Եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա, անխուսափելիորեն մեծ արյունահեղություն տեղի կունենար. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Լավրովը հաստատել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ՝ հունիսի 24-ի առավոտյան, առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փորձել խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը ՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված ապստամբության փորձի ֆոնին:

«Լուկաշենկոն շաբաթ առավոտյան նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է փորձել օգնել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ խուսափելու մեծ արյունահեղությունից, որն անխուսափելիորեն տեղի կունենար, եթե ապստամբների ջոկատները շարունակեին շարժվել դեպի Մոսկվա։ Պուտինն աջակցել է այս առաջարկին։ Իսկ արդյունքը գիտեք»,- ասել է Լավրովը։

Ստորև ներկայացնում ենք Լավրովի մյուս կարևոր հայտարարությունները՝

◾️Անհաջող ապստամբությունը դժվարություններ չի ստեղծի ընկերների հետ Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում:

◾️Ռուսական հատուկ ծառայություններն արդեն հետաքննում են, թե արդյոք հունիսի 24-ին ստեղծված իրավիճակում ներգրավված են եղել արևմտյան հետախուզական ծառայությունները:

◾️Մակրոնը ապստամբության հետ կապված իրավիճակում ակնհայտ հնարավորություն տեսավ Ռուսաստանի ռազմավարական պարտության սպառնալիքն իրագործելու համար:

◾️Գործընկերներից շատերը հունիսի 24-ի իրադարձությունների ֆոնին համերաշխություն են հայտնել Ռուսաստանի Դաշնությանը, սակայն ոմանք խնդրել են այդ զանգերի մասին հրապարակավ չխոսել:

◾️ԱՄՆ դեսպանը կապ է հաստատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ կապված Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

◾️ԱՄՆ դեսպանը ապստամբության հետ կապված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ զրույցում ասել է, որ դա Ռուսաստանի ներքին գործն է:

◾️ԱՄՆ դեսպանը ազդանշաններ է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին, որ Վաշինգտոնը կապ չունի ապստամբության հետ և հույս ունի, որ միջուկային զենքն անվտանգ է պահվում:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը «արդարության երթ» էր անցկացնում դեպի Մոսկվա, որը Ռուսաստանի իշխանությունները որակել էին որպես զինված ապստամբություն:Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել հունիսի 24-ի գիշերը։ Ընկերության մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։ Եվգենի Պրիգոժինը պետք է մեկնի Բելառուս: Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս