Մենք ուրացանք մեր եղբորը

Այսօր Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է 4 հայ կամավորական։ Սա նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին Բերձորի միջանցքի արգելափակումից հետո ամենամեծ թվով զոհեր պատճառած ռազմական միջադեպն է, որը տեղի է ունեցել Արցախի արդեն տոտալ շրջափակման պայմաններում։

Հարյուրավոր զոհերին ավելացած ևս չորս զոհերի իրականությունը հնարավոր է դարձել ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների սանձարձակության ու Հայաստանի իշխանությունների պապանձվածության, ոչ միայն մանր քաղաքականության ու գլոբալ աշխարհաքաղաքականության, այլ նաև այն պատճառով, որ Հայաստանը՝ որպես պետություն, և հայ հասարակությունը՝ որպես արցախահայության օրգանական հատված, հրաժարվել է իր մի մասից։ Հրաժարվել է՝ անտարբերությամբ ու համակերպմամբ, հրաժարվել է՝ կենցաղային խնդիրներն ու ուրախությունները ազգակիցների ճակատագրից վեր դասելով, հրաժարվել է՝ թվացյալ հեռվում գտնվող արյունակիցների դժբախտությունն իրենից օտար համարելով։

Նիկոլ Փաշինյանի, իշխանության հետ ամեն ինչ պարզ է․ նրանք իրականացնում են ծրագիր, որի մի մասն է Արցախի վերջնական հանձնումն Ադրբեջանին։ Ընդդիմության հետ կրկին ամեն ինչ պարզ է․ նրանք պայքարում են այնքան, որքան կարողանում են։ Բայց այս խնդիրը միայն քաղաքական խնդիր չէ, որ պարփակվում է իշխանություն-ընդդիմություն տիրույթում։ Արցախում տեղի ունեցողը համահայկական, համապետական ու համազգային խնդիր է, սակայն մենք՝ որպես հասարակություն, մի մասը՝ հղում անելով իշխանության դավաճանությանը, մյուս մասը՝ ընդդիմության անկարողությանը, համակերպվել ենք այն իրողության հետ, որ մեր 120 հազար հայրենակիցներ դատապարտվել են դանդաղ ոչնչացման։

Այս դեպքում հանրային մակարդակում գործում են բարդ հոգեբանական մեխանիզմներ․ սկզբում՝ շոկային ազդեցությամբ մենք արձագանքում ենք իրադարձությանը, մտահոգվում ենք, միասնականության ինչ-որ նշաններ ենք ցույց տալիս, բայց օրեր, լավագույն դեպքում՝ շաբաթներ անց համակերպվում ենք այդ իրողության  հետ ու դա դարձնում ենք մեր հարմարավետության գոտու մի մասը։

Կարդացեք նաև

Նույնը տեղի ունեցավ նաև Արցախի ու արցախահայության այս ճակատագրական խնդրի հետ։ Շրջափակմանը հաջորդած առաջին շաբաթներին մենք՝ որպես հասարակություն, ապրեցինք դրանով, փորձեցինք ցույց տալ մեր անհաշտությունը, բայց հետո վերադարձանք բնականոն կյանքի՝ անհաղորդ դառնալով մեր ազգակիցների ճակատագրին։

Լայն իմաստով, մենք՝ որպես հասարակություն, տապալեցինք Արցախի կողքին կանգնելու փորձությունը և Ադրբեջանի ֆիզիկական շրջափակմանն ավելացրեցինք անտարբերությամբ արտահայտվող հոգեբանական  շրջափակումը, որը գուցե արցախահայերի համար ավելի սարսափելի է առաջինից։ Որպես հանրություն, մենք գրեթե զրկվել ենք ապրումակցելու, էմպաթիայի ունակությունից՝ միևնույն ժամանակ՝ աշխարհից, օտարներից պահանջելով ապրումակցել մեր ազգակիցներին, որոնց իրականում առաջին հերթին լքել ենք մենք՝ Հայաստանում ապրողներս։

Այս իրավիճակին ցանկության դեպքում կարելի է տասնյակ բացատրություններ գտնել։ Բայց իրականությունը դրանից պակաս անմարդկային չի դառնա։ Եթե անգամ քաղաքական ինստիտուտներն ու համակարգերն անկարող էին կամ չէին ցանկանում ցույց տալ Արցախին մեր անվերապահ աջակցությունը, ցանկության դեպքում մենք՝ որպես հանրություն, կարող էինք գտնել դրա մեխանիզմները, որոնք ընդհանուր առմամբ պետք է հանգեին բնականոն կյանքի բոյկոտին՝ այնքան ժամանակ, քանի դեռ մեր հայրենակիցներն ապրում են անմարդկային պայմաններում։ Բայց մենք մեծ հաշվով բոյկոտեցինք արցախահայերի ճակատագրով ապրելու մեր պարտականությունը, ինչի համար վճարում են Արցախում ապրող մեր արյունակիցները։ Ցավոք, արդեն մարդկային կյանքերով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս