Մատաղացու պետության զրահապատ խամաճիկները

Հայկական իրականության, այդ թվում ու առաջին հերթին՝ քաղաքական իրականության բազմաթիվ դեֆորմացիաների շարքում կործանարար վտանգավորություն ունի քաղաքականության սուբյեկտների կողմից նպատակների ու միջոցների փոխատեղումը ու որպես հետևանք՝ պետական ու հանրային կյանքի հիմնարար կառույցների այլասերումը:

Ցանկացած պետություն ու հասարակություն, անգամ ընթացիկ արատների առկայությամբ, անարդյունավետ կառավարմամբ և այլ բացասական երևույթներով, այդուհանդերձ ունի նպատակների ու դրանց հասնելու համար թույլատրելի միջոցների համախումբ, որոնցից առնվազն նպատակների ենթահամակարգը հարաբերականորեն կայուն է ու անփոփոխ, եթե անգամ իրադարձությունների բերումով էականորեն փոխվում են դրանց հասնելու միջոցները:

Հանրային կյանքի բնականոն գործունեության ու զարգացման համար կայացած, հզոր ու մրցունակ պետությունը գտնվում է տվյալ հանրույթի նպատակների բուրգի ամենավերին հատվածում կամ գագաթին:

Իհարկե, կարելի է եզրաբանական բանավեճ ծավալել՝ արդյոք պետությունն ինքնին նպատա՞կ է, թե՞ իր հերթին միջոց՝ հասարակության գոյությունն ու զարգացումն ապահովելու համար: Ակադեմիական, գիտական շրջանակներում գուցե այդ հարցում լինեն տարամետ մոտեցումներ:

Կարդացեք նաև

Լայն իմաստով, սակայն, պետությունը կարող է համարվել հասարակության համար կարևորագույն նպատակներից մեկը, եթե անգամ ընդունենք, որ ավելի բարձր նպատակ է ոչ թե հենց պետությունը, այլ դրա միջոցով հանրային բնականոն կյանքի ապահովումն ու բարգավաճումը: Առաջին հայացքից տեսական թվացող այս հասկացություններն իրականում ունեն խիստ գործնական նշանակություն, երբ դրանք պրոյեկցում ենք ընթացիկ քաղաքական զարգացումների վրա: Հարաբերականորեն նորմալ հասարակության համար կարևորագույն նպատակ համարվող պետությունն այն վերնաշենքն է, որի ներքո ընթանում է՝ ինչպես ներքին քաղաքական կյանքը, այնպես էլ՝ արտաքին քաղաքականությունը: Դա նշանակում է, որ և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականությունները ոչ թե ինքնին նպատակներ են, այլ սոսկ միջոցներ՝ ավելի բարձր նպատակին՝ պետությանը ծառայելու համար: Դրանից էլ իր հերթին բխում է, որ որևէ պարագայում ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին քաղաքականությունները չեն կարող գերակա լինել պետության նկատմամբ, և հակառակը՝ երկուսն էլ պետք է ծառայեցվեն պետությանը, և ոչ երբեք՝ պետությունը պետք է ծառայեցվի դրանց:

Հայաստանում, ահա, խախտվել է պետականության կառույցի այս ֆունդամենտալ տրամաբանությունը, պատճառահետևանքային կապը, դիալեկտիկան: Անցած ավելի քան հինգ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր օրինակներով ապացուցել է, որ առանց աչք թարթելու պատրաստ է զոհաբերել պետությունը՝ հանուն սեփական իշխանության պահպանման:

Արցախյան երկրորդ պատերազմը, դրանում կրած ողբերգական պարտությունը ու դրանից հետո Նիկոլ Փաշինյանի կառչումն իշխանությունից, ասվածի ամենահամակարգային, ամենաարտահայտիչ օրինակն է: Ինչպես որ դրա ցցուն ապացույցն է այն, ինչ կատարվում է Արցախի հետ:

Արցախը նորանկախ Հայաստանի պետականության անբաժանելի, անքակտելի մասն էր, և հրաժարվել Արցախից՝ նշանակում է՝ հրաժարվել հայկական պետականության առնվազն նախաստեղծ վիճակից: Եվ ահա երկընտրանքում՝ հրաժարվել Արցախի՞ց՝ իշխանությունը պահպանելու համար, թե՞ հրաժարվել իշխանությունից՝ Արցախին փրկության հնարավորություն տալու նպատակով, Նիկոլ Փաշինյանն ընտրեց առաջինը՝ հանուն սեփական իշխանության՝ հայկական պետականության առանցքային բաղադրիչը հանդիսացող Արցախը պահպանելու անգամ տեսական շանսից զրկելով:

Սա պետությունը սեփական իշխանությանը ծառայեցնելու, նպատակը միջոցին ստորադասելու ու հանուն միջոցի՝ իշխանության, նպատակը զոհաբերելու դասական օրինակ է: Բայց Նիկոլ Փաշինյանը չի սահմանափակվել միայն Արցախով և դրա հանձնումով ապահովելով իշխանության պահպանումը, նույն իշխանության երկարաձգման համար պատրաստ է նոր զոհողությունների՝ արդեն նպատակների համակարգի մյուս բաղադրիչի՝ Հայաստանի պետականության հաշվին:
Հայկական քաղաքականության այս անոմալիան շարունակվում է նաև այն պատճառով, որ բոլոր նրանք, ովքեր պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, նույնպես խնդիրներ ունեն նպատակների և միջոցների տարանջատման ու դեֆորմացման առումով:

Ընդդիմադիր քաղաքական դաշտի համար Նիկոլ Փաշինյանի հեռացումը իշխանությունից հռչակվել է որպես նպատակ, այն դեպքում, երբ իրականում դա սոսկ միջոց է, որը պետք է ծառայի պետականության աղետաբեր ընթացքը կասեցնելու ու պետությունը պահպանելու նպատակին: Եվ մինչև քաղաքականության մեխանիզմում տեղի չունենա նպատակների ու միջոցների այս խառնաշփոթի վերացում ու զատորոշում, պետությունը շարունակելու է խարխափել իշխանության պահպանումը որպես գլխավոր նպատակ համարող ու ամենայնը դրան ծառայեցնող Նիկոլ Փաշինյանի և վերջինիս հեռացումը նպատակ հռչակած ու դրանով քաղաքական պայքարը դեֆորմացրած ընդդիմությունների միջև:

Իրերի ներկայիս ընթացքի պահպանման դեպքում դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև իրականություն կդառնա աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային տարբեր խաղացողների՝ հայկական պետականության ապամոնտաժման նպատակը:

Ընդ որում, հայկական քաղաքական կյանքի հիմնական դերակատարները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այդ նպատակը հետապնդողների համար ծառայում են որպես միջոցներ՝ իրենց ծառայության դիմաց ստանալով այն, ինչ դեռևս մնացել է հայկական պետականության փշրանքներից:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս