2020 թվականին գրեթե հրաշքով փրկել ենք պետությունը. այսօր էլ նույն վիճակն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այս իրավիճակում էսկալացիան որևէ տրամաբանությամբ օգտակար լինել չի կարող, իսկ լավագույն ճանապարհներից մեկն այն է, որ ԼՂ-ն հստակ պատրաստակամություն հայտնի՝ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը Բաքվի հետ քննարկելուն՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։
Լրագրողների հետ հանդիպմանը նա մանրամասնեց. «Մենք անընդհատ միջազգային հանրությանն ուղերձներ ենք հղում, բայց այս պրոցեսում մի գործողություն բաց ենք թողնում՝ իսկ այդ ուղերձները միջազգային հանրությունն ինչպե՞ս է ընկալում, կամ ընկալո՞ւմ է, թե՞ ոչ»:
Նա հավելեց՝ այս ամբողջը պետք է ուշադիր վերլուծել:
Լրագրողի հստակեցմանն ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց նաև, որ ի աջակցություն Արցախի հավաքների և ցույցերի ժամանակ հնչում են շեշտադրումներ, որոնք նշանակում են Հայաստանը՝ ինչպես նախորդ 30 տարում, այնպես էլ՝ հաջորդ 30 տարիներին, պետք է ապրի կոնֆրոնտացիոն ռեժիմում:
«Մենք համաձա՞յն ենք սրան` առաջին հերթին ոչ թե ցանկության, այլ ուղղակի իրադրության գնահատման տեսանկյունից,- նշեց նա՝ նկատելով,- Որպես սեփական սխալներից դաս քաղած մարդ, պաշտոնյա՝ ասում եմ, որ եթե որևէ մեկն ասում է, որ Հայաստանը պետք է շարունակի ապրել կոնֆրոնտացիոն ռեժիմում, ինքը, ըստ էության, ՀՀ պետականությունը, ինքնիշխանությունը, պետական գոյությունը դնում է կասկածի տակ։
Սրա մասին վկայում է մեր պատմական փորձը՝ մոտ և հեռու: Եկեք արձանագրենք, որ մենք 2020 թվականի պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունը և պետականությունը։ Մենք էլ հարվածի տակ ենք դրել այդ պետությունն ու պետականությունը՝ ոչ թե վատ մտադրությամբ, այլ՝ ընդհակառակը, շատ լավ մտադրություններով, կամ շատ լեգիտիմ մտավախություններով։ Այսօր էլ նույն վիճակն է»:
Մանրամասները՝ տեսանյութում