Բաժիններ՝

Աստծու իմաստության և շրջակա միջավայրի մասին

«Ամեն ինչ իմաստությամբ ստեղծեցիր դու…» (Սղմ. 103:24):

– Հա՛յրկարո՞ղ ենք ծիծեռնակների բները քանդելԱմենուր աղտոտում են, և փայտոջիլներ են հավաքվում դրա պատճառով:

– Իսկ ինքդ կարո՞ղ ես ծիծեռնակի գեթ մեկ բույն պատրաստել: Օ՜հ, Իր մեկ խոսքով միայն ինչպիսի՜ գեղեցկություն է արարել Աստված, ինչպիսի՜ ներդաշնակություն, ինչպիսի՜ բազմազանություն: Որ կողմ էլ, որ նայես՝ ամենուր կտեսնես Աստծու իմաստությունն ու վսեմությունը: Երկնային լուսատուների՛ն նայիր, աստղերին, տե՛ս, թե ի՜նչ պարզությամբ է Նրա աստվածային Աջը դրանք շաղ տվել երկնքում: Եվ վարպետների կողմից օգտագործվող ուղղալարն ու հարթաչափն էլ չի օգտագործել: Իսկ որքա՜ն է մարդ հանգստանում աստղազարդ երկնքին նայելով, իսկ մարդկանց ստեղծած ու հավասար շարած լուսատուներից անչափ հոգնում է:

Ինչպիսի՜ ներդաշնակությամբ է Աստված ամեն ինչ ստեղծել: Իսկ հապա մարդու կողմից տնկված անտառներին նայիր. ծառերը զինվորական շարքերով են շարված, կարծես զինվորներ լինեն: Իսկ որքա՜ն ուժ է մարդուն հաղորդում իսկական և ոչ թե արհեստական անտառը: Որոշ ծառեր փոքր են, որոշներն՝ ավելի մեծ, յուրաքանչյուր ծառ նույնիսկ իր գույնով է տարբերվում մյուսից: Աստծու մի պստլիկ ծաղիկն ավելի շատ վայելչություն ունի, քան մի գրկաչափ արհեստական ծաղիկները: Դրանք միմյանցից այնքան են տարբերվում, ինչպես ուխտը՝ ուղտից (1):

Կարդացեք նաև

Աստծու ամեն ստեղծածագործություն զարմանահրաշ է: Օրինակ՝ մարդկային օրգանիզմը․ այն մի ամբողջ ձեռնարկություն է: Աստված, իմաստուն կերպով, ամեն ինչի համար իր տեղն է որոշել՝ սրտի, լյարդի, թոքերի: Եվ դա բույսերին էլ է վերաբերում: Օկուպացիայի ժամանակ (2) հինգ ստրեմմա (3) սեխ էինք տնկել ու ջրում էինք: Մի անգամ որոշեցի մաքրել սածիլները, որ ավելի լավ աճեն և արմատի մոտ գտնվող մեծ տերևները կտրեցի: Սակայն պարզվեց, որ այդ մեծ տերևները զտիչի դեր են կատարում կամ բույսի «երիկամներն» են և իրենց մեջ են հավաքում բույսի ողջ դառնությունը: Համա՜, թե սեխեր հավաքեցինք այն ժամանակ: Ուղղակի այրում էին լեզուդ…

– Ամեն բան նկատում եք, հա՛յր

– Այո՛, ամեն ինչում Աստծուն եմ գտնում: Ե՛վ բույսերի մեջ, և՛ կենդանիների, ամենուրեք: Եվ ինչպե՞ս չզարմանաս: Փոքրիկ թռչունը մինչև Աֆրիկա է հասնում, այնուհետև, առանց կողմնացույցի, հետ՝ իր բույնն է վերադառնում: Իսկ մարդիկ, քարտեզներ ու ճանապարհային ուղեցույցներ ունենալով, մոլորվում են: Եվ հաշվի առ, որ թռչունները երկնքով են ճամփորդում, այլ ոչ թե ցամաքով, այսինքն՝ իրենց հետևից նշաններ թողնել չեն կարող: Բարձունքներում են թռչում, ծովի վրայով: Դե ասա՛, խնդրեմ, այնտեղ ինչի՞ վրա նշաններ թողնեն: Եվ այնպիսի փոքր թռչուններ կան, որ արագիլների մեջքին են նստում, կարծես օդանավ նստած լինեն: Իսկական ավիաուղևորներ են: Ծովի վրայով թռչելով՝ թռչուններն ինչ-որ կղզում իջնում են ու հանգստանում:

Մի անգամ, երբ Սուրբ Խաչի խցում էի ապրում, տեսա, որ արևելքից ճնճղուկների նման ինչ-որ թռչունների երամ է մոտենում, բայց ավելի խոշոր ու գեղեցիկ: Եվ ահա չորս-հինգ թռչուն, որ հավանաբար ուժասպառ էին եղել և չէին կարող շարունակել թռիչքը, առանձնացան: Այդժամ մոտավորապես տասնհինգ թռչուն անջատվեց երամից ու հոգնած թռչունների հետ ծառին նստեց, իսկ մնացածն իրենց թռիչքը շարունակեցին: Մի քիչ հանգստանալուց հետո միասին երկինք բարձրացան ու շարունակեցին իրենց ճամփան: Եվ առաջին հերթին շատ վերև բարձրացան, որպեսզի կողմնորոշվեն ու հասնեն մյուսների հետևից: Այն հանգամանքը, որ երամը հոգնած թռչուններին չլքեց, այլ տասնհինգ ընկեր էլ հատկացրեց օգնության համար, ինձ շատ տպավորեց:

Աստված որքա՜ն գեղեցիկ է ստեղծել ամեն ինչ: Միայն կատվի ձագերին նայեք, որքա՜ն խայտաբղետ են: Իսկ ինչքա՜ն սիրուն մուշտակներ ունեն: Մենք՝ մարդիկս, պիտի նախանձենք կենդանիների հանդերձանքին: Նույնիսկ թագուհիներն այդպիսի մուշտակներ չունեն: Որ կողմ էլ նայես՝ կտեսնես Աստծու իմաստությունը: Իսկ առաջ ինչպիսի՜ բնական գեղեցկություն կար: Միայն աքաղաղին նայիր. անկախ եղանակից միշտ ծուղրուղու է կանչում: Կանգնում է մի ոտքի վրա, և երբ այն թմրում է, կանչում է. «Ծուղրուղո՜ւ, այսքան ժամ անցավ»: Հետո մյուս ոտքին է անցնում, և երբ սա էլ է թմրում՝ կրկին. «Ծուղրուղո՜ւ»: Եվ տե՛ս, կեսգիշերին էլ է կանչում, լուսադեմի երեքին ու վեցին էլ: Ամեն երեք ժամը մեկ, անփոփոխ: Եվ չէ՞ որ աքաղաղը ո՛չ զարթուցիչ ունի, ո՛չ էլ մարտկոցներ: Եվ նրան լարելու կարիք էլ չկա…

Այն ամենն, ինչ տեսնում ու լսում եք, օգտագործեք որպես Երկնայինի հետ հաղորդակցության միջոց: Ամեն ինչը ձեզ պետք է դեպի Երկինք բարձրացնի: Այդկերպ մարդն արարածից դեպի Արարիչն է բարձրանում: Լուսին թռչելով՝ ամերիկացիներն այնտեղ գոնե հետևյալ գրությամբ մի թիթեղ թողեցին. «Երկինքը պատմում է Աստծու փառքը» (Սղմ. 18:2): Ռուսներն էլ տիեզերք թռան, բայց Գագարինն ասաց, որ Աստծուն չտեսավ այնտեղ: Շատ ճիշտ է, իսկ ինչպե՞ս պիտի տեսնեիր:

Չէ՞ որ ձեռքերդ երկինք պարզած չէիր թռչում, այլ՝ ոտքերդ վեր տնկած… Դե այդ ամենից հետո էլ ասում են. «Տիեզերքը բնությունն է ստեղծել»: Ողջ տիեզերքը, պատկերացնո՞ւմ ես: Ախր, երբ մի հին մեքենա է փչանում, վարպետների ու մասնագետների մի ամբողջ խումբ է հավաքվում, որ վերանորոգի: Մտածում են, չարչարվում և ընդամենը մի հին մեքենայի համար: Իսկ Աստված ամբողջ երկրագունդն է առանց որևէ գործիքի պտտում և ո՛չ դրա մարտկոցներն են լիցքաթափվում, ո՛չ էլ շարժիչն է կանգ առնում: Ի՜նչ արագությամբ է պտտում, իսկ մարդն իսկի չի էլ զգում: Հզոր բան է: Եթե Երկիր մոլորակն ավելի դանդաղ պտտվեր, ապա մարդը գլուխկոնծի կտար: Երկրագունդն այդքան արագ է պտտվում, իսկ ծովի ջուրը դուրս չի թափվում, չնայած, որ այդքան շատ է: Եվ այդ մեծ աստղերն էլ, գլխապտույտ արագությամբ շարժվելով, միմյանց չեն բախվում ու թույլ չեն տալիս, որ մեկ այլ աստղ իրենց մոտենա: Իսկ մարդն ինչ-որ օդանավ է ստեղծում, հիանում է դրանով ու հպարտանում: Բայց բավական է միայն ուղեղը մի փոքր վնասվի, որ սկսի առանց հասկանալու հիմարություններ դուրս տալ:

1) Հունական բնագրում հիանալի բառախաղ է “διαφέρουν όσο διαφέρει και τό άυλον άπό τό νάυλον”, որ բառացիորեն նշանակում է «միմյանցից տարբերվում են այնպես, ինչպես աննյութականը պոլիէթիլենից»:

2) Խոսքը 1941-44թթ. Գերմանիայի, Իտալիայի ու Բուլղարիայի կողմից Հունաստանի օկուպացիայի մասին է:

3) Ստրեմմա – մակերեսի չափման միավոր, որ հավասար է 1000մ2:

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am 

Տեսանյութեր

Լրահոս