Իշխանությունը ցանկանում է, որ Դավիթ Տոնոյանը հետքայլ անի. Ինչու և ինչի դիմաց
Հուլիսի 13-ին 168.am-ը գրել էր, որ Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ուղիղ եթերով հրապարակային ելույթի մտադրությունից հետ չի կանգնել, ինչպես նաև պատրաստ է թույլատրելիության սահմաններում հրապարակային հարցուպատասխանի:
Բայց երեկվանից մամուլում լուրեր են շրջանառվում, որ պաշտպանության նախկին նախարարը մտափոխվել է և համաձայնել հարցաքննվել Քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստում:
Մասնավորապես, «Ազատությանը» իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասել էր, որ Դավիթ Տոնոյանին փակ նիստում են հարցեր ուղղելու:
Հիշեցմանը, որ Պաշտպանության նախկին նախարարը բաց ձևաչափով անցկացնելու պայման էր դրել, արդյոք ինքը տեղյակ և համաձա՞յն է դռնփակ ֆորմատին, Խաչատրյանը պատասխանել էր. «Այո՛, ինքը ֆորմատին տեղյակ է, համաձայն է»։
Այսօր Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշված էր՝ ՔՊ-ական պատգամավորի կողմից ներկայացված տեղեկությունն ակնհայտ կեղծիք է։
«Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ Դավիթ Տոնոյանը ևս մեկ անգամ պնդում է հրապարակային նիստի անցկացման իր պահանջը, կարևորում է դրան ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությունը և չի բացառում, բացի հրապարակային և լուսաբանվող ձևաչափից, նաև փակ քննարկման հնարավորությունը և անհրաժեշտությունը։
Միաժամանակ, Դավիթ Տոնոյանն առաջարկում է զանգվածային լրատվության միջոցներին օգտվել ընձեռված հնարավորությունից և քննիչ հանձնաժողովի անդամների միջոցով իրեն ուղղել իրենց և հանրությանը հետաքրքրող հարցերը»:
Այսինքն, ՀՀ պաշտպանության նախկին նախարարն առաջարկում է իր դեպքում կիրառել նույն պրակտիկան, ինչ Նիկոլ Փաշինյանի դեպքում էր:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հրապարակային ելույթ էր ունեցել, իսկ հունիսի 27-ին բաց և փակ ձևաչափով հարցուպատասխանին մասնակցել:
Փաշինյանը և Քննիչ հանձնաժողովը մերժել էին ապրիլի 25-ին՝ հրթիռների գործով անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը՝ իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին:
Իր այս առաջարկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հաստատել էր նաև մայիսի 29-ին տարածած հայտարարությամբ:
Փաշինյանի հետ հրապարակային մասնակցության իր առաջարկի մերժումից հետո, ամեն դեպքում, Տոնոյանը որոշեց գնալ Քննիչ հանձնաժողով:
«Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը և դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաև հանրային պահանջը»,- ասել էր նա՝ հայտնելով, որ Հակակոռուպցիոն դատարան միջնորդություն են ներկայացրել՝ թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր:
Հուլիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դավիթ Տոնոյանի՝ հուլիսի 4-ին ներկայացրած միջնորդությունը:
Դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ առավոտյան ժամը 9:30-ից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը, Դավիթ Տոնոյանի մեկնումը մինչև ԱԺ հսկիչ-անցագրային կետ, ապա ԱԺ հսկիչ-անցագրային կետից մինչև ՔԿՀ իրականացնել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմի 1 ներկայացուցչի ուղեկցությամբ` առանց ձեռնաշղթաների:
Քննիչ հանձնաժողովի նիստերին Դավիթ Տոնոյանի մասնակցությունը նախատեսված է սույն թվականի օգոստոսի 1-ին և 2-ին։
Հաշվի առնելով հանգամանքը, որ ինքը լրատվամիջոցների հետ շփման հնարավորություն չունի, և իշխանությունները չեն վերացնում այդ սահմանափակումը, Պաշտպանության նախկին նախարարը պատրաստակամություն է հայտնել միջնորդավորված, բայց հրապարակային պատասխանել նաև 44-օրյա պատերազմին առնչվող լրագրողների հարցերին: Իհարկե, եթե իշխանությունը թույլատրելի սահմանում հրապարակային ելույթի և հարցուպատասխանի հնարավորություն տա Տոնոյանին, և ցանկանա, որ իշխանության համար անցանկալի և առանցքային հարցերը բացեիբաց հնչեցվեն, եթե անգամ դրանց պատասխանները կարող են փակ ռեժիմ պահանջել:
Եթե սա տեղի չունենա, նշանակում է՝ իշխանությունները խոստում են դրժում՝ հաշվի առնելով, որ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ին ասել էր՝ «եթե Դավիթ Տոնոյանը ցանկանա՝ կլինի նաև ուղիղ հեռարձակում»:
Հաշվի առնելով իշխանական շրջանակներից Տոնոյանի՝ Քննիչ հանձնաժողովում դռնփակ հարցաքննվելու մասին տեղեկությունների շրջանառումը, կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանություններն արդեն իրենց որոշումը կայացրել են՝ նախկին նախարարին լսելու են փակ դռների ետևում: Դե, հետո էլ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ճեպազրույց կտա և Տոնոյանի խոսքից իրեն հարմար հատվածները կներկայացնի: Եվ հաշվի առնելով Դավիթ Տոնոյանի նկատմամբ նրա վերաբերմունքը, ունեցած հարաբերությունները, դժվար չէ կռահել, թե ինչ մթնոլորտ է ստեղծվելու նախկին նախարարի շուրջ: Ընդ որում, Քոչարյանը դա կարող է անել Տոնոյանի մասին բացառապես դրական արտահայտվելով, ինչը շատ ավելի վնաս կարող է հասցնել, քան, եթե նա ոչ դրական արտահայտվի:
Սա նշանակում է, որ Տոնոյանը պետք է աչքի տակ ունենա նաև վատ սցենարի հավանականությունը, պատրաստ լինի դրան և չվախենա ճշմարտությունը ներկայացնել: Իսկ իր խոսքերի աղավաղումների և խեղաթյուրումների դեպքում էլ հայտարարությամբ արձագանքել դրանց, ոչ թե հերքելով, այլ որոշ առումով «նախահարձակ» տեղեկություններ հրապարակելով:
Չմոռանանք, որ մայիսի 29-ին տարածված հայտարարության մեջ Դավիթ Տոնոյանը, երբ Փաշինյանին հրավիրում էր բաց համատեղ հարցաքննության, նշել էր, որ այս պայմանի նպատակը մեկն է, որ հետագայում փաստերը որևէ մեկի կողմից չխեղաթյուրվեն և չաղավաղվեն:
Իսկ դրանից առաջ՝ ապրիլի 25-ի հայտարարության մեջ Տոնոյանը նշել էր, որ «ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ և Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները, որոնց մասամբ արձագանքել էր Պաշտպանության նախարարությունը` 2020թ․ նոյեմբերի 17-ին և 2020թ․ նոյեմբերի 19-ին»:
Մասնավորապես, 2020-ի նոյեմբերի 16-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում տարօրինակ էր համարել, որ Դավիթ Տոնոյանը հրաժարական չի տալիս:
«Պարզ հարց եմ տալու՝ էդ ՍՈւ-30-ներն ինչո՞ւ չթռան։ Ես Տոնոյանին պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, Դուք նկարահանվում էիք, նստում էիք։ Պետք է հարցնեմ՝ պարոն Տոնոյան, երբ դուք 2016 թվականի ապրիլի 12-ին «Ազատության» հարցին, որ հակառակորդն օգտագործել է անօդաչու, Դուք ասում եք՝ անօդաչուն թանկ է, մենք գրանատամյոտով կխփենք։ Դա նշանակում է, որ նախարարի այն ժամանակվա առաջին տեղակալը չի տիրապետում այն վտանգներին, որ կարող էին օդից իրականացվել»,- շարունակել էր նա՝ մոռանալով, որ ՍՈՒ-երի մոտ առաջին հերթին հենց Փաշինյանն էր ֆոտոսեսիաներ անում:
Իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, երբ հայտնի էր, որ Տոնոյանը հեռանում է պաշտպանության նախարարի պաշտոնից, Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել էր՝ «Դավիթ Տոնոյանը պետք է ինքը հրաժարական տար, և ոչ թե սպասեր, որ իրեն հեռացնեն»:
Իսկ Տոնոյանը նշել էր, որ իր պաշտոնավարումը դադարեցնում է, որովհետև «ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման»:
Այնպես չի, որ Անդրանիկ Քոչարյանի վերաբերմունքը Տոնոյանի նկատմամբ այսպիսին դարձել է պատերազմից հետո, ասում են, որ ի սկզբանե նրա սրտով չի եղել Դավիթ Տոնոյանի նշանակումը:
Ի դեպ, այս տարվա ապրիլին 168.am-ի հարցերին ի պատասխան՝ Դավիթ Տոնոյանն ասել էր.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը ղեկավարելու Նիկոլ Փաշինյանի առաջարկի ընդունումն իմ կողմից եղել է հաստատակամ որոշում, որը կայացրել եմ տասնամյակների պետական ծառայության ընթացքում ձևավորված պարտքի զգացումի թելադրանքով, ինչպես նաև` բազմաթիվ ընկերներիս և ՀՀ զինված ուժերի զարգացման համար մտահոգ գործընկերների քաջալերման արդյունքում: Այդ որոշումը կայացնելիս քաջ գիտակցել եմ, որ «քաղաքական թիմի» անդամ երբեք չեմ լինի՝ հաշվի առնելով իմ հոգեկերտվածքը և անցած ճանապարհը»: Այնուհետև Տոնոյանը շարունակել էր, թե ավելի ուշ հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին անհրաժեշտ էր «անցումային» պաշտպանության նախարար:
Ինչևէ, մի քանի օրից Դավիթ Տոնոյանը կգնա Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Քննիչ հանձնաժողով հարցաքննության, սպասենք զարգացումներին: