«Ձեր բեռներն Աղդամով տեղափոխեք Եվրոպա». Դավիթ Բաբայան
Հուլիսի 26-ին տարբեր հարթակներով հայտարարվեց, որ ՀՀ կառավարությունը մոտ 400 տոննա բեռ է ուղարկել Արցախի Հանրապետություն, որպեսզի Լաչինի միջանցքում 19 բեռանատարներին դիմավորի ռուս խաղաղապահ զորախումբը և բեռն ուղեկցի Ստեփանակերտ։ Դրա մասին այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ մեկ առ մեկ թվարկելով, թե ինչ ապրանքներ են տալիս արցախահայությանը։
Սակայն 19 բեռնատարները մինչև այս պահը շարունակում են մնալ Հակարիի կամրջի մոտ, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի դրանք մտնեն Ստեփանակերտ։
Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևն էլ երեկ հայտարարել էր, որ՝ «ինչպես պայմանավորվել են Բրյուսելում, Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը լիովին պատրաստ է բոլոր տեսակի բեռների փոխադրման համար»։
Արդյո՞ք Արցախի Հանրապետություն հումանիտար բեռ տեղափոխելու համար ՀՀ կառավարության ղեկավարը հստակ երաշխիքներ չպետք է ստանար ռուս խաղաղապահներից, որ այդ բեռը կհասնի Ստեփանակերտ, և արդյո՞ք սա քայլ չէ, որպեսզի օգտագործվի Աղդամի ճանապարահը՝ բեռները տեղափոխելու համար։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց՝ հստակ պատասխանելու համար պետք է լինեն տվյալներ, որն առաջին հերթին պետք է պարզաբանի Երևանը, որպեսզի հստակ իմանան՝ եղել՞ են նախապես պայմանավորվածություններ և է՞լ ինչ է եղել։
«Այդ բեռների մոտ դեսպաններ են գնացել, կանգնել, նայել, եթե եղել են պայմանավորվածություններ, ապա այս ամենն այլ բան է, եթե չեն եղել պայմանավորվածություններ, արդեն սա բոլորովին այլ բան է նշանակում։ Բայց ընդհանուր առմամբ մի օր ամեն ինչ պարզվելու է։
Խնդիրն այն է, որ այս գործողությունը, իրադարձությունը խոսում է շատ բաների մասին, առաջին հերթին ցույց է տալիս, թե Ադրբեջանն ինչպիսի քաղաքականություն է վարում և ինչպիսի տրամադրվածություն ունի արցախահայության նկատմամբ։ Հիմա որոշ մարդիկ փորձում են մեզ խցկել Ադրբեջանի կազմ, եթե նա նույնիսկ հումանիտար բեռը թույլ չի տալիս մտնել Արցախ, երբ դեսպանները կանգնած են, սելֆիներ են անում, խոսում են, շոուներով և այնլ, այդ ամենը նրա վրա չի ազդում։ Հիմա այս պարագայում ի՞նչ երաշխիքներ կան, որ Արցախը չի ենթարկվելու ցեղասպանության, ո՛չ մի երաշխիք։ Հետևաբար՝ մեր այն մոտեցումը, որ դեմ ենք կապիտուլյացիայի ու Արցախը համակենտրոնացման ճամբարի վերածելուն՝ անհիմն չէ, կապրիզ չէ, սա իրականությունն է։ Մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը, ինչն Ադրբեջանի կազմում հնարավոր չէ»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ եթե այժմ շահարկվում է Աղդամի ճանապարհը, ի՞նչն է պատճառը, որ ասում են՝ պետք է բեռները Աղդամով հասնի Ստեփանակերտ։
Դ. Բաբայանի բնորոշմամբ, սրանով ոչ թե Արցախին ու արցախահայությանը լավություն են անում, այլ ցանկանում են դրանով ամբողջովին խեղդել Արցախը։
«Առանց այդ էլ Բերձորի միջանցքը շատ է պախարակվել, որը նոյեմբերի 9-ի չարաբաստիկ պայմանագրով պետք է այդ պահին բոլորովին այլ կարգավիճակ ունենար, որտեղ Ադրբեջանն իրավունք չուներ մուտք գործել։ Սրանով մեզ ոչ թե լավություն են անում, այլ վատություն։ Եթե սա են ցանկանում, որ Արցախը խեղդամահ անեն և բեռը Աղդամով տեղափոխեն, ապա դրանից հետո Բերձորի միջանցքն առհասարակ չի բացվելու։
Արցախահայությունը՝ 100 տոկոսը անընդունելի է համարում Աղդամով բեռների տեղափոխումը։ Ձեր բեռներն Աղդամով տեղափոխեք Եվրոպա»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։