«ԵՄ-ն դարձել է Արցախի ադրբեջանացման քավորը. Արցախի ադրբեջանացում չի լինելու». Էդուարդ Շարմազանով
Այսօր Հանրապետական կուսակցության երիտասարդները՝ մի խումբ հանրապետականների հետ, բողոքի ակցիա իրականացրեց ՀՀ-ում ԵՄ դեսպանության առջև՝ ի աջակցություն Արցախում հայտարարված համաժողովրդական շարժման։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը դիմելով արցախահայությանը, հայ ազգին՝ հայտարարեց, որ ԵՄ դեսպանատան առջև գտնվելու պատճառները երեքն են, այնուհետև մանրամասնեց։
«Առաջինը՝ արդեն 200 օրից ավելի հայոց Արցախը գտնվում է շրջափակման մեջ, գտնվում է հումանիտար բլոկադայի շեմին, և դա իրականացվում է միջազգային հանրության և Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների անտարբերության քողի տակ։
Երկրորդ պատճառը՝ այստեղ ԵՄ գրասենյակն է, այն կառույցի գրասենյակն է, որն ունի միջազգային պարտավորություն, որն ունի պարտավորություն նաև հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի քաղաքացիների առջև, որովհետև մեր իշխանության օրոք ԵՄ-ն ստորագրել է ՀՀ համագործակցության պայմանագիր, հայտնի ՍԵՊԱ-ն, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է, որը վավերացրել են ԵՄ բոլոր երկրներն առանց բացառության։ Սակայն այսօր ԵՄ-ն փոխարենը պաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը վավերացվել է հենց իր՝ ԵՄ-ի կողմից, դարձել է Արցախի ադրբեջանացման քավորը»,- իր խոսքում նշեց Էդուարդ Շարմազանովը։
Նա մատնանշեց նաև երրորդ պատճառը՝ ընդգծելով, որ ԵՄ շենքի մոտ են, որպեսզի ասեն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Մեր կամքն անկոտրում է, այո՛, արցախահայությունը, հայությունը օրհասական պահեր է ապրում, բայց մենք չենք ծնկելու։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Արցախի քույրերին ու եղբայրներին, Արցախի ադրբեջանականացում չի լինելու։ Թող Նիկոլը, Միշելն ու Իլհամն ականջներին օղ անեն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում