Հրաժարվել վախենալ
«Մենք հրաժարվում ենք վախենալ»,- այսպիսին էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի արձագանքը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններին։
Հետագայում հենց այդ փիլիսոփայությունը, այդ՝ վախենալուց հրաժարվելու գաղափարը դրվեց ԱՄՆ-ի հակաահաբեկչական քաղաքականության հիմքում։
Խնդիրն այդ քաղաքականության արդյունավետությունը, արդարացիությունը կամ բարոյականությունը չէ, որն անցած տասնամյակներին ենթարկվել է ամենատարբեր վերլուծությունների ու գնահատականների։ Տվյալ դեպքում կարևորը հասարակությանն ու պետությանը վախի, ահաբեկչության հոգեբանությունից զերծ պահելն էր, որովհետև դարասկզբի ահաբեկչական գործողությունների նպատակներից մեկը հենց ամերիկյան հանրությանը տագնապի ու հուսահատության մատնելն էր։ Ինչ եղավ հետո, հայտնի է։
Բոլոր թերություններով, ամերիկյան քաղաքականությանը բնորոշ բոլոր երկակիություններով հանդերձ, այդ երկիրն ու հասարակությունը հաղթահարեցին գոյաբանական սպառնալիքը նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ վախին չհանձնվելու, վախենալուց հրաժարվելու շնորհիվ։
Այս օրինակը մեր իրականության հետ ունի եթե ոչ՝ ուղղակի, ապա՝ բազմաթիվ ենթատեքստային, խորքային նմանություններ։ Հայկական աշխարհը՝ Արցախն ու Հայաստանը, 2.5 տարի առաջ բախվել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի սպառնալիքին, որը Թուրքիայի աջակցությամբ՝ ստացել է նաև շատ կոնկրետ ահաբեկչական դրսևորումներ։
Մենք պարտվել ենք պատերազմում՝ ամենատարբեր օբյեկտիվ, բայց գուցե ավելի շատ սուբյեկտիվ պատճառներով։ Սակայն, անկախ պարտությունից, պատերազմում պարտվելը՝ բոլոր ողբերգական հետևանքներով հանդերձ, սարսափելի չէ, դրանով անցել են աշխարհի բազմաթիվ պետություններ ու ժողովուրդներ։
Պատերազմում պարտությունից շատ ավելի սարսափելի է վախին պարտվելը, վախին հանձնվելն ու վախենալ համաձայնելը։ Հենց դա է տեղի ունենում ավելի քան 2.5 տարի Հայաստանում, տեղի է ունենում ոչ թե ինքնաբերաբար, այլ գործող իշխանության հետևողական քաղաքականության ու քարոզչության միջոցով։ Իշխանության կողմից արցախասպան ու հայաստանակործան ցանկացած քայլի քննադատությանը, այլընտրանքային ելքերի բարձրաձայնմանն ի պատասխան՝ մերձիշխանական քարոզչական բրիգադն ամենատարբեր ձևակերպումներով տարածում է այն գաղափարը, թե ցանկացած այլընտրանք հանգեցնելու է պատերազմի, իսկ պատերազմից պետք է վախենալ և խուսափել բոլոր հնարավոր միջոցներով։ Խնդիրը, իհարկե, այն չէ, որ պատերազմից չպետք է վախենալ։ Ցանկացած խելամիտ մարդ կողմ է բոլոր թույլատրելի, արդյունավետ ու ամենակարևորը՝ արժանապատիվ միջոցներով պատերազմը կանխելու քաղաքականությանը։ Բայց մի բան է՝ արժանապատվորեն, հաշվարկված քաղաքականությամբ անել առավելագույնը՝ պատերազմից խուսափելու համար, և բոլորովին այլ իրողություն է՝ բնազդային մակարդակում վախենալ պատերազմից և հանուն դրանից խուսափելու՝ պատրաստ լինել, առանց բացառության, ամեն ինչի։
Հայաստանի գործող իշխանությունը վարում է հենց այդպիսի քաղաքականություն՝ ամեն գնով, այդ թվում՝ ազգային արժանապատվության, հեղինակության, ինքնիշխանության ոտնահարման ճանապարհով պատերազմից խուսափելու քաղաքականություն, որը, իհարկե, որևէ կերպ չի երաշխավորում, որ պատերազմ չի լինելու։
Իշխանությունը՝ իր հակապետական գործունեությունն ավարտին հասցնելու համար, ընտրել է հասարակությանը դրա հետ հաշտեցնելու ամենանողկալի ճանապարհը՝ վախի տարածումը և մարդկանց մանիպուլյացիան՝ վախի միջոցով։ Իշխանությանը հաջողվել է հասարակությանը հասցնել վախեցող ու վախեցած հոգեվիճակի, որը ուղիղ ճանապարհ է դեպի պետականության կորուստ։
Ինչպես անհատի, այնպես էլ՝ հանրության կյանքում վախն ամենավատ խորհրդատուներից և ուղեկիցներից մեկն է, որովհետև՝ հիմնվելով առավելապես բնազդների վրա, խլացնում է դատողականությունն ու բանականությունը։
Հայաստանում ներկայումս ստեղծված իրավիճակի խորքային ելքերն իրականում գտնվում են նաև այս տիրույթում, և բոլոր նրանք, ովքեր հավակնում են զբաղեցնել էլիտաների դերը, պետք է գտնեն հանրային հոգեբանության մեջ վախը հաղթահարելու միջոցները, այլապես իշխանությունը՝ կառավարելով վախը՝ հասարակությանը կհասցնի վիճակի, որում հայտնվում է նապաստակը՝ սպանդանոցի դռների առաջ։
Հայաստանը, հայ ժողովուրդը պետք է հրաժարվի վախենալ։ Դա առաջին քայլն է, որից հետո կարող է պարզվել, որ մնացած բոլոր քայլերը գտնվում են ընդհուպ տեխնիկական լուծումների մակարդակում։
Հարություն Ավետիսյան