«Եթե բնակիչները շաբաթվա մեջ երկու օր կարողանում են հասնել Ստեփանակերտ՝ նրանք Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետով չեն անցնում». Մեծ Շենի գյուղապետ
Արդեն 201-րդ օրն է՝ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ։
Հունիսի 15-ից սկսած ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս նաև ռուս խաղաղապահներին ու Կարմիր խաչի ներկայացուցիչներին հումանիտար օգնություն հասցնել Արցախ և Արցախից բուժառուներին տեղափոխել Հայաստան։ Մոտ 10 օր փակելուց հետո, Արցախի իշխանությունների և ռուս խաղաղապահների բանակցությունների արդյունքում հաջողվել է վերականգնել հումանիտար բեռների տեղափոխումն ու բուժառուներին Արցախից Երևան տեղափոխելու հնարավորությունը։
168.am-ի հետ զրույցում կրկնակի շրջափակման մեջ գտնվող Մեծ Շեն գյուղի ղեկավար Դավիթ Դավթյանն ասաց, որ մի քանի օր է՝ ռուս խաղաղապահների և Արցախի իշխանությունների վարած բանակցությունների արդյունքում Շուշիի շրջանի 6 գյուղերի բնակիչները, որոնք ունեն հրատապ հարցեր, շաբաթը երկու օր կարողանում են գնալ Ստեփանակերտ։
«Եթե մեր բնակիչները շաբաթվա մեջ երկու օր կարողանում են գյուղից հասնել Ստեփանակերտ, ապա դա չի նշանակում, որ դրանով խնդիրները լուծվել են։ Մենք շարունակում ենք պնդել, որ որևէ խնդիր դեռևս լուծված չէ, սրանով ուղղակի իրավիճակը մի քիչ բարելավվել է։
Հիմա խիստ կարիքի մեջ գտնվող անձինք երկուշաբթի և ուրբաթ օրերին գնում են Ստեփանակերտ, եթե բուժվելու խնդիր ունեն, բուժվում են, կամ եթե ինչ-որ փաստաթղթի հարց կա, լուծում ու երեկոյան վերադառնում են»,- նշեց Դավիթ Դավթյանը։
Ըստ գյուղապետի, կրկնակի շրջափակման մեջ գտնվող գյուղերի մի մասը մի օր է գնում Ստեփանակերտ, մյուս մասը՝ մեկ այլ օր։
«Մեր բնակիչները Հակարիի կամրջի վրա դրված ադրբեջանական անցակետով չեն անցնում, գնում են Շուշիի տակի ճանապարհով, որը նախորդ տարի դեկտեմբերից փակել էին ադրբեջանական «բնապահպանները», հիմա նրանց այնտեղ փոխարինել են ադրբեջանական ոստիկանները։ Մեր բնակիչներին տանող ավտոբուսի մեջ նստած է լինում մեկ ռուս խաղաղապահ, այդ հատված հասնելուց հետո անձնագրերն են ստուգում, ու անցնում են։
Իհարկե, այս ամենն անվտանգ չէ, ինչ իմանանք՝ թուրքի խելքին ինչ կփչի, ցանկացած պահի կարող է կրակել։ Թեպետ ադրբեջանական ոստիկանների հետ Շուշիի այդ հատվածում կանգնած են նաև ռուս խաղաղապահներ։ Հիմա եթե թուրքը որոշի վնաս տալ, ապա կտա, ոչ մի բան էլ անվտանգ չէ։ Մենք նոր չէ, որ ճանաչում ենք թշնամուն, բայց հուսանք՝ վատ բաներ չի լինի, մեր ժողովուրդն այս ամենին արժանի չէ։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել և անցակետ էր տեղադրել։