«Ի՞նչ անեմ, հաշմանդամության կարգի համար վերցնեմ ձեռնափայտն ու կաղալով գնա՞մ». 44-օրյա պատերազմի մասնակցին զրկել են հաշմանդամության կարգից

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Աշոտ Թադևոսյանը պատերազմում վիրավորվել է, ենթարկվել 4 վիրահատությունների ու դարձել 3-րդ կարգի հաշմանդամ, իսկ այսօր զրկվել է հաշմանդամության կարգից։ Նրա առողջական խնդիրները շարունակում են նույնը մնալ, սակայն հերթական զինվորական փորձաքննությունից հետո ասել են, որ հաշմանդամության որևէ կարգ այլևս չունի։

168.am հետ զրույցում Աշոտ Թադևոսյանը պատմեց, որ 2020 թվականի սեպտեմբերին 2 ամսվա ծառայող էր, ծառայել է Ջրականում, պատերազմի առաջին օրը ստացել է ողնաշարի, ոտքի վիրավորում ու ծանր կիսագիտակից վիճակում տեղափոխվել Ստեփանակերտ, վիրահատվել, այնուհետև տեղափոխվել է Երևան՝ ենթարկվելով ևս 3 վիրահատությունների։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան զորամասի վերևում անօդաչու թռչող սարք էր, հետո պայթյուն եղավ, հասկացանք, որ պատերազմ է։ Ինչ որ պարտավոր էինք անել, և օրենքով էինք պարտավոր, արել ենք։ Մի քանի վայրկյան մտածել ենք ընտանիքի մասին, կյանքի մասին ու դրանից հետո միակ մտածմունքը հայրենիքի պաշտպանությունն էր և մաքսիմալ ձևով ճիշտ կռիվ տալը։

Վիրավորում ստացել եմ սեպտեմբերի 27-ին՝ կեսօրից հետո Ջրականում։ Երկար ժամանակ մնացել եմ վիրավոր այդպես ընկած վիճակում, արյունաքամ էի լինում, բայց չէին կարողանում ներքև իջեցնել, քանի որ ահավոր մեծ հրետակոծություն էր տեղի ունենում, ռիսկային էր իջեցնելը, քանի որ հավանական էր՝ հրետակոծության տակ մնայինք։ Սպասել ենք մինչև մութն ընկնի, վերջում էլ շտապօգնության մեքենայով չեմ իջել, «Վիլիս» մեքենա կար, երկու կապիտան դրանով իջեցրել են։ Գիտակցությունս դեռ ամբողջովին չէի կորցրել, ուղղակի շատ էի սառել։ Տղաները բերեցին «բեկայի» արկղերը շարեցին կողքիս, իրենց «վեշերից» հանեցին «պլաշ-պալատկաները» ու գցեցին վրաս, որպեսզի տաքանամ։ Թեկուզ գիտակցում էի, որ ապրելու հավանականությունը քիչ է, կոպիտ ասած՝ համակերպվել էի չապրելու հետ, բայց հնարավորինս ուզում էի գիտակցությունս տեղը պահել։ Ողնաշարի, ոտքի վիրավորում եմ ստացել, սալջարդեր։ Հիմա մյուս խնդիրները գրեթե լուծվել են, անհանգստացնողը մնում են ոտքերս ու ողնաշարս»,- նշեց Աշոտ Թադևոսյանը։

Կարդացեք նաև

Վիրավորվելուց և դրան հետևած չորս վիրահատություններից հետո Աշոտ Թադևոսյանը ստացել է 3-րդ կարգի հաշմանդամություն, թեպետ հենց սկզբից չի կարողացել քայլել, հավասարակշռությունը պահել, մեծամասամբ անվասայլակի վրա է եղել։

«Այս պահին էլ մարմնումս կան մեծ թվով բեկորներ, հատկապես ողնաշարիս վրա 30-ից ավելի բեկորներ կան։ Մոտավորապես 1-2 շաբաթ առաջ ինձ զրկեցին 3-րդ խմբի հաշմանդամությունից։ Ինչո՞ւ. այս հարցի պատասխանը, արդեն որքան ժամանակ է՝ չեմ կարողանում գտնել։ Գիտե՞ք խնդիրը որն է, հիմա ես ձեռք, ոտք ունեմ, ուղղակի երևի սխալ ընկալում կա այդ հաշմանդամության կարգի վերաբերյալ, քանի որ, երբ ձեռք ու ոտք ունես, քեզ ընկալում են առանց հաշմանդամության կարգի։ Ի՞նչ անեմ, հաշմանդամության կարգի համար վերցնեմ ձեռնափայտը ու կաղալով գնա՞մ։ Բեկորները հիմնականում մտած են նյարդային հյուսվածքների մեջ, ձմռանը, երբ ցուրտ է լինում, դժվարանում եմ քայլել, հիմնականում ձեռնափայտով եմ քայլում։ Ամռանն այդ ցավերը որոշ չափով տանելի են, և ավելի հեշտ եմ կարողանում քայլել, շատ ժամանակ ձեռնափայտ էլ չեմ վերցնում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հաշմանդամության կարգի համար Աշոտը ստացել է 69 հազար դրամ հաշմանդամության թոշակ, որից այսօր զրկված է: Բայց ոչ միայն թոշակից է զրկված, այլ նաև անվճար հետազոտվելու հնարավորությունից։ Վերջերս գնացել է հետազոտություններ անցնելու, ասել է, որ հաշմանդամության կարգ չունի, և նրանից գումար են պահանջել տվյալ հետազոտությունն անցնելու համար։

«Ես վթարից չեմ վիրավորում ստացել կամ էլ այլ պատահական միջադեպի ժամանակ, ես շատ սիրում եմ իմ հայրենիքը, կյանքիցս շատ, պատրաստ եմ կրկին կյանք դնել, բայց ուզում եմ նաև գնահատված լինել։ Իմ առողջականի մասին եմ մտածում, չեմ փոշմանում, որ առողջականս այս վիճակում է հանուն հայրենիքի, ինչ-որ տեղ նույնիսկ հպարտ եմ, բայց ուզում եմ մեկ բան, որը կորցրեցի հենց հայրենիքի համար։

Ես հենց տեղում հետաքրքրվել եմ, թե ինչո՞ւ չի հասնում հաշմանդամության կարգ, բժշկուհին, որ անցկացնում էր զինվորական փորձաքննությունը, ասաց, որ՝ ունես առողջական շատ խնդիրներ, բայց հաշմանդամության կարգի չի ձգում։ Մեղմ ասած՝ մթնոլորտն էլ լավը չէր»,- ընդգծեց նա։

Աշոտի խոսքով՝ որևէ բժիշկ այս երեք տարիների ընթացքում իրեն չի ասել, որ առանց ցավի կկարողանա լիարժեք քայլել, հստակ ասել են, որ առողջական այնպիսի խնդիրներ ունի, որ հետք թողնելու է։

«Կռվից հետո, առաջին անգամ ես ինձ կիսատ զգացի, որովհետև այն ձևով, որ պատասխանում էին. շատ բաներ կան, որոնց մասին տեսախցիկի առաջ չեմ ուզում խոսել։ Այս առողջական խնդիրների պատճառով արդեն երկար ժամանակ չեմ կարողանում աշխատանք գտնել։ Ես որևէ մեկից ավել բան չեմ պահանջում, պահանջում եմ այն, որ իմ երկրի ներսում կարող եմ մտնել բուժհաստատություն ու անկախ իմ վիճակից ու կարգավիճակից՝ կարողանամ հետազոտվել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս