Ավարտվում է տնտեսության «համաշխարհային աճերի» ժամանակաշրջանը

Հայտնի գործոնների շնորհիվ՝ անցած տարվանից Հայաստանի տնտեսությունը կրում է արտաքին դրական շոկերի ազդեցությունը։ Դրա արդյունքում անցած և այս տարվա սկզբին բարձր աճեր գրանցվեցին։ Սակայն դա էլ մոտենում է իր եզրագծին։ Տնտեսության «համաշխարհային աճերի» դարաշրջանն ավարտվում է։ Մտնում ենք հետնահանջի փուլ։

Տնտեսական աճի տեմպը, ինչպես և սպասվում էր, սկսել է ընկնել, այն էլ՝ բավական կտրուկ։

Նախորդ տարվա անսպասելի դրսևորումների ազդեցությունն առաջիկայում տնտեսական աճի տեմպի նվազման վրա գնալով կխորանա։

Տարեսկզբի բարձր աճերից հետո, որը գերազանցապես նախորդ տարվա ցածր բազային էֆեկտի արդյունքն էր, հունիսին աճի տեմպը կտրուկ ընկավ։ Եթե ապրիլին գրանցվեց՝ 12,3, մայիսին՝ 13,6 տոկոս տնտեսական ակտիվության աճ, ապա արդեն հունիսին այն կազմեց ընդամենը 6,8 տոկոս։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ նախորդ տարվա արտաքին դրական շոկերի ազդեցությունը սկսեց առավելապես արտահայտվել մայիսից հետո։ Հունիսին այն արդեն ամբողջությամբ նկատելի  էր։

Նախորդ տարվա դրական շոկերը թեև այսօր էլ պահպանվում են, բայց այլևս նախկին ազդեցությունը չունեն տնտեսական աճի ցուցանիշների վրա։

Հունիսին տնտեսական ակտիվության աճը նախորդ ամսվա համեմատ գրեթե կրկնակի նվազել է։

Նվազել է ոչ միայն մինչ այդ ակտիվությամբ աչքի չընկնող տնտեսության առանցքային հատվածների, այլև այնպիսի ճյուղերի հաշվին, որոնք վերջին առնվազն մեկ տարում դարձել էին բարձր աճի ապահովման հիմքը։

Խոսքը, մասնավորապես, ծառայությունների մասին է։ Անցած տարվա մայիս-հունիսից գտնվելով ակտիվության գագաթնակետին, այս տարվա հունիսին ծառայությունների աճի տեմպը կտրուկ նվազեց և կազմեց ընդամենը 4 տոկոս։

Եթե ծառայությունների աճը հունիսին դեռ ինչ-որ չափով պահպանվեց, ապա տնտեսության ամենաառանցքային ճյուղը, ի դեմս արդյունաբերության, հայտնվեց անկման մեջ։ Նախորդ տարվա համեմատ՝ 7,4 տոկոսանոց անկում գրանցվեց։ Էապես կրճատվեց նաև արդյունաբերության տարեկան աճի տեմպը, թեև նախկինում էլ այն բարձր չէր։

Առաջին կիսամյակի արդյունքներով, արդյունաբերության աճը կազմեց ընդամենը 1 տոկոս, ինչը մտահոգիչ է, բայց ոչ իշխանությունների համար։ Նրանք շարունակում են իրենց կեղծ օրակարգերով խաբել ու մոլորեցնել հասարակությանը։ Հիմա էլ ավտոմեքենաների չեղած արտադրությամբ են կերակրում մարդկանց։ Էկոնոմիկայի նախարարը՝ փոխարենը մտածի արդյունաբերությունը զարգացնելու ու այս անմխիթար վիճակից ելքեր գտնելու մասին, ավտոմեքենաների չեղած արտադրությունից է խոսում։

«Հայաստանում արտադրվում են «Սեպուհ 1» անունը ստացած ավտոմեքենաներ»,- վերջերս այսպիսի հայտարարությամբ փորձեց հերթական անգամ մարդկանց ուշադրությունն իրականությունից շեղել էկոնոմիկայի նախարար Քերոբյանը։ Այնինչ՝ խոսքն ընդամենն ավտոմեքենաների հավաքման ինչ-որ արտադրամասի մասին է։ Մասերն այլ երկրներից բերում են, Հայաստանում կպցնում են իրար ու մեքենաների արտադրությունից են խոսում։

Ժամանակին էլ այդպես հեռուստացույցներ ու սառնարաններ, գազաբալոններ ու էլի բազմաթիվ այլ բաներ էին արտադրում։ Տեսանք, թե ինչքան տևեց դրանց արտադրությունը. կարճ ժամանակ անց փակվեցին ու կորան։

Հիմա էլ սա է։ Դեռ ժամանակ կլինի խոսելու այն մասին, թե հերթական թոզփչոցին ինչքան կտևի։

Արդյունաբերության աճը վեց ամսում 1 տոկոս է, գյուղատնտեսությանն էլ՝ 2 տոկոս։ Այն էլ՝ տարիների անընդմեջ անկումից հետո։ Հինգ տարում գյուղատնտեսությունը ոչ մի անգամ աճ չի տվել, միայն անկում է եղել։ Այս տարվա վեց ամսում մի փոքր աճ կա, բայց դեռ հարց է, թե այն որքան կպահպանվի, և տարեվերջին ինչ պատկեր կունենանք։

Ներմուծում-արտահանումների շնորհիվ արձանագրվող արտաքին առևտրի աստղաբաշխական աճերն էլ են դադարել։

Հունիսին՝ նախորդ տարվա հունիսի համեմատ, արտահանումն ավելացել է ընդամենը 2,5 տոկոսով։

Դա էլ գերազանցապես փոխարժեքի փոփոխության արդյունքն է։ Եթե հանենք տարադրամի արժեզրկման ազդեցությունը, արտահանումը նույնիսկ անկումային կլինի։

Անցած տարվա հունիսին Հայաստանից արտահանվել էր ավելի քան 208 մլրդ դրամի ապրանք, այս տարի արտահանվել է 198 միլիարդի. 10 միլիարդով պակաս։

Պարզապես, քանի որ այս տարի դոլարի միջին փոխարժեքը կազմել է 386 դրամ, իսկ անցած տարի 422 դրամ էր, դոլարով արտահայտված 2,5 տոկոսի աճ է գրանցվել։ Այնինչ՝ դրամով արտահայտված ունենք 4,8 տոկոսի անկում։

Աճն առայժմ պահպանվում է ներմուծումների պարագայում, թեև տեմպն էապես ընկել է։ Դա էլ հայտնի է, թե ինչի արդյունք է։ Ներքին առևտրի շրջանառությունն է ավելացել՝ գերազանցապես ռելոկանտների ու զբոսաշրջիկների հաշվին։

Ներքին առևտրաշրջանառությունը հունիսին աճել է 20 տոկոսով՝ դառնալով տնտեսական ակտիվության վրա ազդող հիմնական գործոններից մեկը։

Մյուս գործոնն էլ շարունակում է մնալ շինարարությունը, որի հետ կապված ավելի շատ մտահոգություններ կան, քան դրական սպասումներ։ Շինարարության փուչիկը սպառնում է պաթել՝ իր հետ անդունդը քաշելով բանկային համակարգն ու բնակչության այն հատվածին, ովքեր չհիմնավորված բարձր ռիսկի ու վարկային բեռի տակ են մտել։

Շինարարությունը լուրջ գլխացավանք է դարձել նաև պետական բյուջեի համար։ Բյուջեից մեծ գումարներ են հատկացվում շինարարության փուչիկը եկամտային հարկի վերադարձի միջոցով ֆինանսավորելու համար։

Այս տարի արդեն դրան հատկացվող բյուջետային գումարը կարող է հասնել 150-200 մլն դոլարի։

Այդքան փող կառավարությունը վճարում է, որպեսզի ունեցող-չունեցող, այդ թվում՝ պատահաբար իշխանության բուրգի գագաթին հայտնված մարդիկ պետության հաշվին բնակարանի տեր դառնան։ Երբեմն էլ մեկի փոխարեն՝ մի քանիսը։ Իշխանության որ ներկայացուցչի եկամուտների հայտարարագիրը բացում ես, հիպոթեքով բնակարան է գնել ու պետական բյուջեից միլիոնավոր դրամի գումարներ է ստացել՝ եկամտային հարկի հետվերադարձի միջոցով։

Այս ճանապարհով մինչ շտապում են լուծել իրենց բնակարանային ապահովության խնդիրները, շինարարության փուչիկը շարունակում է ուռել։ Շուտ թե ուշ, այն պայթելու է՝ ձեռնունայն թողնելով այն իրական շահառուներին, որոնք հույս ունեին եկամտային հարկի վերադարձի միջոցով բնակարան ձեռք բերել։

Տնտեսության աճի առանցքը հունիսին եղել է շինարարությունն ու առևտուրը։ Բայց դրանց ազդեցությունն այլևս նախկինի նման մեծ չէ։ Տարեկան կտրվածքով արդեն նկատվում է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում։ Եթե տարեսկզբի հինգ ամիսներին այն հասել էր 12,5 տոկոսի, ապա կիսամյակի արդյունքներով կազմել է 11,4 տոկոս կամ նվազել է 1,1 տոկոսային կետով։ Առաջիկայում սա էլ չի լինելու։ Հավանաբար արդեն հաջորդ ամիս հրաժեշտ կտանք երկնիշ ակտիվության աճին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս