Փոխնախարարը պնդում է՝ ՊՆ նախկին շենքի բնակիչների խնդրին լուծումներ ունի, բայց ինքը տեղյակ չէ՝ ինչպիսի

Այսօր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Քննարկումից հետո նախագծի հիմնական զեկուցող,  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնելով նոր փոփոխությունները, նշեց, որ ներկայիս կարգավորումներով զինհիմնադրամի շահառու են համարվում այն զինծառայողները, որոնք ունեն առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն։ Երրորդ խմբին պատկանող մարդիկ զինհիմնադրամի շահառու չեն։

«Հետևաբար, երբ տեղի է ունենում վերափորձաքննություն, հնարավոր  է մեկ տարի հետո տեղի ունենա վերափորձաքննություն, հնարավոր է  ստանան նոր խումբ։ Վատթարացման դեպքում խումբն իջնի, այսինքն՝ երկրորդից՝ դառնա առաջին խումբ, և բարելավման դեպքում դառնա երրորդ խումբ։ Հիմա ունենք զինծառայողներ, որոնք երկրորդից դարձել են երրորդ, հետևաբար՝ իրենք զինհիմնադրամի շահառու լինելուց արդեն դադարել են»,- պարզաբանեց Դավիթ Խաչատրյանը։

Փոխնախարարը նաև անդրադարձավ Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչների խնդրին, որոնց ՊԵԿ-ը հանել է շենքից, և նրանք արդեն մի քանի օր է՝ գիշերում են վրաններում։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնելու է որոշակի միջամտություններ, այսինքն՝ իրենց պայմանների հետ կապված, իմ համակարգման ոլորտը չէ, շատ մանրամասների ուղղակի չեմ կարող տիրապետել։ Լուծումը մոտ օրերս կլինի։ Բայց հստակ չեմ կարող ասել, քանի որ իմ համակարգման ոլորտը չէ, խորամուխ չեմ եղել լուծումների մեջ։ Բայց գիտեմ, որ լուծումներ կան և կլինեն»,- նշեց շեշտեց Դավիթ Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս