«Պարզ ասեմ՝ պատրաստվում ենք հեռացնել Փաշինյանին… չի՛ հաջողվելու մեզ ֆուկ անել, մենք ենք իրենց ֆուկ անելու». Հայկ Դերզյան
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը երկու հարազատ եղբայրների նման են խաղում:
«Երբ Հայաստանի քաղաքացիները, հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները հայտարարում են այն մասին, որ Արցախում փաստացի սնունդ չկա, առկա է հումանիտար աղետ, Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում հայտարարում է՝ ինչպե՞ս կարող է այնտեղ սով լինել, չէ՞ որ կարող են այնտեղ բերք ունենալ, և այլն: Եթե որևէ միջազգային հարթակում հայտարարենք, որ Արցախում սով է, մարդիկ սովամահ են լինում, մենք տեսանյութերը տեսել ենք, այդ ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են մեր առաջ դնել Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ու ասել՝ մի րոպե, ձեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ այնտեղ սով լինել չի կարող: Հիմա սա Հայաստանի իշխանության հայտարարությո՞ւն է, թե՞ Ադրբեջանի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավայրից հերթական հոդվածն է գրել, այն վերնագրելով՝ «Ինչո՞ւ մենք ոչ մեկին պետք չենք». հոդվածում նա ընդգծում է, որ աշխարհ վերադառնալու բոլոր ճանապարհները տանում են դեպի վարչապետական աթոռ. «Եվ եթե մեզ իրոք դուր չի գալիս, որ աշխարհն անցնում է մեր վրայով, ապա մենք պարտավոր ենք անցնել Նիկոլ Փաշինյանի վրայով»:
Հայկ Դերզյանից հետաքրքրվեցինք՝ ընդդիմությունն ի՞նչ քայլեր է անում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, հատկապես այն պարագայում՝ երբ ըստ տարբեր սոցցահարցումների՝ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բավականին նվազել է, քաղաքացիների 90 տոկոսից ավելին էլ չի ընդունում Արցախի հարցում նրա վարած քաղաքականությունը:
«Նախ՝ Արմեն Աշոտյանին այս իշխանություններն անօրինական են բանտարկել, Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, և Նիկոլ Փաշինյանը շատ բան նրան անձամբ չի ներել: Չի ներել այն, որ Արմեն Աշոտյանն առաջինն էր, ով հրապարակել էր այն փաստաթղթի կետերը, որոնք կապված էին Արցախի հանձնման հետ: Դրանից հետո իշխանությունները կմկմալով, տարբեր տրամաչափի պաշտոնյաների միջոցով փորձում էին հերքել, սակայն, մենք արդյունքում եկանք այն իրավիճակին, երբ Արմեն Աշոտյանը ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը պարզապես ստում էր հանրությանը: Մենք հիմա ավելի ծանր վիճակում ենք, քան մեկ տարի առաջ: Սարեր չենք կարող խոստանալ, բայց բնական է, որ գլխավոր կետը Նիկոլ Փաշինյանն է, և ցանկացած իրեն ընդդիմադիր հռչակած անձ և ուժ, որը պետք է իրականացնի գործընթացներ, բայց այդ ընթացքում շրջանցի կառավարությունը, ապա դա ընդդիմություն չէ: Գլխավոր մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:
Նա է Արցախը Ադրբեջանի մաս համարում, նա է շարունակում տապալել բանակցությունները՝ հօգուտ Ադրբեջանի, նրա օրոք ենք մենք ունեցել հազարավոր զոհեր, նրա օրոք ենք տեսնում, թե որքան անպիտան է այսօրվա պետական կառավարման համակարգը, և գլխավոր թիրախը նա է: Այսօր շատ են հնչում այն կարծիքները, թե ընդդիմությունն ինչո՞ւ հիմա բան չի անում: Եկեք՝ պարզ բան հասկանանք. Այս պահին կարող ենք հայտարարել, որ երեկոյան ժամը 7-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, մենք դա կարող ենք ամեն օր անել, մարդիկ գան, հետո ասենք՝ զուտ պատմության համար գալըչկա ենք դնում, որ ինչ-որ բան արեցինք: Այո, նախորդ երկու շարժումներով մենք չենք հասել մեր վերջնական կետին: Մենք ունենք մեկ հնարավորություն:
Մի փոքր փակագծերը բացելով՝ բացատրեմ. Նիկոլ Փաշինյանը հենց այս պահին էլ կարող է ստորագրել խաղաղության պայմանագրի փաստաթուղթը: Բայց կա մի պարզ իրողություն. Երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստորագրում է փաստաթուղթ, այն պետք է վավերացվի, առանց վավերացման այն առոչինչ է: Պայմանական, այն ունի երկու շաբաթ վավերացվելու ՍԴ-ում, երկու շաբաթ՝ ԱԺ-ում: Շատ պարզ ասեմ՝ մենք պատրաստվում ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն»:
Հարցին՝ այսինքն՝ սպասում եք, որ Փաշինյանը խաղաղության պայմանագիրը ստորագրի, նոր փողոց դուրս գա՞ք, նա պատասխանեց. «Փաստաթուղթը հիմա էլ կարող է նա ստորագրել, խնդիրն այստեղ սպասելը չէ, այլ պատրաստվելը: Մեր նպատակը Փաշինյանին հեռացնելն է: Մենք դրան պատրաստվում ենք: Մենք վստահ ենք, որ հաջողելու ենք:
Ժամկետներ չեմ կարող ասել, պայմանական դա կարող է տեղի ունենալ մեկ ամսից, երկու ամսից, բայց ինչ-որ օդից բան անելն ամենասխալ բանն է: Իսկ այն ուժերը, ովքեր նպատակ են դրել գործող ընդդիմությանը սևացնել, այս դեպքում՝ Հանրապետականին, ու միգուցե վաղը-մյուս օրը դրսից բերած ինչ-որ մեկի կողքին կանգնել, մեզ էլ մեջտեղից, ժողովրդի լեզվով ասած, ֆուկ անել, շատ պարզ բան եմ ասում՝ մենք ենք իրենց ֆուկ անելու, դա ոչ մեկին չի հաջողվի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում