Արդյո՞ք ընթանում ենք Քրիստոսի հետքերով
Կենդանի հավատի նշան է խաչը կրելը և Քրիստոսին հետևելը: Քրիստոսին հետևելը քրիստոնյայի կյանքի հիմնական իմաստն է, իսկ կյանքում վախ պատճառող որոշ հանգամանքներ ի չիք են դառնում, երբ քրիստոնյան հիշում է, որ Քրիստոս միշտ իր հետ է (Մատթ. 28:20): Անհրաժեշտ է Քրիստոսին հետևել, քանի որ Նա է բարի Հովիվը, աշխարհի Լույսը, Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը:
Քրիստոս բարի հովիվ է, որ ասել է. «Ես ճանաչում եմ Իմ ոչխարներին. Նրանք լսում են Իմ ձայնը և հետևում Ինձ, և Ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց. նրանք բնավ չեն կորչի» (Հովհ. 10:27-28): Քրիստոսն է եկեղեցու Գլուխը, իսկ քրիստոնյաները Նրա մարմնի անդամներն են, որ Գլխին միացած են հավատքով ու սիրով (Կող. 1:18): Քրիստոս այն հավատարիմ ու իմաստուն Առաջնորդն է, որ Իր հետևորդներին առաջնորդում է դեպի երկնային հայրենիք, այն հոգատար Ուսուցիչն է, որ ուսուցանում է ընթանալ ճշմարտության ճանապարհով, ուստի պետք է սովորել Նրանից այն, ինչ Նա ուսուցանեց խոսքով ու կյանքով. «Եթե հավատարիմ մնաք Իմ ուսուցումներին, ճշմարտապես Իմ աշակերտները կլինեք» (Հովհ. 8:31): Հետևել Քրիստոսին՝ նշանակում է խոսքով ու գործով լինել Քրիստոսի աշակերտը: Քրիստոս ոչ ոքի չհարկադրեց հետևել Իրեն, թեև կարող էր որպես Տեր, այլ կոչեց՝ ասելով՝ եկե՛ք Իմ հետևից: Քրիստոս աշխարհի Լույսն է (Հովհ. 8:12), նրանք, ովքեր չեն գնում Նրա հետքերով, խավարի մեջ են և հեռու են լույսից: Քրիստոս է Ճանապարհը և Կյանքը (Հովհ. 14:6), պետք է կառչել Նրանից, եթե չենք ցանկանում մոլորվել ու կյանքից զրկվել: «Ահավասիկ իրենց անձը քեզնից հեռացնողները պիտի կորչեն» (Սաղմ. 72:27):
Ով ցանկանում է մուտք գործել Երկնային Արքայություն, պետք է հետևի Քրիստոսին, ինչպես այն հրեաները, որոնք ցանկանում էին ազատվել եգիպտական գերությունից, հետևեցին Մովսես մարգարեին, և նրանք, ովքեր ցանկանում էին գնալ խոստացված երկիր, հետևեցին Հեսուին: «Ով ուզում է Ինձ ծառայել, պետք է հետևի Ինձ, և որտեղ Ես եմ գտնվում, այնտեղ կլինի և Ինձ ծառայողը» (Հովհ. 12:26),- ասել է Քրիստոս: Նա, ով ցանկանում է Քրիստոսի հետ փառավորվել, պետք է հետևի Քրիստոսին, այսինքն՝ իր խաչը կրի սիրով, խոնարհությամբ, համբերությամբ ու առանց տրտունջի:
Եթե անձը տառապում է որպես քրիստոնյա, ապա կփառավորվի Քրիստոսի հետ, ինչպես գրել է Պողոս առաքյալը. «Մենք Աստծու ժառանգորդներն ենք և Քրիստոսի ժառանգակից. մասնակից ենք լինում Նրա չարչարանքներին, որպեսզի մասնակից լինենք նաև Նրա փառքին» (Հռոմ. 8:17): Չարագործները ևս տառապում են և իրենց խաչը կրում, բայց չեն հետևում Քրիստոսին, քանի որ տառապում են՝ ըստ իրենց գործերի: «Արդարև, ի՞նչ արժանիք կունենաք, եթե ձեր գործած հանցանքների համար տանջվեք և համբերեք. մինչդեռ երբ բարիք գործելով չարչարվեք և համբերեք, շնորհ կգտնեք Աստծու մոտ: Դուք կոչված եք հենց այդ համբերությունը ցուցաբերելու, որովհետև Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց՝ օրինակ տալով ձեզ, որպեսզի ընթանաք իր հետքերով» (Ա Պետր. 2:20-21):
Քրիստոսին հետևել՝ նշանակում է լինել ճշմարիտ ապաշխարության մեջ և համբերությամբ կրել դժվարությունները, նայելով Քրիստոսին, որ, հանուն մարդկության փրկության, համբերությամբ կրեց չարչարանքները՝ կատարելով Իր երկնավոր Հոր կամքը (Հովհ. 4:34): «Խոնարհեցրեց Ինքն Իրեն, հնազանդվեց Աստծուն՝ հանձն առնելով մահը, և այն էլ՝ մահը խաչի վրա» (Փիլիպ. 2:8): Ահա, թե ինչպես Նա Իր օրինակով սովորեցրեց Աստծուն հաճելի լինել, այսինքն՝ Նրա կամքը կատարել:
Անհրաժեշտ է Քրիստոսին հետևել սրտով, հավատքով, սիրով և կյանքի փոփոխությամբ: Շատերը հետևեցին Քրիստոսին Նրա երկրային կյանքի ընթացքում, բայց իրենց սրտով հեռացան Նրանից, անգամ թշնամացան, ինչպես, օրինակ, դպիրները, փարիսեցիները: Այսինքն՝ քրիստոնյան ոչ թե շուրթերով, այլ սրտով պետք է մոտենա Քրիստոսին: Նա, ով չի հետևում Քրիստոսին և չի ուղղում իր կյանքը Քրիստոսի խոսքի և կյանքի համաձայն, քայլում է խավարի մեջ և հեռու է լույսից: Շատերն արհամարհում են դեպի Աստված տանող նեղ ու դժվարին ուղին, սակայն դեպի հավիտենական կյանք տանող այլ ուղի չկա, բացի խաչի ճանապարհից. «Ով իր խաչը չի վերցնում ու Ինձ չի հետևում, արժանի չէ Ինձ» (Մատթ. 10:38): Հետևել Քրիստոսին՝ նշանակում է հրաժարվել հին մարդուց և նոր մարդ դառնալ:
Հին մարդուց հրաժարվել՝ նշանակում է հրաժարվել հպարտությունից, արծաթասիրությունից, փառասիրությունից, եսասիրությունից, բարկությունից, չարությունից, վրեժխնդրությունից և հետևել Քրիստոսին, որ «իր կյանքը զոհեց մեզ համար» (Ա Հովհ. 3:16): Քրիստոս ճանապարհ հարթեց երկրից դեպի երկինք և Իր հետևորդների հայացքն ուղղեց դեպի երկինք: Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք, որ ինչպես միաժամանակ հնարավոր չէ դեպի երկինք ու երկիր նայել, այնպես էլ անհնար է միաժամանակ ինքդ քեզ և Քրիստոսին հետևել: Այժմ Քրիստոս ֆիզիկապես երկրի վրա չէ, բայց Նրա հետևորդներն իրենց աչքի առաջ ունեն Սուրբ Գիրքն ու Նրա սուրբ կյանքի օրինակը: Աստծու Որդին հաճեց ապրել երկրի վրա, որպեսզի մարդկանց որդիները Աստծու որդիներ դառնան:
Հետևել Քրիստոսին նշանակում է հնազանդվել Նրա խոսքին: Քրիստոս ասել է. «Ով հավատում է Ինձ, նրա սրտից կենսատու ջրի գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:38): Հավատն այն ուղին է, որով Աստված և մարդ հանդիպում են միմյանց: Աստծու պատվիրանները կյանքի ճանապարհ են: Քրիստոս ասել է. «Ես եկա, որպեսզի կյանք ունենան, և կյանքը լինի առավել լեցուն» (Հովհ. 10:10): Լայն ճանապարհով քայլողը մնայուն ոչ մի բանի չի հասնում՝ չնայած երկրի վրա նրան շատ բան են խոստանում: Մարդը ոչ թե պետք է տխրի նյութական ունեցվածքի կորստի, այլ իր մեղքերի և Աստծուց հեռու լինելու պատճառով: Քանզի նման տխրությունն ապաշխարության աղբյուր է, որը սրբացնում է մարդուն, ազատում մեղքերից և առաջնորդում դեպի Աստված:
Իր զբաղվածության մեջ կարևոր է, որ մարդ իր ուշադրությունը կենտրոնացնի այն ամենի վրա, ինչը հավիտենական նշանակություն ունի: Ուրեմն պետք է հաստատակամ, հանգիստ ու լիարժեք հավատով Քրիստոսին հետևել և առաջ գնալ. հոգևոր առումով չկանգնել, չքնել ու հետ չնայել, այսինքն՝ մշտապես հոգևոր արթնություն ունենալ: «Դուք բոլորդ լույսի որդիներ եք, ցերեկվա՛ որդիներ: Մենք գիշերվան չենք պատկանում, ոչ էլ խավարին: Հետևաբար, քնով չտարվենք ուրիշների նման, այլ արթուն և զգաստ լինենք, որովհետև քնողները գիշերն են քնում, հարբեցողներն էլ գիշերն են հարբում» (Ա Թես. 5:5-7): Իմանալ և կատարել Աստծու պատվիրանները ծանր պարտականություն չէ, այլ Աստծու մեծ պարգևը ողջ մարդկությանը, դա այն միակ ճանապարհն է, որ կյանք է պարգևում. «Դուք Իմ բարեկամներն եք, եթե գործադրեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ» (Հովհ. 15:14):
Կազմեց Կարինե Սուգիկյանը