Էրդողան-Պուտին սպասվելիք հանդիպման մութ կողմերը, ի՞նչ կոմպրոմիս կառաջարկի Էրդողանը Պուտինին
Երեկ՝ օգոստոսի 2-ին, Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները՝ երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել Պուտինի՝ Թուրքիայի այցի վերաբերյալ։ Իսկ թե կոնկրետ ե՞րբ ՌԴ նախագահը կայցելի Թուրքիա՝ չի նշվում։
Պուտինի այցը Թուրքիա ռուս-թուրքական հարաբերություններում առկա կնճռոտ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համա՞ր է, թե՞ հարաբերությունների խորացման, հնարավո՞ր է՝ նաև անդրադարձ կատարվի Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակին, ի՞նչ սպասել։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանելով այս հարցերին՝ նախ ասաց, որ պետք է հաշվի առնել այն իրողությունները, որոնք արձանագրվել են արդեն, իսկ այդ իրողություններից առաջինն այն է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը՝ նոր արտաքին գործերի նախարարի ղեկավարությամբ, սկսում է ձեռք բերել ավելի արտահայտված արևմտամետ ուղղվածություն։
«Այս ամենը ենթադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակի որոշակի իջեցում, կարծում եմ՝ սա օբյեկտիվ երևույթ է։
Երկրորդը՝ ռուս-թուրքական հարաբերություններում կարևորն այն էր, որ փաստորեն Էրդողանը խախտեց այն խոսքը, որը տվել էր Պուտինին, այն է, որ Ազովի գումարտակի հրամանատարները չեն փոխանցվի Ուկրաինային և կմնան Թուրքիայում։ Ինչո՞ւ եմ ասում, որ սա կարևոր է, որովհետև ռուս-թուրքական հարաբերություններն ունեն մեկ առանձնահատկություն, բացի այն, որ օբյեկտիվ տարբեր հանգամանքներ կան, դրա առանձնահատկությունն այն է, որ այստեղ մեծ դեր են խաղում երկու երկրների ղեկավարների անձնական հարաբերությունները։ Ըստ էության Էրդողանը փաստորեն դրժել է իր խոսքը, իսկ դա բավականին լուրջ երևույթ է Պուտինի, ռուս-թուրքական հարաբերությունների համար»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Թուրքագետը նկատեց՝ որոշ ժամանակ նկատվում էր, որ թուրքական կողմը ձգտում էր ամեն կերպ կազմակերպել Պուտինի հեռախոսազրույցն Էրդողանի հետ, նրա այցը Թուրքիա, սակայն ռուսական կողմը չէր արձագանքում՝ դրանով արտահայտելով իր դժգոհությունը։ Սակայն մյուս կողմից էլ՝ որոշ ժամանակ անցնելուց հետո եղավ եկար սպասված հեռախոսազրույցը։
«Կարծես թե ռուսական կողմն այդ որոշակի դիվանագիտական դեմարշն անելով՝ ցույց տվեց իր դժգոհությունը Թուրքիային։ Բայց հաշվի առնելով, որ օբյեկտիվորեն այդ երկու երկրները բավականին մեծ պրոյեկտներ են անում միասին, կախվածություն ունեն միմյանցից և այլն, պետք է սպասել, որ հարաբերությունները կկարգավորվեն»,- հավելեց Ռուբեն Սաֆրաստյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ կա մեկ նրբություն, որի վրա պետք է ուշադրություն դարձնել, որ նույնիսկ Էրդողան-Պուտին հեռախոսզրույցից հետո Պուտինի Թուրքիա այցի ժամկետների վերաբերյալ որևէ կոնկրետություն չկա։ Դրան զուգահեռ՝ ռուսական կողմն ասել էր, որ պարտադիր չէ Պուտին-Էրդողան հանդիպումը կայանա Թուրքիայում, այսինքն՝ Պուտինը չի ցանկանում գնալ Թուրքիա։
«Այսինքն՝ որոշակի մութ կետեր շարունակում են մնալ։ Բայց նորից եմ ասում՝ երկու երկրները բավականին խորացրել են համագործակցությունը, և չեմ կարծում, որ չի հաջողվի հաղթահարել այն, ինչ հիմա կա, երկուսն էլ կփորձեն հաղթահարել։ Այդուհանդերձ մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիան Արևմուտքի բաղկացուցիչ մաս է կազմում, Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցն է, Իսկ այսօրվա արտգործնախարարի ժամանակ այս ամենն ավելի է ընդգծվել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է սպասվող հանդիպման ժամանակ Արցախում ստեղծված իրավիճակի քննարկման հնարավորություններին, Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ այս հարցն անպայման է քննարկվելու՝ կլինի հարավային Կովկասում խաղաղության և կայունության համագործակցության դարաշրջան բացելու ընդհանուր քողի ներքո։
«Երկու փաստ եմ վերլուծել, առաջինը, որ երկու շաբաթ առաջ, երբ ադրբեջանցի լրագրողն Էրդողանին հարց տվեց Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մասին, նա պատասխանեց, որ խաղաղապահները մինչև 2025 թվականը պետք է մնան Արցախում։
Երկրորդը՝ փաստորեն երկու օր առաջ Էրդողանը Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հատուկ նշեց, որ շուտափույթ պետք է ամեն ինչ անել, որպեսզի բացեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Այս ամենից հետո ինձ մոտ տպավորություն է, որ Թուրքիան փորձում է իր վրա վերցնել նախաձեռնությունը՝ այդ «միջանցքի» հետ կապված, արագացնելու գործընթացը և Ռուսաստանին դուրս մղելու այդ բանակցություններից։ Սա Թուրքիայի համար կարևոր է, ինչպես հայտնի է, երկու հանգամանքից ելնելով՝ Ադրբեջանի հետ ավելի սերտ համագործակցելու առումով, զենք ու զորք ավելի հեշտ տեղափոխելու և այլնի համար, նաև պանթուրքիստական ծրագրերն իրականացնելու համար։ Կարծում եմ՝ փոխարենը Թուրքիան նախապատրաստում է ոչ ուղղակի առաջարկը Ռուսաստանին, որ նա չի ստիպի Ադրբեջանին, որպեսզի նախաձեռնությամբ հանդես գա խաղաղապահների՝ Արցախը լքելու դիմաց մինչև 2025 թվականը, որովհետև Ադրբեջանում նման ձայներ հնչում են։ Թուրքիայի համար այդ «միջանցքը» կարևոր նշանակություն ունի և ուզում է ամեն ինչ անել, որ դա իր հսկողությամբ լինի։ 1918 թվականի Բաթումի պայմանագրով հավելված կար, որտեղ խոսվում էր Սյունիքի երկաթգծի, «միջանցքի» մասին, այնպես որ, սա Թուրքիայի 100 տարվա ձգտումն է»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։