Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի կրախը. ինչո՞ւ է զանգվածաբար դատարկվում կառավարության շենքը
«Հետհեղափոխական» Հայաստանում բոլոր պաշտոնների արժեզրկումը չի շրջանցել նաև երբեմնի ստատուս ունեցող, պատվաբեր «վարչապետի աշխատակազմը»: Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի հետ աշխատելու «բերկրանքն» այդտեղ աշխատող քիչ թե շատ գրագետ, ճանապարհ անցած, մասնագիտական փորձ ունեցող մասնագետների ստիպում է փախչել, ինչպես ժանտախտից:
Այսպես՝ 168.am-ի տեղեկություններով՝ 2023թ․ հունվարին աշխատանքից ազատվել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Վահե Դավթյանը, խորհրդական Նվեր Պետրոսյանը, օգնականներ Շուշաննա Կոստանյանը, Կարեն Հարությունյանը, ռեֆերենտ Հրայր Հովակիմյանը, փոխվարչապես Մհեր Գրիգորյանի խորհրդական Անետա Բաբայանը։
2023թ․ մայիսին աշխատանքից ազատվել են «վարչապետի աշխատակազմի» միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետ Արփինե Առաքելյանը, «վարչապետի աշխատակազմի» անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը, «վարչապետի աշխատակազմի» Պետաիրավական վարչության պետ Համազասպ Թորոսյանը։
2023թ․ հունիսին աշխատանքից ազատվել է «վարչապետի աշխատակազմի» տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ Կարեն Մուխսյանը։
2023թ․ հուլիսին աշխատանքից ազատվել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Գևորգ Բարսեղյանը և «վարչապետի աշխատակազմի» ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը։
Սրանք բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք են, իսկ 2023 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը լքել են աշխատակազմի վարչությունների և գրասենյակների մի քանի տասնյակ այլ աշխատակիցներ ևս։
Այս փաստերն իրապես մտահոգիչ են։ Դրանք խոսում են այն մասին, որ պետական համակարգում, նույնիսկ կենտրոնական ապարատում աշխատելը գրավիչ չէ, անձանց չի ձգում անգամ պաշտոնի հեղինակությունը և երաշխավորված բարձր աշխատավարձը։
Այս ամենը ՀՀ-ում հեղինակազրկված և իմաստազրկված հանրային ծառայության վկայությունն է։ Պետական համակարգից դուրս եկած անձանց, որոնցից շատերը պրոֆեսիոնալներ են, փոխարինում են յուրային և լոյալ, սակայն անորակ կրթություն և ցածր որակավորում ունեցող անձանցով։ Մտահոգությունները և անհանգստությունն էլ ավելի են սաստկանում կիսագրագետ, մասնագիտական կենսագրություն չունեցող նախարարների, պատգամավորների և փոխնախարարների ֆոնին (այս մասին կոնկրետ օրինակներով՝ առաջիկայում)։
Վարչապետի աշխատակազմից և առհասարակ պետական համակարգից իրապես որակյալ կադրերի արտահոսքը բոլորիս խնդիրն է, քանի որ դա, առաջին հերթին, վնասում է հենց պետությանը, որը մնայուն է, և ոչ թե՝ անցողիկ իշխանությանը։
Նիկոլ Փաշինյանը եթե իրոք մտահոգ լիներ պետության ապագայով և հասարակության բարեկեցությամբ, ապա լրջորեն կմտածեր պետական համակարգից որակյալ կադրերի գաղթը կանխելու և անորակ կրթություն ու ցածր որակավորում ունեցող պաշտոնյաներից, այդ թվում՝ նախարարներից և փոխնախարարներից ազատվելու մասին։
Բայց քանի որ նրա միակ մտահոգությունը Արցախն օր առաջ փաստաթղթային ձևակերպմամբ հանձնելն է՝ դրանից բխող բոլոր պարտավորություններով, որ ինքը տարբեր առիթներով վերցրել է, իսկ հանձնելուց հետո՝ իր պաշտոնավարումը շարունակելու, ըստ այդմ՝ անվտանգության երաշխիքներ ստանալը, Հայաստանն ու նրա պետական փլուզվող համակարգը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր չեն: