Պարբերաբար փորձ է արվում վարկաբեկել լրատվադաշտն ու լրագրողի կերպարը, որովհետև Հայաստանի «ժողովրդավար» իշխանությունները տանել չեն կարողանում ընդդիմադիր լրատվամիջոցներին. Աստղիկ Ավետիսյան
Աստղիկ Ավետիսյանը գրում է. «Վերջին շրջանում լրագրողներն ու լրատվամիջոցները պարբերաբար թիրախավորվում են։ Թիրախավորվում են սուր, դժվարամարս հարցեր տալու համար։ Թիրախավորում են ընդդիմադիր լրագրող և լրատվամիջոց լինելու համար։ Պարբերաբար փորձ է արվում վարկաբեկել լրատվադաշտն ու լրագրողի կերպարը, որովհետև Հայաստանի «ժողովրդավար» իշխանությունները տանել չեն կարողանում ընդդիմադիր լրատվամիջոցներին։ Ու քանի որ հասարակությանը սևերի ու սպիտակների են բաժանել, լրատվամիջոցներին էլ՝ յուրայինների և ոչ յուրայինների։ Ում հարցերին ուզում են պատասխանում են, ում հարցերին չեն ուզում՝ վարկաբեկում։ Լրագրությունը և լրատվամիջոցները տվյալ երկրի հայելին են, արտացոլում են երկրում տիրող իրավիճակը, հարաբերություններն ու փոխհարաբերությունները, էթիկան և արարողակարգը։ Զարմանալին այն է, որ իշխանությունը գրեթե բոլոր հարթակներում իրեն ցինիկ է պահում, բայց պահանջում է, որ լրագրողները բարեպաշտ հարցեր հղեն։ ԱԺ-ում ամեն անգամ ականատես ենք լինում ցինիզմի թատրոնի, բայց լրատվամիջոցները պետք է զսպվածություն ցուցաբերեն։ Քաղաքական գործիչը, պետական և հանրային պաշտոնյան, որոշում կայացնող յուրաքանչյուր ոք պետք է հիշի, որ լրատվամիջոցները՝ անկախ իրենց պատկանելությունից, գույնից և ձևից, կարող են հնչեցնել հարցեր, իրենք պարտավոր են պատասխանել, նույնիսկ ամենացավոտ հարցերին, դա իրենց պարտքն է, որովհետև վերջիններս վարձատրվում են ՀՀ քաղաքացիների հարկերից։ Այն լրատվամիջոցը, որը զբաղվում է ամենօրյա լրատվական գործունեությամբ, նորություն ստեղծող և տարածող է, ունի լսարան, ուրեմն պետք է հաշվի նստել այդ լսարանի հետ։ Զարմանալին այն է, որ այն կառույցները, որոնք պարտավոր են պախարակել պետական պաշտոնյաների վարքագիծը, լրատվամիջոցների նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը, մշակույթի, արժեքների իսպառ վերացմանը միտված քայլերը, բանակի, զինվորի, գեներալի նկատմամբ դասալիքի ու դավաճանի պիտակավորումը, Արցախի ու Հայաստանի միջև սեպ խրելը, ատելություն գեներացնելը, հասարակությանը հիասթափության, անելանելի վիճակի հասցնելն ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը, պարբերաբար ընդդիմադիր լրագրողներին ու լրատվամիջոցներին են թիրախավորում և կեղծ օգտատերերի գրոհ կազմակերպում։ Եթե լրագրողը չի խախտում էթիկան, բարձրացնում է հարցեր, որոնք հասարակության մեծ մասին են հետաքրքրում, ապա պաշտոնյան, առավել ևս վարչապետը պարտավոր են այդ հարցերին պատասխանել և ոչ թե մանիպուլացնել ու անձնական բնույթի հարցեր տալ։ Լրագրողը կարող է անձնական բնույթի հարցեր տալ հանրային, քաղաքական գործչին, իրավունք ունի իր լսարանին հետաքրքրող հարցադրումներով հանդես գալ, ի վերջո, այս դեպքում պատասխանն էլ հետաքրքիր չէ, բայց թիրախային հարցադրումը պրոֆեսիոնալ լրագրողի վարքագծի մասին է խոսում։
Վերջին օրերի մշտադիտարկումը ցույց տվեց, որ Հայաստանում վերականգնվում է #պամֆլետի ժանրը։ Բացատրեմ, որ շատերի համար հասկանալի դառնա։
«Պամֆլետը» հունարեն բառ է՝ pamphlet-pam՝ լրիվ, ամբողջ, phlego՝ մոխրացնել։ Այն հրապարակախոսական-լրագրողական ժանր է, որը միտված է հանրային կյանքի մերժելի երևույթները, առաջընթացին խանգարող արգելքները մերկացնելուն, քննադատելուն։
Պամֆլետում երգիծանքի ձևերը զուգորդվում են հրապարակախոսությամբ և գեղարվեստականությամբ։ Այն սուր սատիրական բնույթի ստեղծագործություն է, որը կտրուկ, մերկացնող ձևով ծաղրում է քաղաքական կարգը, հանրային երևույթները, կուսակցությունների, հանրային և քաղաքական գործիչների, առաջնորդների գործունեությունը։ Եթե չար ծաղրը կրում է քաղաքական բնույթ, ապա այդպիսի ստեղծագործությունը կոչվում է պամֆլետ։
Լրագրողական այս ժանրը սկսում է զարգանալ այն երկրներում, որտեղ հասարակության և իշխանության միջև երկխոսություն չկա»։