«90 թվից կոտորվեցինք, որ Արցախը տանք իրե՞նց», «այս իշխանությունները պետք է գնան». ՀԱՐՑՈՒՄ

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով 120 հազար արցախահայեր կանգնել են Ցեղասպանության վտանգի առջև:

168.am-ի հետ զրույցում քաղաքացիները նշեցին՝ խնդրի լուծումը ՀՀ կառավարության դաշտում է, մինչդեռ Կառավարությունը չի գործում:

«Այսպիսի դիվանագիտություն, որը մեր կառավարությունն է վարում, ուղղակի աբսուրդ է: Բոլորին ամեն ինչ պարզ է, ով խելք ունի մտածելու, բոլորն էլ նույն կարծիքին կլինեն»,- նշեց մեր զրուցակիցներից մեկը:

Քաղաքացիներից մեկն էլ նկատեց, որ ամեն օր հուզմունքով հետևում է Արցախում տեղի ունեցող զարգացումներին, որ 30 հազար երեխաների ճակատագիրը շատ է մտահոգում իրեն, սակայն չգիտի, թե ինչ պետք է անի:

Կարդացեք նաև

«Պետք է ժողովուրդը դուրս գա փողոցներ՝ տեսնի՝ ինչ կարող է անել: Ես ամեն օր լաց եմ լինում. էնտեղ շատ վատ է, ի՞նչ պիտի լինի՝ չգիտեմ»,- հավելեց նա:

«Դժվար վիճակ է, հույս ունեմ՝ դրսի աշխարհը մի բան կկարողանա անել»,- նշեց Իրանից եկած մեր ազգակիցը:

«Մենք միշտ ունեցել ենք փորձը, որ ոչ մի երկիր մեզ համար իր արյունը չի թափել. մենք ինքներս կամ պետք է այնքան խելք ունենայինք, չհասցնեինք դրան, կամ՝ դրանից հետո խելք ունենանք: Մեր հույսով պետք է մենք ապրենք ու պայքարենք»,- վստահեցրեց մեկ ուրիշը:

Այդ կարծիքին էր նաև մեկ այլ քաղաքացի, որը շեշտեց՝ խնդիրը հայության դաշտում է, և այն պետք է լուծել ցանկացած ճանապարհով:

«Եթե մենք ասում ենք՝ ունենք պետություն, ապա պետության առաջին խնդիրն իր քաղաքացիների անվտանգության ապահովման խնդիրն է»,- շեշտեց նա:

Անդրադառնալով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու ՀՀ կառավարության տարբեր խոսափողներից հնչող պատրաստակամությանը՝ քաղաքացիները շեշտեցին, որ այդ պաշտոնյաներից որևէ մեկը հայության լիազորությունը չունի նման հարցերից խոսելու և նման հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելու:

Հիշեցնենք՝ մայիսին Բրյուսելում չորս ժամ տևած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ ընդգծելով երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29.800 և Ադրբեջանի 86.600 քառակուսի կմ-ը։ Օրեր անց Նիկոլ Փաշինյանը հաստատել էր՝ ճանաչում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կմ-ն։

«Ինչպես վերջերս հայտարարեց ՀՀ վարչապետը, մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86.600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը, սակայն այն ընկալմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմի ներքո՝ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ոչ մի դեպքում չպետք է և չի կարող սխալ մեկնաբանվել և օգտագործվել որպես Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների արտոնություն»,- ահա այսպիսի մեկ այլ վերահաստատում էլ ընդամենը երկու օր առաջ՝ հուլիսի 20-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էր արել ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս