«Նրա աչքերում ամեն ինչ կա, բաց տեքստով ասում է՝ ինչ է բերելու մեր գլխին. այդ աղետալի ձայնը, գրողը տանի…». Մարջան Ավետիսյան

Դերասանուհի Մարջան Ավետիսյանի համար կանխատեսելի էր, որ 2018-ի փողոցային իրադարձությունները, ի վերջո, հանգեցնելու են Հայաստանում և Արցախում առկա այս աղետալի իրավիճակներին:

«Ես վստահ էի, որ աղետ է լինելու, բայց մասշտաբները, բնականաբար, չէի պատկերացնում, որ 2023թ. մեր դռներն այնպես կփակեն մեր առաջ, որ չկարողանանք տեսնել մեր հայրենակիցներին, ավելին՝ չկարողանանք 35 հազար երեխաների ուտելիք հասցնել և այսպես սովի մատնել: Երբեք չէի պատկերացնի մասշտաբը: Որքան երկարաձգվի «խաղաղության պայմանագրի» այս միֆը, այդքան վիճակը ծայրահեղ է լինելու: Ինձ համար արցախցին ամենամաքուր, ջինջ հայի տեսակն է, որը շատ լավ հասկանում է՝ ինչ է թուրքի հետ հարևանությամբ ապրելը, ուր մնաց թե՝ քո տան մեջ իրենց ընդունել: Իրենք ամուր են, և հուսամ, որ իրենց կամքը, ամրությունը չի կոտրվի: Չենք կարող մենք մեր անտարբերությամբ ազդել իրենց կամքի և ամրության վրա: Ես տիեզերական ճշմարտությունների եմ հավատում այլևս, որովհետև այն քաղաքականությունը, որ վարում է այսօրվա իշխանությունը, միանշանակ տանում է աղետի, բայց իմ հավատալիքները, այդ ճշմարտություններին հավատալը, թույլ է տալիս ինձ մի քիչ ոգևորվել ու ամուր մնալ, որ ամեն ինչ այսպես չի ավարտվելու: Մի օր բացվելու է դուռը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Դերասանուհին այն կարծիքին է, որ իր որոշ կոլեգաներ 2018-ին իրենց գոյության շարունակականությունն ապահովելու համար էին հրապարակում:

Կարդացեք նաև

«Երգողները կան, պարողները կան, և կան մարդիկ, որոնք լուրջ մտահոգություններ ունեն: Շատերը հանրային տիրույթում չեն արտահայտում իրենց մտահոգությունները, սոցցանցերում չեն գրում այդ մասին, բայց նրանք կան, և ես հավատում եմ այդ մադկանց անկեղծությանը»,- իր կոլեգաների վերաբերյալ ասաց նա:

Մարջան Ավետիսյանը վերջին տարիներին ապրում է Միացյալ Նահանգներում, և հիշեց, թե ինչպես անգլերենի դասերից մեկի ժամանակ իր դասախոսն ապրիլի 24-ին ցավակցել է իրեն՝ Հայոց ցեղասպանության համար.

«Լսարանի մեծ մասը Հայոց ցեղասպանության մասին չգիտեր, և դասից մոտ 15 րոպե օտարազգի դասախոսս տրամադրեց, որ խոսի Հայոց ցեղասպանության մասին, թե ովքեր են թուրքերը, ովքեր էին հայերը՝ Օսմանյան կայսրությունում, և այլն: Ես ապշած լսում էի, և երբ հուզվեցի, նա ասաց՝ ինչո՞ւ ես հուզվել: Ես չպատասխանեցի, որովհետև չէի կարող դրա մասին բարձրաձայնել. Օտար երկրում օտար մարդն ինձ ցավակցում է Հայոց ցեղասպանության համար, իմ երկրի ղեկավարը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Այդ կատաստրոֆան, որ կատարվեց ինձ հետ, ամբողջ դասի ընթացքում չկարողացա կենտրոնանալ և որևէ բառ չկարողացա արտաբերել»:

Ըստ նրա՝ գործող իշխանությունները հասարակ քաղաքացուն դարձրել են սովորական սպառող, որին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում երկրում. «Կոլեկտիվ անպատասխանատվություն, որը հանգեցնելու է կոլեկտիվ ինքնասպանության. Տանում են դրան: Այն մարդիկ, որոնք իր արտահայտած մտքերի հետ համաձայն չեն, բանտարկվելու են: Այսօր, ի դեպ, կարդում էի, 105 մարդ տնային կալանքի տակ է, 1084 մարդ կալանավորված է: Այս է մեր երկիրը, այս է իրենց բերած ժողովրդավարությունը: Այս ամենով ինքը վախեցնում կամ զսպում է մարդկանց, որոնք հոգնել են, զզվել են, բայց չգիտեն՝ ինչ անել: Նա կրկնապատկում է այդ նսեմացումը և ամեն օր ասում է՝ ես ձեզ տեր չեմ լինելու:

