Արմեն Գրիգորյանի պատասխան տալու ժամանակը
Այն իրավիճակը, որ այսօր տիրում է Արցախում և ՀՀ սահմաններում կամ սպասվում է Արցախին և ՀՀ-ին, 44-օրյա պատերազմի արդյունք է, ինչպես վերջերս 168.am-ի հետ զրույցում նշել էր ռազմական վերլուծաբան Արթուր Եղիազարյանը, 2020-ին տեղի ունեցածը կարծես կռվի ճանապարհով հողերի հանձնման գործընթաց էր:
«Ստեղծվեց, այսպես ասած, բնական սցենար, թե չկարողացանք պահել, որի արդյունքում ունեցանք սա: Բայց, կրկնում եմ, իմ տպավորությամբ, այդ ամենը կազմակերպված քաոս էր, որը պիտի հանգեցներ այն արդյունքին, ինչը եղավ: Եվ եթե հաշվի առնենք հետպատերազմյան որոշ գործընթացներ, այս տեսակետն ավելի է ամրապնդվում»,- շեշտել էր նա:
Այս տրամաբանության մեջ է, որ 168.am-ը ժամանակ առ ժամանակ հիշեցնում է նախապատերազմյան որոշ իրադարձություններ և իշխանությունների կողմից հնչեցված կոնկրետ հայտարարություններ, հատկապես, երբ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը շարունակում է բարձրաստիճան հյուրեր կանչել: Օրինակ, օգոստոսի 1-2-ին հանձնաժողովում լսելու են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին:
Հետաքրքիր է, որ Քննիչ հանձնաժողովում չեն նախատեսել լսել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին:
44-օրյա պատերազմից մոտ մեկ ամիս առաջ՝ 2020թ. օգոստոսի 16-ին, «Ազատությանը» տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանը ի լուր աշխարհի հայտարարել էր.
«Մենք տեսնում ենք Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների ավելի սերտացում, որը սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը։ Մենք ամբողջովին պատրաստ ենք ցանկացած սցենարի և համոզված ենք, որ մեր ուժերով, ինչպես նաև դաշնակիցների աջակցությամբ կարողանալու ենք տարածաշրջանում կայունություն ապահովել»:
Իսկ մեկ օր հետո՝ 2020-ի օգոստոսի 18-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում էլ Գրիգորյանը շեշտել էր. «Մենք ոչ միայն հակամարտություն ունենք Ադրբեջանի հետ, այլ մենք խնդիր ունենք նաև Թուրքիայի հետ, որի աջակցությունն Ադրբեջանին ամբողջովին փոխում է հակամարտության բնույթը»:
Այսինքն, ՀՀ ԱԽ քարտուղարը միանգամայն պատկերացրել է, թե պատերազմական ինչ իրավիճակի հետ կարող ենք գործ ունենալ: Ավելին, 2021-ի մարտի 12-ին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում Գրիգորյանն ասել էր, որ Ադրբեջանը դեռ 2020-ի հուլիսին պիտի Արցախի ուղղությամբ մարտական գործողություններ իրականացներ, սակայն մտափոխվել է:
«Հուլիսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը նպատակ է ունեցել միանգամից ռազմական գործողությունները տեղափոխել Արցախի շփման գիծ, բայց հետագայում հրաժարվել է այդ մտքից և այդ գործողություններին չի դիմել: Այս անգամ ինչի են կարողացել դա անել, դա հավելյալ Թուրքիայի օգնությանը դիմելն էր»,- նշել էր ԱԽ քարտուղարը:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ինքը 2020-ի նոյեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր.«Մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»:
Վերադառնանք ԱԽ քարտուղարի 2020 թվականի օգոստոսի 16-ին հնչեցրած պնդմանը, որ պատրաստ ենք ցանկացած սցենարի և նաև դաշնակիցների աջակցությամբ կարողանալու ենք տարածաշրջանում կայունություն ապահովել:
Նախ՝ ինչ մասշտաբի սցենարի մասին էր խոսում Արմեն Գրիգորյանը, հայտնի չէ, արդյոք խոսքը նրա մասին է, ինչից 2020 թվականի նոյեմբերի 20-ին Սաթիկ Սեյրանյանի հետ հարցազրույցում խոսել էր այդ ժամանակ դեռ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, որ «վարչապետին ավելի լայնածավալ պատերազմի հնարավոր սցենարներ են ներկայացվել»:
Երկրորդ՝ որտեղի՞ց Արմեն Գրիգորյանին վստահություն, որ պատերազմի ժամանակ դաշնակիցներն աջակցելու են: Այսինքն, եթե այդ ժամանակ ՀՀ-ի նկատմամբ դաշնակիցների վերաբերմունքը նման վստահության հիմք է ստեղծել, ապա ո՞ւր կորավ այն պատերազմի օրերին և դրանից հետո: Եթե դաշնակիցների հետ հարաբերությունները բավարար վստահելի չեն եղել, նշանակում է գործ ունենք մանիպուլյացիայի և ստի հետ, ընդ որում, չի բացառվում՝ մտածված: Երկու վարկածն էլ կարող են եղած լինել, եթե հաշվի առնենք ռազմական նախկին ղեկավարների որոշ հայտարարություններ:
Առաջին, հունիսի 28-ին ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, խախտելով լռությունը, արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի՝ Քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ արված որոշ հայտարարությունների:
Նա, մասնավորապես, հայտնել էր, որ 2020թ. հուլիսի 4-ին, երբ դեռ չէին սկսվել հուլիսյան մարտերը, ԶՈՒ ԳՇ-ում Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ԱԽ անդամներին, ԳՇ անձնակազմին ասել էր, որ անհրաժեշտ է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնել:
«Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ.
ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն»,- Փաշինյանին ուղղված իր պատասխան հայտարարության մեջ նշել էր ԳՇ նախկին պետը և շարունակել.
«Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:
Այսինքն, ԳՇ նախկին պետն առաջարկել է սկսել բարենպաստ դաշտ ստեղծել, որ զինված ուժերի հնարավոր գործողություններն ընկալելի լինեն միջազգային հանրության համար, նաև վերացնել զինված ուժերի գործողությունների համար առկա խոչընդոտները, կամ երաշխիքներ ստանալ դրանց բացառման համար: Բայց 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի կարողացել կանխել պատերազմը՝ ստեղծելով ճիշտ հարաբերություններ դաշնակից, հարևան և գործընկեր երկրների հետ, այլ դա չի կարողացել անել նաև պատերազմի ընթացքում:
Երկրորդ, Արմեն Գրիգորյանի՝ 2020թ. օգոստոսի 16-ի՝ դաշնակիցների աջակցության մասին հայտարարությանը նախորդել էր 2020-ի օգոստոսի 12-ին Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարը Ռուսաստանի նախագահի ուշադրությունն էր հրավիրել այն փաստի վրա, որ հուլիսի 17-ից առ այդ պահը Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության բեռների մատակարարման ինտենսիվությունն անհանգստություն և լուրջ հարցեր է առաջացնում Ադրբեջանի հանրությունում:
«Իլհամ Ալիևը նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո (նկատի ունի հուլիսյան մարտերը։- Մ.Պ. ) Ռուսաստանից Հայաստան (Ղազախստանի, Թուրքմենստանի և Իրանի օդային տարածքով) մատակարարված ռազմական նշանակության բեռների ծավալը գերազանցել է 400 տոննան, և ընդգծել է, որ իր հեռախոսազանգի հիմնական նպատակն այդ հարցը պարզաբանելն է»,- նշվում էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության համապատասխան հաղորդագրության մեջ:
Պուտին-Ալիև հեռախոսազրույցից հետո՝ 2020 օգոստոսի 22-ին, Մոսկվա էր մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որտեղ օգոստոսի 23-ին հանդիպել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
Այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չափազանց ուշագրավ հայտարարություն էր արել Մոսկվայում՝ ասելով, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցությունը (ՌՏՀ) աննախադեպ մակարդակում է, և, որ աշխարհում ոչ մի պետություն չի կարող ՌՏՀ-ի մակարդակով համեմատվել Երևանի և Մոսկվայի հետ: Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը դաշնակիցների մասին իր վստահությունը կառուցել է Դավիթ Տոնոյանի այս հայտարարությունների հիման վրա: Այդ դեպքում, կրկնում ենք, ի՞նչ փոխվեց, և հետո, երբ Տոնոյանի հայտարարություններից մեկ ամիս առաջ՝ 2020 հուլիսի 4-ին, ԳՇ պետը նշում է, որ հարևանների և դաշնակիցների հարաբերությունները պետք է կտրուկ բարելավել, իսկ հարևան Իրանին և Վրաստանին բարեկամաբար տրամադրելուն ուղղված միջոցներ ձեռնարկել։ Սա նշանակում է՝ ամեն ինչ այնքան էլ լավ չի եղել, և, որ իրավիճակն այս առումով ոչ միայն 1 ամսում չի կարգավորվել, այլ առհասարակ, եթե հաշվի առնենք, որ պատերազմի օրերին, ինչպես տարբեր առիթներով որոշ փորձագետներ և քաղաքական գործիչներ են նշել, Վրաստանի և Իրանի օդային սահմանը փակ է եղել Ռուսաստանից Հայաստան զենքի տեղափոխման համար:
Ի դեպ, «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, հայտարարել էր.
«Մենք խնդրեցինք մեր վրացի ընկերներին՝ փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին: Մենք խնդրեցինք փակել նաև ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենքի տեղափոխման համար՝ Վրաստանի տարածքով: Եվ նրանք կատարեցին նաև դա: Մենք շնորհակալ ենք նրանցից»:
Այնպես որ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս դեռ շատ հարցերի պատասխան պետք է տա, ով պատերազմից հետո տարբեր առիթներով մեղադրում էր ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին իրենց պարտականությունները չկատարելու մեջ: