«Պատերազմն անխուսափելի է. Արցախում պատրաստվում են պաշտպանության. կենաց-մահու պայքար է սպասվում». Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ապա Հայաստանը՝ որպես հայկական պետություն, հնարավոր է՝ չլինի:

«Տեղի է ունենում աշխարհակարգի փոփոխություն, ծնվում է նոր աշխարհակարգ, տարբեր ուժային կենտրոններ բախվում են և դեռ շարունակելու են բախվել, վերաբաժանելու են աշխարհը, նոր բաժանարար գծեր են գծվելու աշխարհում: Այս իրավիճակում ցանկացած պետություն, առավել ևս՝ ուժային կենտրոն, կողմնորոշվելու է իր շահերով՝ ռոմանտիզմն ու հումանիզմը մի կողմ թողնելով կամ, լավագույն դեպքում, քողարկելով իր շահերը հումանիստական լոզունգներով: Այնպես որ, ակնկալել Արցախի ճանաչում, առավել ևս՝ հիմա, մենք չենք կարող: Այլ խնդիր է, որ ստեղծված իրավիճակում պետք է հասկանանք, թե ովքեր են այն պոտենցիալ ու իրական դաշնակիցները, որոնք իքս պահի կգնան այդ քայլին: Թիվ մեկ պետությունը, որ ինչ-որ պահից սկսած այդ քայլը կկատարի, Ռուսաստանն է, հարց է, թե երբ, ենթադրում եմ, որ մինչև 2025 թվականը կամ հենց 2025-ին:

Շատ մեծ հավանականությամբ, Ռուսաստանի հետ նոր աշխարհակարգ կերտող այլ պետություններ կլինեն: Իրանը գուցե անմիջապես չճանաչի Արցախի անկախությունը, բայց հայապատկան Արցախը կենսականորեն կարևոր է Իրանի համար: Այո, գալու է մի այնպիսի պահ, երբ Արցախի սուբյեկտայնությունը ճանաչի Ռուսաստանը և ռուս-արցախյան համատեղ ուժերով Արցախը վերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Հարցին՝ իր համոզմունքն ինչո՞վ է պայմանավորված, որովհետև Լավրովն օրերս բոլորովին այլ հայտարարություն էր անում, նա պատասխանեց. «Լավրովն ընդամենը ֆիքսել է այն, ինչի շուրջ պայմանավորվել է յան ազգանունը կրող մեր ԱԳ նախարարը: Արարատ Միրզոյան կոչեցյալը համաձայնել է, որ արցախահայության ինքնորոշման իրավունքը նույն հարթության մեջ պետք է դրվի Հայաստան վերադառնալու պատրաստակամ թուրքերի իրավունքների հետ: Սա մեր պետության վերջն է»:

Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին խաղում են նախապես գծված սցենարը:

Նկատեցինք, որ դա չի խանգարում, որ Մոսկվան ընդունի այս պայմանները, ավելին՝ ասեն, որ ամեն ինչ անելու են, որ մինչև տարեվերջ հենց Մոսկվայի հովանու ներքո ստորագրվի խաղաղության պայմանագիր կոչվածը: Շատերն էլ այս իրավիճակում նշում են, որ եթե Արևմուտքի փոխարեն լինեն, կասեն՝ այո, գնացեք՝ Ռուսաստանում էլ ստորագրեք այդ պայմանագիրը, թող Հայաստանում հակառուսական տրամադրություններն ավելի խորանան:

Վերոնշյալի վերաբերյալ Դավիթ Ջամալյանն ասաց, որ վերջին տարիների ՌԴ արտաքին քաղաքականությունն ունի իր շատ վատ սպեցիֆիկան. «Ռուսաստանը փորձում է ամեն կերպ խոչընդոտել, թույլ չտալ իր դեմ ուղղված աշխարհաքաղաքական խարդավանքը: Եթե ռուսները չեն կարողանում ի սկզբանե կանխել իրենց դեմ ուղղված պրոցեսը, իրենք մտնում են այդ պրոցեսի մեջ և փորձում են դրա վեկտորը շեղել, մտնելով պրոցեսի մեջ՝ վնասազերծել հակառուսական պրոցեսը: Այդ պայմանագիր կոչվածի դրույթները ձևավորվել են Արևմուտքում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի շատ հստակ պարտադրանքի ներքո, ռուսական կողմը հիմա փորձում է պրոցեսի տերը լինել, հնարավորինս վնասազերծել պրոցեսը, բայց այստեղ կա շատ կարևոր մի հանգամանք. Ռուսական կողմն ինչ-որ պահից սկսած ընդգծելու է Արցախի՝ սուբյեկտ լինելու հանգամանքը: Բուն պայմանագրի հետ կապված՝ տեսանելի պրոցեսում հայկական շահին համապատասխանող որևէ բան ուղղակի չենք տեսնում, բայց զուգահեռաբար, մենք տեսնում ենք, որ Արցախը նախագահի, ԱԺ նախագահի, պետնախարարի և այլ գործիչների մակարդակով կտրուկ ո՛չ է ասում Ադրբեջանի կազմում լինելու հեռանկարին:

Մենք պետք է իրատես լինենք. Արցախի կտրուկ ո՛չ-ը ամեն տեսակի հակահայկական սցենարներին հնարավոր է միայն ռուսական կողմի աջակցության դեպքում: Այսինքն՝ Արցախն իր թիկունքում ունի ռուսական աջակցությունը, և հենց այդ աջակցությունն է, որ իրենց թույլ է տալիս լինել կտրուկ: Այս պահին ռուսական աջակցությունը տեսանելի չէ շատերին, շատ պարզ պատճառով, որովհետև ուկրաինական ճակատում շատ կարևոր իրադարձություններ են զարգանում, և Ռուսաստանին դեռևս ինչ-որ ժամանակ է հարկավոր՝ այնտեղ իրավիճակը բեկելու, նոր հետո այստեղ իր շահերն ավելի գործուն պաշտպանելու համար: Եթե ՀՀ դավաճանական ռեժիմը չի պաշտպանում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Արցախի իշխանությունը կտրուկ խոսելու, այն էլ այս պայմաններում, ընդամենը մեկ ռեսուրս և հիմք ունի՝ ՌԴ և Իրանի քողարկված աջակցությունը»:

Դավիթ Ջամալյանը դեմ է այն տեսակետին, որ հարկավոր է հավասարության նշան դնել Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև. «Ես այն տեսակետին եմ, որ Արցախում ով էլ լինի իշխանության ղեկին, ուզի թե չուզի, ստիպված է լինելու համագործակցել Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հետ, այլընտրանք չկա: Արցախի ընտրությունների ժամանակ ինքս մինչև վերջ պաշտպանել եմ Վիտալի Բալասանյանին, բայց անգամ ինքն էր մի առիթով ասում, որ աշխատելու է Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև Արցախում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որն ուղղակի որևէ կերպ չհարաբերվի ՀՀ իշխանությունների հետ: Արցախն անգամ հիմա կապված է Հայաստանի հետ, և հազար ու մի տեսանելի և անտեսանելի հարցեր են լուծվում: Արցախում չի կարող լինել որևէ ղեկավար, որը չհարաբերվի ՀՀ իշխանությունների հետ»:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանություններին ասում է՝ գնացեք և հարաբերվեք Ադրբեջանի հետ, նա արձագանքեց. «Արցախում ընթացող բոլոր հնարավոր պրոցեսների կուրացիան շատ վաղուց Կրեմլից է, Նիկոլ Փաշինյանի վերահսկողությունն Արցախի պրոցեսների վրա գրեթե նվազագույնին է հասած: Ամենակարևորը՝ Արցախը ոտքի է կանգնում, և անգամ այս պայմաններում Արցախի պաշտպանական իմունիտետը շատ ավելի բարձր է, քան ՀՀ-ինը: Արցախը պատրաստվում է կենաց-մահու նոր պայքարի՝ բոլոր առումներով, այստեղ ես փակագծերը չեմ կարող բացել»:

Հարցին՝ եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ո՞վ է պաշտպանելու, նա պատասխանեց. «Արցախառուսական համատեղ ուժերը. Հայաստանից կլինեն կամավորներ: Քանի Նիկոլ Փաշինյանն է իշխանության, Հայաստանն այլևս նախկինի պես պաշտոնական խողովակներով օգնություն չի տրամադրի, բայց Արցախի պաշտպանական իմունիտետը վերականգնելու առումով հսկայական գործ է արվում: Ես լավատես եմ այն առումով, որ չի կարող կործանվել հայկական Արցախը, և դրանից հետո Ռուսաստանի կամ Իրանի անվտանգային միջավայրը բարելավվել:

Եթե Արցախն ընկավ, ընկնելու է Սյունիքը, իսկ եթե Արցախն ու Սյունիքն ընկան, գոյաբանական խնդիր է առաջանալու Իրանի և Ռուսաստանի համար: Իրադարձություններն այնպես են զարգանում, որ ինչ-որ պահից Ռուսաստանը, ուզի թե չուզի, այստեղ երկրորդ ճակատի խնդիր է լուծելու: Հարցն այն է, թե երբ է այդ պրոցեսը տեղի ունենալու: Ես շատ լավ տեղյակ եմ, որ Արցախում պատրաստվում են այդ օրհասական նոր կռվին:

Բերձորի միջանցքը հենց այնպես չի բացվելու, ռազմական օպերացիայի արդյունքում է բացվելու: Ե՞րբ է լինելու, տեղյակ չեմ, բայց միայն ուժով, նոր պատերազմով մենք կկարողանանք Սյունիքն ու Արցախը պաշտպանել: Արցախում պատրաստվում են պաշտպանության: Նիկոլ Փաշինյանը բերել է մի կետի, երբ պատերազմն անխուսափելի է, պատերազմը կանխելու ժամանակը նա վաղուց վատնել է: Հարցն այն է, թե այդ պատերազմն ինչ ծավալներ է ընդունելու: Մի բան է հստակ՝ կամ պատերազմը և ըստ այդմ՝ ՌԴ համար երկրորդ ճակատը մինչև 2025թ. առնվազն անխուսափելի է լինելու:

Փաստն այն է, որ ռուսական կողմն Արցախի օրվա իշխանությունների հետ համատեղ պատրաստվում է այդ մարտահրավերն ընդունելուն, և մենք այստեղ ունենք երկու ընտրություն: Արցախի համար ես հանգիստ եմ, որովհետև արցախառուսական համատեղ ռեսուրսով հնարավոր է լուրջ հաջողություն ունենալ, բայց ՀՀ հեռանկարի հետ կապված՝ այդ լավատեսությունը հիմա չունեմ: Եթե Նիկոլ Փաշինյանով այդ պատերազմը ծավալվի, դժվարանում եմ ասել, թե մեր կորուստների ծավալն ինչպիսին կլինի, բայց Արցախում ամեն ինչ նորմալ է լինելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս