Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելը հույսները դրել են Իրանի թուլացման վրա. Աբբաս Ջումա

Իրանի արտգործնախարարի այցն Ադրբեջան թույլ է տալիս հույս դնել Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների որոշակի կարգավորման վրա։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է միջազգայգայնագետ, լրագրող Աբբաս Ջուման։

Նախօրեին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Կողմերը քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը վերականգնելու հարցը։ Քննարկվել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։

«Իրանը կողմ է Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը շարունակելուն, հաղորդակցությունների բացմանը Հարավային Կովկասում, սակայն Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։ Հարավային Կովկասը տարանցիկ մեծ ներուժ ունի, և եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տարանցիկ կենտրոնը»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Ջուման ենթադրել է, որ Ալիևի և Աբդոլլահիանի զրույցը բավականին բարդ և կոնֆլիկտային է եղել։ Ավելին, կողմերը կրկին քննարկել են իրենց կարմիր գծերը, և ոչ ոք մտադիր չէ դրանցից հրաժարվել։ Սակայն այս այցն ու հանդիպումը ցույց են տալիս, որ կողմերը ցանկություն չունեն հարաբերությունները սրման և էլ ավելի մեծ լարվածության տանել։

«Այս զրույցից հետո Ադրբեջանը դժվար թե հրաժարվի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գաղափարից: Այս առումով լարվածությունը պահպանվում է, սակայն կողմերն արձանագրել են այս հակամարտությունը չխորացնելու ցանկություն։ Իմ կարծիքով՝ այցը լարվածությունը թուլացնելու համար էր»,- ընդգծեց նա։

Ռուս միջազգայնագետ լրագրողը հավելել է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը չափազանց զգայուն է Իրանի համար։

Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը դժվար թե փոխի իր այս կարմիր գիծը։

«Հաշվի առնելով Իսրայելի գործունեությունը Ադրբեջանի տարածքում՝ այս հարցը ավելի կարևոր է դառնում։ Թե ինչպես կլուծվի այս կոնֆլիկտային իրավիճակը, դժվար է ասել։ Հավանաբար, կողմերը կշարունակեն վիճել և կփորձեն առաջ մղել իրենց դիրքորոշումը։ Այժմ Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել եռանկյունին հույսը դնում է Իրանի թուլացման վրա»,- ասաց նա։

Ջուման նաև նշել է, որ Բաքուն, Անկարան և Թել Ավիվը հասկանում են, որ ուժեղ Իրանի պարագայում անհնար է հասնել Հայաստանի Սյունիքի մարզով միջանցքի բացմանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելն այսօր միասնական են Իրանում կայունությունը խաթարելու իրենց ցանկության մեջ, քանի որ միայն թուլացած Իրանը թույլ կտա Զանգեզուրի միջանցքի գոյությունը։

Անի Մշեցյան

Տեսանյութեր

Լրահոս