«Ադրբեջանը վաղն էլ Արցախում նորածին տղային կարող է ասել՝ ահաբեկիչ է». Արծվիկ Սարգսյան

Դեռևս փետրվար ամսին, երբ ադրբեջանական կողմը գրել էր, որ Բերձորի միջանցքում պետք է տեղակայվի հսկիչ-անցագրային կետ, 168.am հետ զրույցում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասել էր, որ եթե նման անցակետ տեղադրվի, ապա կրկնվելու է 90-ականների պատմությունը, երբ ՕՄՕՆ-ի հետ անձնագրային ռեժիմի պատրվակով մարդկանց բռնում-տանում էին։

Հուլիսի 29-ին Արցախից Հայաստան Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվող բուժառու Վագիֆ Խաչատրյանին Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետից ադրբեջանական կողմն ուղղակի առևանգել էր, երկու օր հետո առևանգել էր ՀՀ մեկ այլ քաղաքացու։

168.amի հետ զրույցում այսօր Արծվիկ Սարգսյանն ասաց, որ դեպքերը կրկնվում են, քանի որ Ադրբեջանը երբեք իր ձեռագիրը չի փոխել ու չի էլ փոխելու։

«Եթե հիշենք այն, ինչ Ադրբեջանն անում էր տարիներ առաջ, ապա այս ամենը սպասելի էր, ավելին՝ Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է, նա ամեն քայլի կգնա, օրինակ, այս մարդկանց գողանալը, 90-ականներին էլ նույն ձև է եղել, նույնը՝ ճանապարհ փակելու առումով։

Կարդացեք նաև

Բայց հաշվի առնելով այն, որ իրենք պայմանագիր էին կնքել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, և այստեղ էլ ռուս խաղաղապահներն են, շատ չեն խորացել, որ Արցախը կարող է հենց այս վիճակում հայտնվել»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ գոնե 90-ականներին Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունն այս վիճակում չէր, հայությունը միասնական էր, եթե միտինգներ էին լինում, ապա բոլորը դրան մասնակցում էին։

«Որևէ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է իր գյուղից, քաղաքից դուրս գա, կին, երեխա, բոլորը գյուղում են եղել, կանգնել ու հող են պաշտպանել՝ Քարինտակի հերոսական պայքարն էլ դրա վառ օրինակն է։ Այն ժամանակ, երբ Արցախում կռվում էին, գիտեին, որ Հայաստանն իր թիկունքին կանգնած է, բայց այսօր այդպես չէ, ազգին թույլ չեն տալիս՝ սև ու սպիտակի, ղարաբաղցի-հայաստանցի բաժանումներ անելով, գուցե ֆինանսավորվում են թշնամու կողմից ու նման քայքայիչ գործողություններ են իրականացնում։ Նախկինում երբ Երևան էի գալիս, ասում էին՝ ղարաբաղցի, հայաստանցի, միշտ սաստում էի, ասում էի՝ նման բան մի ասեք, սա պառակտում է։ Այսօր այդ զոմբիացված մասսան նման բաներ է ասում, քիչ է մնում ասեն՝ ղարաբաղցիներն այլ ազգություն ունեն»,- շեշտեց Արծվիկ Սարգսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանի մոտ Արցախի վերաբերյալ սցենարը չի փոխվում՝ հնարավորինս շատ մարդկանց սպանել, վտարել, վախեցնել։

«Օրինակ. 90-ականներին ադրբեջանական կողմը մտել էր Քարինտակ, անասնաֆերմայից անասուններին գողացել էր, բնակիչներից մեկն իր բանջարանոցում աշխատելիս է եղել, առևանգել էին, մինչև այժմ տեղեկություններ չկան, թե նա որտեղ է, երիտասարդ տղային սպանել էին պոպոքի ծառի վրա, երբ նա պոպոք է հավաքել, նման պատմությունները շատ են։

Իսկ արդեն 21-րդ դարում Ադրբեջանն ավելի է լկտիացել, որևէ մեկին չի ենթարկվում, իրենց վայրագությունների պատասխանը չեն ստանում, դրա համար է՛լ ավելի են լկտիանում։ Մարդուն առևանգում են ու նրա վրա բարդում են հորինված բաներ, այն աստիճանի է հասել, որ վաղն էլ Արցախում նորածին տղային կարող են ասել՝ ահաբեկիչ է»,- եզրափակեց Արծվիկ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս