Ինչո՞ւ չեն հրապարակվում Նիկոլ Փաշինյանի գրասենյակում պաշտոն զբաղեցնող անձանց կենսագրությունները

Շուրջ երկու շաբաթ առաջ 168.am-ը գրել էր՝ ինչպիսի աղետալի վիճակ է կառավարությունում, ու, թե ինչ տեմպերով են իրենց բարձր պաշտոններից ինքնակամ հրաժարվում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի քիչ թե շատ պրոֆեսիոնալները։

Մենք շարունակել ենք ուսումնասիրել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի և փոխվարչապետերի գրասենյակների կառուցվածքը։ Ուսումնասիության արդյունքում նկատեցինք, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում բարձր պաշտոն զբաղեցնող որոշ անձանց կենսագրությունները, լուսանկարները, հեռախոսահամարները և էլփոստի հասցեները հրապարակված չեն։ Մինչդեռ իրեն ժողովրդավարական հռչակած պետությունում քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու պաշտոնատար անձանց կենսագրություններին, անհրաժեշտության դեպքում՝ կապ հաստատել նրանց հետ։

Նիկոլ Փաշինյանին պետք է հիշեցնել, որ, ըստ Սահմանադրության, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետևաբար՝ պետական մարմինները և պաշտոնատար անձինք պետք է հաշվետու և թափանցիկ լինեն ժողովրդի առջև։ Այսպես, gov.am կայքում հրապարակված չեն Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանի օգնական Արսեն Միխայլովի կենսագրությունը և լուսանկարը, իսկ նրա խորհրդականներ Ալեքսանդր Ավետիսյանի և Սուրեն Մաղաքյանի վերաբերյալ որևէ տվյալ չկա՝ ո՛չ կենսագրություն, ո՛չ հեռախոսահամար, և ո՛չ էլ էլփոստ։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում պատկերն էլ ավելի հետաքրքիր է։ Հրապարակված չեն գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանի կենսագրությունը և լուսանկարը, տեղադրված չէ նրա էլփոստը, իսկ նրա անվան ներքո նշված հեռախոսահամարը նրանը չէ։

Կարդացեք նաև

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Լիանա Առաքելյանի վերաբերյալ բացարձակապես որևէ տվյալ հրապարակված չէ։ Տիգրան Խաչատրյանը ս.թ․ մայիսի 2-ին Էդուարդ Անաստասյանին նշանակել է իր օգնականի պաշտոնում, ինչը պարզ է դառնում e-gov.am կայքից։ Սակայն այս օգնականի անունն անգամ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի կառուցվածքում տեղադրված չէ։

Գուցե կենսագրական տվյալները չեն հրապարակում, անունները չեն տեղադրում հերթական անգամ իրենց համար անցանկալի հետևանքներից խուսափելու, ուշադրության կենտրոնում չհայտնվելու համար, որովհետև չի բացառվում, որ այս անձինք բախտի բերմամբ են հայտնվել այս պաշտոններում։

Թերևս Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում կամ փոխվարչապետերի գրասենյակներում պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ կենսագրական և կոնտակտային տվյալների՝ e-gov.am կայքում հրապարակված չլինելու պատասխանատուն նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։ Վերջինս, սակայն, իր պարտականությունների կատարմամբ զբաղվելու փոխարեն՝ զբաղված է մարզահամերգային միջոցառումների կազմակերպմամբ՝ ամբողջությամբ մխրճված լինելով ԿԳՄՍ նախարարության գործունեության մեջ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պարագայում խնդիրն այլ է։

Ի տարբերություն Տիգրան Խաչատրյանի՝ Մհեր Գրիգորյանին վերապահված են բավականին լուրջ գործառույթներ՝ ռազմավարությունների մշակման գործընթացի, միջազգային կառույցների հետ համագործակցության, սահմանազատման և սահմանագծման գործընթացի համակարգում և այլն։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգրկված է բազմաթիվ միջկառավարական խորհուրդներում, այդ թվում՝ հայ-ռուսական, որոնցում համակարգում է հայկական կողմի գործունեությունը։

Փոխվարչապետ Գրիգորյանը համակարգում է նաև ռազմավարական ծրագրերի և դրանցից բխող իրավական ակտերի նախագծերի մշակմանն ուղղված գործունեությունը։

Ստացվում է, որ գործնականում Մհեր Գրիգորյանը համակարգում է Կառավարության գրեթե ողջ գործունեությունը։ Այս համատեքստում տրամաբանական և ողջամիտ հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք Գրիգորյանն իր գրասենյակի փոքրիկ թիմով իրեն վերապահված գործառույթներն արդյունավետորեն իրականացնել։ Բնականաբար՝ ոչ։ Գուցե սա՞ է Կառավարության գործունեությունում առկա քաոսի պատճառը։ Գուցե այս առիթի՞ց են օգտվում նախարարությունները և մոլորեցնում փոխվարչապետ Գրիգորյանին։ Գուցե թիմ չհավաքելով՝ փոխվարչապետ Գրիգորյանն ի՞նքն է ցանկանում «մոլորվել»։ Այս պարագայում ձախողման դեպքում միշտ էլ կարելի է հղում կատարել ոչ բավարար ռեսուրսներին:

Եվ իրականում միգուցե աշխատանքի ոչ հավասար բաժանումը, փոխվարչապետերի ու Նիկոլ Փաշինյանի գրասենյակներում առկա քաոսն է պատճառը, որ մարդիկ գերադասում են այլ աշխատանքի տեղափոխվել, միայն թե պատասխանատվություն չկիսեն պետության կործանման համար:

Տեսանյութեր

Լրահոս