«Վիճակը վիճակ չէ՝ «շան վիճակ» է. բոլորը կարծում են, թե իրենք Էքզյուպերին, Բոնապարտն ու Մակեդոնացին են». Աշոտ Ավագյան
Հայաստանի ու Արցախի սահմաններն ու խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական կրակոցների տակ։ Ադրբեջանը մի կողմից՝ փակել է Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը, մյուս կողմից՝ կրակում է խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, Հայաստանի սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կրակոցները նույնպես ամենօրյա բնույթ են կրում։ Իսկ այս ամենին զուգահեռ՝ ՀՀ ղեկավարությունը մշտապես հայտարարում է, որ հավատարիմ է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու իրենց օրակարգին։
168.am-ի հետ զրույցում «Սիսական» ջոկատի կամավորական, նկարիչ Աշոտ Ավագյանն անդրադարձավ Հայաստանում, մասնավորապես, Սյունիքի մարզում ստեղծված անվտանգային իրավիճակին, և այդ ամենը մեկ բառով բնութագրեց՝ «շան վիճակ»։
«Դե, Սյունիքում պաշտոններ զբաղեցնողներն ինչ-որ բաներից վախենում են ու պիտի ասեն, թե ամեն ինչ նորմալ է, բայց մենք հո տեսնո՞ւմ ենք, որ ամեն ինչ նորմալ չէ։ Այսինքն՝ ոչ մի տեսակի վիճակ չկա։ Դե, բոլորն էլ հասկանում են, իրականում վիճակը վիճակ չէ, լավ, այսպես ասեմ՝ մարդկանց մի հատված կա, որոնք գիտակից են ու լավ տեսնում են ամեն ինչ։ Մարդկանց մի հատված էլ կա, որ հանգիստ նստել ու սպասում է, որ րոպե առ րոպե մի բան կատարվելու է»,-շեշտեց նա։
Ըստ նկարիչ ազատամարտիկի՝ այսօր Հայաստանում բացի գիտակից հատվածից՝ հասարակության մյուս հատվածն էլ երկու մասի է բաժանվել՝ մի մասը հալած յուղի տեղ է ընդունում ՀՀ օրվա իշխանությունների ցանկացած հայտարարություն, մի հատվածն առհասարակ անհաղորդ է տեղի ունեցող իրադարձություններին։
«Գիտակից մասսան պատկերացնում է տեղի ունեցող ողբերգության չափը, լավ հասկանում է, թե սրա վերջն ինչ կարող է լինել, գիտեն, որ սա Հայոց ցեղասպանության մի նոր էջ է լինելու։
Դե, մարդ կա՝ իր ստամոքսից այն կողմ որևէ բանի մասին չի մտածում ու չի տեսնում, ինչպե՞ս կարող է տեսնել՝ իր գլխին ինչ ողբերգություն են բերել, ու դուրս գա պայքարի, իրենց հեչ պետքն էլ չէ»,-հավելեց Աշոտ Ավագյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ մարդիկ այնքան են կտրված իրականությունից, որ խոսում են ու ասում, թե ղեկավարությունը չի պարտվել, պարտվելն իրենց համար չէ, բայց չեն ուզում տեսնել իրականությունը, որ Շուշին, Հադրութը և Արցախի մեծ հատվածն ադրբեջանական օկուպացիայի տակ է։
«Նման խոսացող մարդիկ են առաջինը փախնելու, նույնիսկ համաձայնվելու են, որպեսզի կոտորվեն, համաձանվելու են ադրբեջանցիների հետ համակեցությանը և այլն։ Իրենք են վտանգավոր։ Բայց դե, ստրուկի համար ի՞նչ տարբերություն՝ իր տերը հա՞յ է, թե՞ թուրք, նա ստրուկ է, հետևաբար՝ իրեն պետք չէ, թե իր տերն ով է»,-շեշտեց Ա. Ավագյանը։
Ըստ նրա, եթե այսօր գիտակից մարդիկ ոտքի կանգնեն, ու անտաբեր մարդիկ այդ ամենը տեսնեն ու հասկանան, որ ուժ կա, աստիճանաբար կանգնելու են այդ գիտակից մարդկանց կողքին, և տեղի կունենա իսկական համախմբում։
«Պետք է ուժ լինի, համախմբման համար պետք է ինչ-որ գործողություն անեն, առանց այդ գործողության, բոլորդ էլ տեսնում եք՝ ինչ վիճակ է։ Բոլորը, չգիտես ինչու, ամբիցիաներ ունեն, բոլորը կարծում են, թե իրենք Էքզյուպերին են, Բոնապարտն ու Մակեդոնացին են։ Եթե որևէ մեկը դուրս գա ու ինչ-որ գործողություն իրականացնի, այդ ժամանակ ամեն ինչ լավ է լինելու։ Հենց այդ ընթացքում էլ ծնվելու է այդ լիդերը։ Շանսեր կան, ուղղակի գործուն քայլեր են պետք։ Առհասարակ, եթե համաշխարհային պատմության մեջ նայում եք, այլ տարբերակ չկա,5-10 հոգին գնում են ինքնազոհողության, ու երբ կողքի մարդը դա տեսնում է, միանում է փրկության պայքարին»,-եզրափակեց Աշոտ Ավագյանը։