Մենք պիտի մոտենանք Եռաբլուրի խորհրդին, զարթոնքը Եռաբլուրով է լինելու, բայց այն ընդամենը տեղանք չէ, այլ ոգու հաղթականություն, որը մեզ պիտի առաջ տանի, փրկի կործանումից։
Լայն իմաստով, մենք՝ որպես հասարակություն, տապալեցինք Արցախի կողքին կանգնելու փորձությունը և Ադրբեջանի ֆիզիկական շրջափակմանն ավելացրեցինք անտարբերությամբ արտահայտվող հոգեբանական շրջափակումը, որը գուցե արցախահայերի համար ավելի սարսափելի է առաջինից։ Որպես հանրություն, մենք գրեթե զրկվել ենք ապրումակցելու, էմպաթիայի ունակությունից՝ միևնույն ժամանակ՝ աշխարհից, օտարներից պահանջելով ապրումակցել մեր ազգակիցներին, որոնց իրականում առաջին հերթին լքել ենք մենք՝ Հայաստանում ապրողներս։