Վիճակն ահավոր է. Ասկերանում 50-ից ավելի հղի կանայք չեն կարողանում այցելել բժշկի. Համլետ Ապրեսյան
Այսօր Արցախի շրջափակման 235-րդ օրն է, գրեթե ութ ամիս է՝ Ադրբեջանը տոտալ շրջափակման է ենթարկել Արցախի Հանրապետությունը՝ 120 հազար խաղաղ բնակիչներով։ Հումանիտար ճգնաժամն Արցախում աստիճանաբար խորանում է, իսկ Ադրբեջանը պարզապես արհամարհում է միջազգային տարբեր կառույցների հորդորները, այդ թվում՝ Հաագայի միջազգային դատարանի երկու որոշումները՝ Արցախի կյանքի ճանապարհը՝ Բերձորի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ։
Այս ամենին զուգահեռ՝ Ադրբեջանը պարբերաբար կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, Հակարիի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետից էլ առևանգում է տղամարդկանց, նրանցից մեկը 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն է, ով Կարմիր խաչի ուղեկցությամբ գալիս էր Երևան՝ սրտի անհետաձգելի վիրահատության ենթարկվելու։
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ իրավիճակն օրեցօր վատթարանում է։
«Դժվար է, վիճակն ահավոր է, հատկապես դժվար իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ բուժման կարիք ունեցող մարդիկ հնարավորություններ չունեն այցելելու բժշկի։ Ամեն ինչ գտնվում է պարալիզացված վիճակում, դեղորայք դեռևս ունենք, բայց դա էլ անսահմանափակ չէ, կարծում եմ՝ կարճ ժամանակահատվածում նաև դեղորայքի խնդիր ենք ունենալու։
Ասկերանի շրջանում ունենք 50-ից ավելի հղի կանայք, որոնք բժշկի պարբերական այցելության խնդիր ունեն, դիզվառելիք չունենալու պատճառով չեն կարողանում օգտվել առողջապահական ծառայությունից՝ հղիության նորմալ ընթացք ապահովելու համար»,- նշեց Համլետ Ապրեսյանը։
Ինչ վերաբերում է Ակնայի ճանապարհին, որն այս պահին, ինչպես ադրբեջանական մամուլն էր գրել՝ վերանորոգում են դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը, Համլետ Ապրեսյանն ասաց, որ Ակնա-Ասկերան ճանապարհը միշտ փակ է եղել, այս պահին էլ է փակ։
«Տարբեր գերատեսչությունների կողմից կա համապատասխան կետեր, վերջին երկու օրերի ընթացքում Ակնայից որևէ շարժ չի եղել դեպի մեր կողմ։ Իսկ իրենց ներսում աշխատանքներ միշտ էլ եղել են»,- եզրափակեց Համլետ Ապրեսյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական շրջափակման պայմաններում արդեն մանկահասակ երեխաներ են մահացել, հղի կինը կորցրել է երեխային։