Այդ աղետը բոլորիս կյանք է մտել, և հեչ կարևոր չէ՝ ինչ տեսքով՝ զոհված զինվորի դիակով, հարևան երեխայի զոհվելով, մենք կաշկանդված ենք հեռախոսով, ինքը դրանով է մեզ կառավարում, որովհետև դա շատ լավ միջոց է: Այսօր շատ լրատվամիջոցներ անընդհատ տարածելով նրանց ասածը, հասանելի են դարձնում դրանք սովորական մարդուն, որն ասում է՝ դե, եթե նա ասում է, ի՞նչ կարող եմ անել: Հետո, ժողովուրդը նմանվում է իրեն»:

Դերասանուհու խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կամ նրա տիկնոջ հրապարակած յուրաքանչյուր նկարը և կատարած գրառումը միտում ունի. «Վերջին իր հարցազրույցում (Ազրայիլի մասին է խոսքը) այդպես պոռթկալը, արցախցիներին այդպես հաթաթա տալը, դա միայն արցախցիներին չի վերաբերում, դա յուրաքանչյուր հայի է վերաբերում, բոլոր այն մարդկանց, որոնք դեմ կլինեն իր արտահայտած մտքերին: Իր համար միևնույն է, ինքը բոլորիս հանդեպ ունի այդ ատելությունը: Նա այդ աչքերով որ նայում է, այնտեղ ամեն ինչ կա: Քաղաքականությունը ինձ միշտ հետաքրքրել է, ինձ միշտ հետաքրքիր են եղել քաղաքական գործիչները, որովհետև քաղաքականությունը շատ կարևոր խաղ է պետությունների և ժողովուրդների համար, որտեղ շատ կարևոր է՝ ոնց ես քո դերը խաղում, և այդ խաղալուց է կախված քո ժողովրդի ճակատագիրը: Իսկ այդ մարդը ոչ թե խաղում է, նա բաց տեքստով ամեն ինչ ասում է, արանքում նա պատմում է՝ ինչ է անելու մեր գլխին: Անհնար է չտեսնել, անհնար է չզգալ, ձայնից… Այդ աղետալի ձայնը, գրողը տանի, գոնե մեկը աշխատեր հետը»:

Նա նկատեց՝ ամենավախկոտ մարդն աշխարհում ամենադաժան մարդկանցից մեկն է. «Եթե դու վախենում ես քո կաշվի, անիմաստ, փուչ գոյության համար, դու կզոհես բոլորին, թեկուզ 3 միլիոն: Ես վախենում եմ, որ սա այլևս սողացող է. մենք երեկ  2 զոհ ենք ունեցել, ո՞վ է հիշում դրա մասին: Փոքրիկ գովազդ նայելու հիշողության տևողությամբ մենք մոռանում ենք դա, մոռանում ենք շատ արագ, որ դրանք կյանքեր են, ճակատագրեր են, չծնված երեխաներ են, չստեղծված ընտանիքներ են կամ ստեղծված ընտանիքներ են՝ որբ երեխաներ են: Չկա այդ խորանալը, հասկանալը, շրջահայաց լինելը, որ այդ ամենը մտել է մեր տուն, մեր տանն է այդ աղետը»:

Մարջան Ավետիսյանի կարծիքով՝ այսօր շատ տարօրինակ ու ծանր բան է տեղի ունենում հատկապես երիտասարդների հետ.

«Ամեն երկրորդը խոսում է իր անձը սիրելու, իր անձը կարևորելու մասին, երևի ինստագրամյան շատ բլոգերների են լսել, ու մենք ամաչում ենք լինել հասարակ: Փողոցում ես նայում եմ, ապշում եմ այն երիտասարդների վրա, որոնք կազմ-պատրաստ քայլում են, և ինձ մոտ տպավորություն է, որ իրենք հենց այդ պահին նկարահանման են: Նրանք քայլում են՝ ենթագիտակցության մեջ ունենալով, որ իրենց նկարում են: Մենք հիվանդ ենք, լուրջ: Սա աղետ է: Տիկ-տոկի հայտնվելուց հետո մենք ամբողջ ազգով մտանք այդ փոքրիկ տուփի մեջ և դուրս չենք գալիս: Տեխնոլոգիաներով մարդկանց կառավարելը միայն մեր երկրում չի, ամբողջ աշխարհում է: Բայց քանի որ քիչ ենք ու իրար հաճախ ենք հանդիպում, այդ ամենն ավելի ակնառու է: Ես ափսոսում եմ, որ իրենք չեն կրթվում: Այնպես չէ, որ ես ինձ համարում եմ ամեն ինչ կարդացած և շատ գիտակ մեկը, այնքան բացեր ունեմ, բայց այսօր փուչ ունակությունների վրա ոգևորվող մարդիկ շատ են, երբ ասում են՝ ես կարողանում եմ Ինստագրամում լայքեր ավելացնել: Երբ ընտանիքում որևէ մեկը չի ասում, որ կրթությունը կարևոր է, ենթադրում եմ, որ այսպես էլ պետք է լինի»:

Դիտարկմանը՝ 2018-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները, նա արձագանքեց. «Չմոռանանք, որ այդ երիտասարդներից շատերն Արցախից չվերադարձան: Այդ զոհված երեխեքի ուսերի վրա իրենք եկան իշխանության և այդ զոհվածներին հավասարեցրին հողին. շատ վատ ստացվեց, բայց այդպես է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս