
Երբ որևէ մեկն ասում է, որ Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, դա ազնիվ չէ, մենք այդ մասին ԶԼՄ-ներից ենք տեղեկացել. Պրահայի հարթակը հորինել է Մակրոնը. Սերգեյ Լավրով
«Մենք պատրաստ ենք քննարկել ՌԴ գործողությունների հետ կապված բոլոր ասպեկտները: Ռուսաստանը Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները չի խախտել»,– այս մասին այսօր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում իր ելույթի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրներին ու հարաբերությունների ներկայիս վիճակին:
Լավրովն ասաց, որ հայ-ռուսական հարաբերություններում կային խնդիրներ, դժգոհություններ.
«Երբ 2022 թվականին Ջերմուկի միջադեպից հետո հայ գործընկերները որոշեցին, որ ՀԱՊԿ-ը չի իրականացրել իր պարտավորությունները, երբ չմիջամտեց այդ ռազմական բախումներին, որոնք, եթե չեմ սխալվում, շարունակվեցին երեք օր և դադարեցին, դրանից հետո այստեղ եղավ ՀԱՊԿ գագաթնաժողով՝ 2022 թվականի հոկտեմբերին:
Ջերմուկի միջադեպերի հետևանքով ՀԱՊԿ առաքելությունը գլխավոր քարտուղարի հետ այցելեց ռեգիոն, դիտարկեց, թե որքանով է հնարավոր ամրապնդել անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում, ներկայացնելով ՀԱՊԿ զինված դիտորդների տեղակայման ծրագիր, որը մենք Երևանում գագաթնաժողովի նախօրեին երկար համաձայնեցրեցինք նախարարների մակարդակով, սակայն առավոտյան, երբ հանդիպեցին երկրների ու կառավարությունների ղեկավարները, չստացվեց դա հաստատել, հայկական կողմը բավարար չհամարեց այն գնահատականները, որոնք տրված էին դրանում: Շուտով ՀՀ ղեկավարությունն Ադրբեջանի համաձայնությամբ համաձայնեց ԵՄ առաքելության տեղակայմանը»,- ասաց Լավրովը՝ շարունակելով, որ դա հայկական կողմի ընտրությունն է, և ՌԴ-ն դժգոհություններ չի ունեցել այդ առնչությամբ:
Լավրովը հիշեցրեց, որ դրանից շաբաթներ անց եղավ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը Պրահայում:
«Այդ հարթակը հորինել է Մակրոնը և հայտարարել, որ դա ԵԱՀԿ անդամներն են՝ հանած Ռուսաստանն ու Բելառուսը, այսպիսի անկեղծ դիրքորոշում, որը ցույց էր տալիս, թե ինչու է այդ համայնքը ստեղծվել: Մենք այսօր այդ հարցը քննարկել ենք: Վերջերս դրա հավաքը տեղի ունեցավ Ալբանիայում: Կարծես թե հաջորդ տարի Հայաստանն է հավակնում այն անցկացնել, մենք տվեցինք մեր գնահատականն այդ նախաձեռնությանը, հուսամ՝ այն հասկանալի է և կընդունվի հարգանքով, ինչպես մենք ենք հարգանքով վերաբերվում մեր դաշնակիցների, գործընկերների գործողություններին ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում:
Եվ երբ Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպման նպատակով հանդիպել էին, այնտեղ Հայաստանն ու Ադրբեջանը Շառլ Միշելի նախագահությամբ հավանություն տվեցին մի փաստաթղթի, որում ասվում է, որ Ղարաբաղը տարածք է, որի կարգավիճակը հստակեցված է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով, այդ հռչակագրի համաձայն՝ Ղարաբաղն Ադրբեջան է: Մենք դա ընկալեցինք՝ որպես ՀՀ ղեկավարության ինքնիշխան որոշում, թեև, երբ դադարեցնում էինք 2020 թվականի պատերազմը, նոյեմբերի 9-ին նախագահ Պուտինը նախագահ Ալիևի ու վարչապետ Փաշինյանի հետ ողջ գիշեր համաձայնեցնում էր փաստաթուղթը ռազմագործողությունները դադարեցնելու համար, որում Ղարաբաղի կարգավիճակը հետաձգված էր: Դրանում այն հստակեցված չէր, դա առանձնահատուկ խնդիր էր՝ հաշվի առնելով թեմայի սրությունը երկու ժողովուրդների, երկրների համար, կարգավիճակի հարցը թողնվել էր հետոյին՝ հետագա բանակցություններին: Բայց 2022 թվականին ՀՀ ղեկավարությունը որոշեց, որ այդ հարցը կարգավորվում է Ալմա Աթայի հռչակագրով. մենք հարգանքով ենք վերաբեվում այդ որոշմանը և այստեղ մեր կողմից չեն եղել խնդիրներ»,- նշեց Լավրովը:
Սերգեյ Լավրովն ասաց, որ դա հարցականի տակ դրեց ՌԴ խաղաղապահների ներկայության հարցը ԼՂ-ում, քանի որ 2020 թվականի պայմանավորվածություններում գրված էր, որ ԼՂ տարածքը գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության ներքո: Բայց, ըստ Լավրովի, երբ 2022 թվականին որոշեցին, որ դա Ադրբեջանի տարածք է, ՌԴ-ն հետզհետե դուրս բերեց իր խաղաղապահներին:
«Հիմա ունենք այն, ինչ ունենք: Կար չհասկացվածություն, կասկածներ, մենք պատրաստ ենք քննարկել իրավիճակի հետ կապված բոլոր ասպեկտները, մեր գործողությունների հետ կապված բոլոր ասպեկտները, մենք որևէ պարտավորություն չենք խախտել, դա եղել է ՀՀ իշխանության ինքնիշխան ընտրությունը, մենք ընդհանրապես չգիտեինք, որ Պրահայում նման պայմանավորվածություն է սպասվում: Այդ մասին իմացանք ԶԼՄ-ներից: Եվ եթե ինչ-որ մեկը՝ կամ ընդդիմությունից, կամ այլ քաղաքական շրջանակներից, փորձում է ասել, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, դա ազնիվ չէ՛, պարզապես ազնիվ չէ, քանի որ դա չի համապատասխանում փաստերին, այդ մասին մենք իմացել ենք ԶԼՄ-ներից»,- ասաց Լավրովը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում: