«Ռուսաստանը բացահայտեց Նիկոլի դավաճանությունը». Գագիկ Համբարյան

«Այս երեք տարվա մեջ ռուսները չհասկացան, որ եթե Արևմուտքն ուներ պլան «ա»՝ իրենց այստեղից վտարելու համար,  ուրեմն՝ կա նաև պլան «բ»: Նիկոլը չկարողացավ Արցախի հանձնումն ամբողջովին բարդել Մոսկվայի վրա և դուրս բերել 102-րդ ռազմաբազան Հայաստանից: Հիմա պլան «բ»-ի համաձայն, մերթընդմերթ, Հայաստանում հրահրվում են հակառուսական տրամադրություններ. Դրա մեջ մեղավոր է նաև Մոսկվան»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նկատելով, որ Պրահայի հանդիպումից մոտ 7-8 ամիս անց նոր պաշտոնական Մոսկվան հայտարարեց, որ Բերձորի միջանցքը փակվել է ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունման պատճառով:

Հարցին՝ նույնիսկ այս պարագայում Մոսկվան կողմերին ասում է, որ խաղաղության պայմանագիրը իր հովանու ներքո ստորագրեն, սա ինչպե՞ս հասկանալ, նա պատասխանեց. «Մոսկվան տեսավ, որ իր առաջարկությունները պաշտոնական Երևանի կողմից մերժվեցին, քանի որ նոյեմբերի 9-ի ակտից հետո Մոսկվան առաջարկեց խաղաղության պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվի, արցախյան հարցն էլ թողնվի հաջորդ սերունդներին, բայց Արևմուտքն ասաց՝ ոչ, համապարփակ և նոր կապիտուլյացիայի ակտ է ստորագրվելու Հայաստանի ձեռամբ, Հայաստանը պետք է վերջնականապես նսեմացվի, կորցնի ամեն ինչ, բայց պետք է լինի խաղաղություն: Հայաստանի իշխանություններն էլ, քանի որ Արևմուտքի կողմից են բերված, համաձայնեցին այդ տարբերակին:

Հիմա  Մոսկվան ասում է՝ եկեք այդ տարբերակով մեզ մոտ ստորագրեք: Հիմա, եթե Մոսկվան փորձում է այս պրիմիտիվ և տգետ մեթոդներով պահպանել իր ռազմաբազան Հայաստանում, ապա չի լինելու նման բան: Հայաստանի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից ընդամենը երկու-երեք ամիս հետո 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքից դուրս է բերվելու, և Արևմուտքի այն ծրագիրը, որն իրագործվեց Հայաստանում 2018թ., կհասնի իր ցանկացած վերջնարդյունքին:

Ես առհասարակ չեմ հասկանում Մոսկվայի արտաքին քաղաքականությունը, չեմ հասկանում, թե ինչպես կարելի է՝ ՌԴ ԱԳՆ-ում նստած պաշտոնյաները երազեն, որ իրենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ կարող են երկարատև խաղաղություն կնքել կամ Հայաստանի հաշվին լավամարդ լինել թուրքերին: Ռուսաստանն ունի ընդամենը 1000 տարվա պատմություն և այդ 1000 տարվա պատմության մեջ Ռուսաստանն ամենաշատը՝ 14 անգամ, պատերազմել է Օսմանյան կայսրության և Թուրքիայի հետ: Հիմա, եթե մոսկովյան կաբինետներում նստած և Պուտինի շրջապատում գտնվող պրոթուրքական և պրոադրբեջանական լոբբիստական խմբերը համոզում են Պուտինին, որ կրկին, ինչպես ժամանակին բոլշևիկները, հայերի հաշվին գնա զիջումների և լավություն անի թուրքերին, կստանան նույն իրավիճակը, ինչ տեղի ունեցավ 1921թ. հայտնի Մոսկվայի և Կարսի պայմանագրերից հետո:

Կարդացեք նաև

Այդ ժամանակ թուրքերն իրենց կանաչ դրոշը դարձնելով կարմիր՝ Լենինի նման պրիմիտիվ տգետին համոզեցին, որ իրենց սոցիալիստական հեղափոխության տարածողներն են լինելու Մերձավոր Արևելքում, ստացան ահռելի օգնություն ռուսներից, վերջում թռան Արևմուտքի գիրկը՝ ի դեմ ԱՄՆ-ի, և մինչև հիմա համարվում են ԱՄՆ թիվ մեկ դաշնակիցը մեր տարածաշրջանում»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն իր պրիմիտիվ քայլերի արդյունքում հայտնվում է ծուղակում. «Ինձ համար Նիկոլ Փաշինյանը դավաճան է, և վերջ, ես համարում եմ, որ այդ անձը սպասարկում է այլ երկրների շահերը ՀՀ-ում: Ինքն ընդամենը իշխանության է բերվել՝ գլոբալ աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այդ կենտրոնները, որոնք Նիկոլին բերել են իշխանության, արհամարհած ունեն և՛ հայ ժողովրդին, և՛ հայ ժողովրդի շահերը, իրենք ավելի մեծ խնդիրներ են լուծում՝ տարածաշրջանն ազատում են ռուսական ազդեցությունից և նվիրում թուրքերին: Եթե ես իմանամ, որ ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելուց հետո, փոխարինելու են գալու ամերիկյան կամ ֆրանսիական ռազմաբազաներ, ես կասեմ, որ նորմալ է, բայց նույն Ամերիկան կամ Ֆրանսիան, բացի մեզ խաբելուց և զուգարանի թղթի մակարդակի փաստաթղթեր ընդունելուց, այլ բան առաջարկե՞լ են: Պաշտոնական Մոսկվան տեսնում է, որ Նիկոլի բոլոր քայլերը հակառուսական են:

Երբ էդ նույն ՌԴ ԱԳՆ-ն ասում է՝ Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույն ռուսական կողմը կարող է ասել՝ հարգելիներս, կանգ առեք, դուք ստորագրել եք նույն ռուսական միջնորդությամբ համաձայնագիր, որտեղ կոնկրետ Բերձորի միջանցքը ես պետք է վերահսկեմ, դուք մեկդ մյուսի տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, դա ինձ բացարձակ չի հետաքրքրում, միջանցքը պետք է անխափան գործի:

Ես չհասկացա՝ պաշտոնական Մոսկվան, որ տեսնում է՝ խախտվում է համաձայնագիրը, և այդ մասին մեզ ասում է, իսկ ՀՀ բնակչության մեծ մասն այդ մասին շատ լավ գիտի, բա իր կողմից այդ խախտումն ուղղելու ուղղությամբ տարվող քայլերի մասին ինչո՞ւ չի ասում: Այդ հակառուսական տրամադրություններն ունեն և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ: Ես Նիկոլին չեմ պաշտպանում, բայց Ռուսաստանը պետք է հասկանա, որ երբ ինքը բացահայտում է Նիկոլի դավաճանությունը, թող ասի, բա ինքն ինչո՞ւ չի հարգում իր կողմից ընդունված որոշումը: Ռուսաստանը թող ասի՝ հարգելի հայ ժողովուրդ, ձեր ղեկավարը դավաճան է, քանի որ այսպիսի բաներ է անում, բայց քանի որ ես ինձ վրա վերցրել եմ պարտականություն՝ այդ միջանցքի անխափան գործունեության համար, ես դա ապահովում եմ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս