առավել ևս՝ անվտանգային այն միջավայրում, որը առկա է մեր երկրի շուրջ։ Դրանք հիմնականում հանգամանքների բերումով հարկադրված այցեր են, երբեմն՝ խիստ բևեռացված։ Երբ վերանան վերջին շրջանում ի հայտ եկած գործոնները, դրանք նույնքան կտրուկ կփոխեն ուղղությունները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս