Հայաստանի արտահանման ներուժը խթանող մեխանիզմների մշակումը խորքային ազդեցություն կարող է ունենալ ռազմավարության ստեղծման վրա. փոխնախարար

«Հայաստանի արտահանման ներուժի բացահայտման և արտահանմանը խթանող մեխանիզմների մշակման» ծրագրի ամփոփման ընթացքում ներկայացվեց Հայաստանի լոգիստիկ երթուղիների վերլուծությունը՝ մասնավորապես բեռների արտահանման (օդային, երկաթուղային, բեռնատար, ծովային) ծախսերի գնահատում՝ ըստ նշված ապրանքների կատեգորիաների և ներմուծումների:

Ծրագիրը համատեղ համակարգում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդգծեց, որ այն հետազոտական աշխատանքները, որոնք իրականացվել են նախորդ մի քանի ամիսների ընթացքում, բավականին խորքային ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի արտահանման խթանման ծրագրերի ռազմավարության մոտեցումների և մշակման վրա:

«Պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ներկայումս մենք գտնվում ենք մի փուլում, որի ընթացքում բավական մեծ ու զգալի ազդեցություններ են կրում միջազգային արժեշղթաները, արտահանման ուղիները, լոգիստիկ շղթաները: Այդ ամենի ազդեցությունն ակնհայտ է նաև հայկական տնտեսության վրա:

Նախորդ տարի մեր արտահանման ու ներմուծման թվերի զգալի աճ ենք ունեցել, իսկ այս տարի նկատում ենք, որ այդ աճը շարունակվում է: Եվ այս հետազոտությունը և մի քանի այլ հետազոտություններ, որոնք արվում են այլ փորձագիտական խմբերի կողմից, ուղղված են հենց նրան, թե արդյո՞ք մենք կարող ենք կայուն պահել այն զարգացումները, որն ունենք, և արդյո՞ք մեր խորքային տնտեսական քաղաքականությունն ու առևտրային քաղաքականությունը նպաստում է այդ զարգացումների կայունացմանը»,-ասաց նախարարի տեղակալը;

Բրիտանական դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսն ընդգծեց, որ հաշվի առնելով տնտեսական և աշխարհաքաղաքական անկայունությունն ամբողջ աշխարհում, պետք է նշել, որ ամենակարևոր ոլորտներից մեկը՝ լոգիստիկ ճանապարհներն այսօր ևս անցնում են բարդ ժամանակաշրջան:

«Եվ ելնելով այս ստեղծված իրավիճակից, իհարկե, շատ կարևոր են նախաձեռնությունները, որոնք կօգնեն մեզ միջսահմանային առևտուրը խթանել և զարգացնել լոգիստիկ ճանապարհները: Այն թույլ կտա երկրներին վերապրել հզոր տնտեսական վերականգնում: Այսօր Հայաստանը մեծապես կախված է մատակարարման շղթաների կայունությունից, և իհարկե, առաջնային խնդիրներից մեկն էլ կրճատելն է լոգիստիկ ծախսերն ու ռիսկերը»,- ասաց նա:

Ծրագրի ղեկավար, փորձագետ Դավիթ Մանուկյանն ընդգծեց, որ ծրագիրը միտված է եղել Հայաստանի արտահանման ներուժի բացահայտմանը և համապատասխան աջակցության մեխանիզմների մշակմանը, որոնք կխրախուսեն աճի ներուժ ունեցող ապրանքների արտահանմանը և կնպաստեն երկրի տնտեսական աճին։ Ծրագրի իրականացումը ներառում էր մի քանի փուլ՝ ոլորտային ուսումնասիրություն, տվյալների վերլուծություն և համապատասխան պետական աջակցման մեխանիզմների մշակում։

«Այսօր ներկայացրինք ծրագրի արդյունքները՝ Հայաստանում արտադրված արտահանման մեծ ներուժ ունեցող քարտեզագրված ապրանքների ցանկը, որոնց արտահանումը դեռևս լիովին իրացված չէ՝ նպատակային շուկաներ հասցնելու տրանսպորտային բարձր ծախսերի պատճառով»,-ասաց Դավիթ Մանուկյանը:

Ծրագրի ղեկավարը նշեց, որ տնտեսական մոդելավորմամբ փորձել են հասկանալ, թե ինչ ազդեցություն կլինի էքսպորտի և ՀՆԱ-ի աճի վրա առաջարկվող մեխանիզմները ներդնելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս